կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-03 17:45
Քաղաքական

Եթե չկան հստակ ազդակներ, որ իրար ճիշտ ենք հասկանում, խոսելու իմաստ էլ չեմ տեսնում. վարչապետ

Եթե չկան հստակ ազդակներ, որ իրար ճիշտ ենք հասկանում, խոսելու իմաստ էլ չեմ տեսնում. վարչապետ

Այսօր Արմեն Աշոտյանն ակնարկում էր, որ մենք այդքան էլ ճիշտ չենք հասկացել իրար, այս դեպքում հարց է ծագում` երբ մենք խոսում ենք ու իրար ճիշտ չենք հասկանում, ի՞նչ իմաստ ունի այդ խոսակցությունը. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառանալով հարցին` հնարավո՞ր է շարունակվեն բանակցություններն ԱԺ ուժերի հետ:

«Քանի դեռ չկան հստակ ազդակներ, որ մեր գործընկերները և մենք իրար ճիշտ ենք հասկանում, որ մեր գործընկերներն իրավիճակը ճիշտ են հասկանում, ես կարծում եմ, որ այդ երկխոսակցության ռացիոնալության վերաբերյալ հարցեր կարող են առաջանալ»,- ընդգծեց նա:

Փաշինյանը նշեց, որ իրենք իրենց պլանով գնալու են առաջ: «Ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը համաժողովրդական է, և ես դժվար եմ պատկերացնում այն մարդուն և մարդկանց, ովքեր պատրաստվում են դիմադրել դրան»,- շեշտեց նա: 

Դիտարկմանն էլ` քաղաքական ուժերն ասում են, թե իրենց օրակարգում չկա դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարց, վարչապետը նշեց, որ եթե չկա,  այդ ուժերը կարող են չմասնակցել ընտրություններին:

Yerkir.am-ի հարցին` այդ դեպքում վտանգ չի՞ տեսնում, որ նույն միակուսակցականությունը կշարունակվի, պարզապես կուսակցությունների անունները փոխված կլինեն, Փաշինյանը պատասխանեց. «Ոչ, նման վտանգ չեմ տեսնում»: Իսկ թե ինչո՞ւ, չպատասխանեց:

Հարցին էլ` նրան նաև մեղադրում են, որ կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել էր, որ պետք է ժամանակ տրվի քաղաքական ուժերին պատրաստվելու, որ անցնի հետհեղափոխական էյֆորիան, վարչապետն արձագանքեց. «Ես հասկանում եմ, որ առաջիկա 15 տարում Հայաստանում հետհեղափոխական էյֆորիան չի անցնելու, ինչը չի նշանակելու, որ 15 տարի Հայաստանում ընտրություններ տեղի չեն ունենալու»:

Հարցին` բացառո՞ւմ է ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների հետ համագործակցությունը, քանի որ երեկ հայտարարել է, որ նրանք հակահեղափոխականներ են, Փաշինյանը պատասխանեց. «ՀՅԴ-ն բազմաշերտ կուսակցություն է և չի կարելի մի շերտի գործողություններով դատել բոլոր շերտերին»:

Իսկ ինչ վերաբերում է նրան` արդյո՞ք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կստորագրի երեկ ԱԺ արտահերթ նիստում ընդունված` «ԱԺ կանոնակարգ» օրենքում արված աղմկահարույց լրացումը, վարչապետը նշեց, որ նախագահը ժողովրդին հակառակ որևէ քայլ չի անի: