կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-30 16:36
Քաղաքական

Լրացուցիչ ժամկետ՝ մի քանի գրություն տպելու համար կամ ի՞նչ է արել ԱԺ-ն Ցեղասպանության ճանաչման և ԱՀ ընտրությունների մասով

Լրացուցիչ ժամկետ՝ մի քանի գրություն տպելու համար կամ ի՞նչ է արել ԱԺ-ն Ցեղասպանության ճանաչման և ԱՀ ընտրությունների մասով

Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունների և Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ապրիլյան միջոցառումների շրջանում այդպես էլ չերևաց ՀՀ Ազգային ժողովի կողմից իրականացված աշխատանքը։ Նկատի ունենալով այդ՝  որոշեցինք նամակով դիմել ԱԺ նախագահին և պաշտոնապես տեղեկանալ, թե, պարգևավճարներ ստանալուց, սեփական օգնականների միջոցով կառավարությանը քննադատողներին հրապարակայնորեն հայհոյելուց և ոչ կոռեկտ բառապաշարով համեմված ամբոխավար ելույթներով հանրության ուշադրությունը գրավելու փորձերից բացի, ինչպիսի՞ աշխատանքներ է տարել ՀՀ Ազգային ժողովը՝ Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունները և Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը այլ երկրների ազգային խորհրդարանական շրջանակներում, միջազգային խորհրդարանական հարթակներում և կառույցներում ( ԵԽԽՎ, ԵՄ-Հայատան, ԵԱՀԿ ԽՎ, ՆԱՏՕ ԽՎ, ԵՎՐԱՆԵՍՏ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական Միություն եւ այլն) պատշաճ կերպով ընկալելի դարձնելու ուղղությամբ։ Խնդրել էինք տրամադրել վերոնշյալ առիթների եւ իրադարձությունների առնչությամբ ԱԺ մարմինների կողմից միջազգային գործընկերներին ուղղած գրությունների, հայտարարությունների և նամակների պատճենները։ 

Պատասխան գրությամբ՝ ԱԺ նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժետություն է առաջացել, և հարցման պատասխանը կտրամադրվի մինչև ս/թ մայիսի 27-ը։ 

Իհարկե, ԱԺ աշխատակազմն օրենքով սահմանված կարգով իրավունք ունի մեկամսյա ժամկետում տրամադրել պահանջվող տեղեկատվությունը, այդուհանդերձ՝ զարմանալի է, թե այդ ի՞նչ լրացուցիչ աշխատանքների մասին է խոսքը, եթե ոչ՝ ընդամենը մի քանի գրություններ տպելը և ուղարկելը, եթե իհարկե, այդպիսիք գոյություն ունեն։ 

Ինչևէ։ Մայիսի 27-ը յոթ սարի հետևում չէ, մենք կսպասենք պատասխանին և նշյալ թեմային  լրացուցիչ կերպով դեռ կանդրադառնանք։