կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-28 23:48
Քաղաքական

Կնոջը թիրախավորելը մեր խորհրդարանում դառնում է տղամարդկանց սիրելի զբաղմունքներից մեկը․ Զառա Հովհաննիսյան

Կնոջը թիրախավորելը մեր խորհրդարանում դառնում է տղամարդկանց սիրելի զբաղմունքներից մեկը․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․

«Հայաստանյան քաղաքական դաշտում կին քաղաքական գործիչներին լռեցնելու փորձեր հաճախ են լինում, և Աժ այսօրվա նիստը բացառություն չէր։ Այս անգամ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիրմոնյանն էր որոշել փայլատակել էթիկապես ցածրորակ խոսքով և թիրախում, իհարկե իրեն հաճախ քննադատող կին պատգամավորն էր։

«Տիկին Սամսոնյան, ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա տգեղ է դիտվում․․․», ասում է Ա․ Սիմոնյանը։

Նախ, ի՞նչն է տգեղ դիտվում, քաղաքական գործիչը կարող է քննադատել մեկ այլ քաղաքական գործչի՝ որքան կա դրա կարիքը, անկախ սեռային պատկանելությունից։ Ալեն Սիմոնյանը փորձեց շատ տարածված սեքսիզմի դրսևորմամբ սաստել, նվաստացնել, պակաս կշիռ հաղորդել իր հանդեպ հնչեցվող քննադատությանը, միայն շեշտադրելով ընդդիմախոսի սեռը, միաժամանակ գերագնահատելով իրեն, որպես ցանկալի տղամարդ։ Այսպիսով , դա շատ տարածված հնարք է՝ կանաց հետ պահելու ակտիվ քաղաքական գործունեությունից, նվազեցնելու կին քաղաքական գործիչների կշիռն ու ազդեցությունը։

Պակաս խտրական չէր նաև Ալեն Սիմոնյանի Էդմոն Մարուքյանին ուղղված՝ կնոջ փեշի տակ թաքնվելու վերաբերյալ արտահայտությունը, որով նա փորձում էր հարվածել Անի Սամսոնյանին, որը միայն տղամարդու դրդմամբ է գործում և սեփական համոզմունքն ու կարծիքը չունի, քանի որ կին է։
Այսպիսով, կնոջը թիրախավորելը մեր խորհրդարանում դառնում է տղամարդկանց սիրելի զբաղմունքներից մեկը։ Եվ ամենատհաճն ու զարմանալին այն է, որ Աժ խոսնակ Արարատ Միրզոյանը, որն ի պաշտոնե, վարողի իրավունքով, կարող էր սաստել իր գործընկերոջը, սադրանք համարեց Էդմոն Մարուքյանի միջամտությունը, որը վրդովվել էր Ալեն Սիմոնյանի ելույթից։
Եվ ամենակարևորը, Աժ Կանոնակարգ սահմանադրական օրենքը հնարավորություն է տալիս, որպեսզի նման դեպքերով էթիկայի հանձնաժողով կազմակերպվի։ Քանի՞ նման միջադեպ պետք է լինի, որպեսզի 7-րդ գումարման ԱԺ-ն վերջապես մտածի էթիկական խնդիրների մասին»։