Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 1-ից Ռուսաստանում ներքին սպառման գազի մեծածախ գինը բարձրանալու է: Այդ մասին որոշումն ընդունել է Ռուսաստանի սակագների դաշնային ծառայությունը: Սակագինը երկրի տարբեր շրջաններում կբարձրանա տարբեր չափերով, սակայն, ըստ դաշնային ծառայության տվյալների, գնաճը միջին հաշվով կկազմի 4.2 տոկոս:
Անցած տարվա դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի շրջանակում հայ-ռուսական գազային աղմկահարույց պայմանագրերի ստորագրումից հետո ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ հստակեցվել է 5 տարով գազի մատակարարման գնի հաշվարկման բանաձևը: «Այս պայմանավորվածությունների արդյունքում գազի գինը չի նվազի, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է, որ այն չի ավելանալու...: Այսինքն՝ 270 դոլարի փոխարեն հաշվարկվել է 189, որը և եղավ այն թիվը, որի վրա կարողացանք կանգ առնել... Եթե այդ բանակցությունները հաջողությամբ չավարտվեին, ապա կարող էր առաջանալ սակագնի հերթական վերանայման կարիք, որից կարողացանք խուսափել ոչ միայն ներկայի համար, այլև առաջիկա հինգ տարվա համար կարողացանք ունենալ որոշակի վստահության պաշար, քանի որ Հայաստան մտնող գազի գինը փոխշաղկապվեց Ռուսաստանի շուկայի ներքին գների հետ, և դա շատ մեծ առավելություն է»,- ասել էր Սարգսյանը:
Դեկտեմբերի վերջին` խորհրդարանում այդ պայմանագրերի վավերացման ժամանակ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պարզաբանել էր, որ Հայաստան մատակարարվող գազի գինը փոխշաղկապվել է Ռուսաստանի Օրենբուրգի մարզի համար սահմանված գնին, ինչը նշանակում է, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստան մատակարարվող գազի սակագինը կփոփոխվի ճիշտ այնքանով, որքանով փոփոխության կենթարկվի Օրենբուրգին մատակարարվող գազի գինը: Թե վերջինիս համար գազի գինը կոնկրետ որքան կբարձրանա, որևէ տեղեկատվություն առայժմ չկա: Սակայն եթե հիմք ընդունենք ՌԴ սակագների ֆեդերալ գործակալության ներկայացրած` թանկացման միջին ցուցանիշը, ապա ստացվում է, որ Հայաստան մտնող ռուսական գազը կթանկանա մոտ 7-8 դոլարով` սահմանի վրա կազմելով մոտ 197 դոլար` 1000 խ/մ-ի դիմաց:
Հայաստանի իշխանությունները հայ-ռուսական գազային խայտառակ պայմանագրերի վավերացման անհրաժեշտության համար, որպես հիմնական փաստարկ, բերում էին հենց առաջիկա հինգ տարիների ընթացքում գազի սակագնի կայության երաշխիքը: ԱԺ-ում Արմեն Մովսիսյանը դա ձևակերպում էր այսպես. «Առաջիկա 5 տարիներին սպասվում է համեմատաբար հանգիստ իրավիճակ գազի գների հետ կապված։ Եկող տարվա համար համարյա թե նույն գինն է մնում, որեւիցե փոփոխություն չի ենթադրում, նույնիսկ ինֆլյացիոն գործակիցները չեն ազդում...»: Իսկ ՀՀ նախագահը ԵԿՄ համագումարում նույնիսկ հայտարարեց, թե ամենամեծ ձեռքբերման` հնգամյա հեռանկարում գազի գնի անփոփոխելիության մասին իրենց քննադատները չեն հիշում. «Հիմա երկրորդ՝ այդ պայմանագրով գազի գինը 5 տարով կապվում է ռուսական ներքին գնային համակարգին, և եթե այնտեղ թանկացումներ չլինեն, իսկ դուք տեսել եք Ռուսաստանի կառավարության որոշումը, որ գները չեն թանականալու, մենք 5 տարի ունենալու ենք կայուն գին: Սա լա՞վ է, թե՞ վատ: Իհարկե, մեզ համար լավ է, մեր չկամեցողների համար՝ վատ»:
Նոր իրողությունների լույսի ներքո նման մեկնաբանություններից կարելի է կատարել մի պարզ եզրահանգում` կա'մ գազի սակագնի կայունության ապահովման մասին հավաստացումներն արվել են` պարզապես հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկելու և խայտառակ պայմանագրերի կնքումն ինչ-որ կերպ արդարացնելու համար, կա'մ դրանց շուրջ բանակցությունները, կոնկրետ սակագնի անփոփոխելիության մասով, ընթացել են ոչ միայն առանց Ռուսաստանի գազասպառման ներքին շուկայի առաջիկա զարգացումների հետ կապված լուրջ ուսումնասիրությունների, այլև հիմնվելով բացառապես ռուսների բանավոր հավաստիացումների վրա: Դա ապացուցվում է կոնկրետ փաստով: Ըստ dni.ru ինտերներտային պարբերականի` դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին ՌԴ սակագների գործակալությունը ներքին սպառման գազի սակագնի վերանայման հարցի քննարկումը հետաձգել էր` ավելի կոնկրետ հաշվարկներ կատարելու նպատակով: Այսինքն` այն ժամանակ, երբ ռուսական կողմը Հայաստանին պարտադրում էր այդ ամոթալի և նվաստացուցիչ պայմանագրերը, արդեն կայացվել էր ներքին շուկայում գազի սակագնի բարձրացման քաղաքական որոշումը: Նշանակում է` հայկական կողմը կա'մ տեղյակ է եղել դրա մասին և «համեստորեն» անտեսել է, կա'մ ուղղակի տեղյակ չի եղել: Ավելին` պարզվում է, որ 2013թ. ազգաբնակչության և արտադրության համար գազի սակագինը արդեն բարձրացվել է միջինը 15 տոկոսով: Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ որևէ հիմք չունեին պայմանագրի ստորագրման, ապա նաև վավերացման ժամանակ կառավարությունից և քաղաքական մեծամասնությունից հնչող այն պնդումները, թե Ռուսաստանի գազի ներքին գները կայուն են և կանխատեսելի, ինչի վրա և կառուցվել է Հայաստանին մատակարարվող գազի սակագնի` 5 տարվա կտրվածքով անփոփոխելիության միֆը: Այս տեսանկյունից նույնիսկ էական չէ` գազը 7, թե 8 դոլարով կթանկանա: Էականն այն է, որ սա հերթական անգամ ցույց է տալիս, մի կողմից, կառավարության վստահելիության աստիճանը, մյուս կողմից` որ գազային այդ պայմանագրերը հիմնված են բացարձակապես ռուսական կողմի շահերի վրա, և որ դրանից որևէ օգուտ Հայաստանը, ըստ էության, չունի: Եթե սակագնի վերանայումն ազդի Հայաստան մատակարարվող գազի վրա, ապա այլևս որևէ երաշխիք չի կարող լինել, որ հաջորդ տարի սակագնի նոր վերանայում չի լինելու: Մինչդեռ եթե Ռուսաստանի ազգաբնակչության համար 4 տոկոսով թանկացումը զգալի չէ, ապա հայաստանցիների համար, առկա սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի պարագայում, անգամ չնչին փոփոխությունները սոցիալական ցնցումների են բերում:
Իհարկե, դեռևս չի կարելի պնդել, թե Հայաստան մատակարարվող գազը ազգաբնակչության համար կթանկանա: Ամենայն հավանականությամբ, նոր բանակցություններ կսկսվեն: Բացի դրանից` խոսքը գնալու է սահմանի վրա գազի սակագնի վերանայման մասին: Որպեսզի այն չազդի սովորական սպառողների բյուջեի վրա, անհրաժեշտ կլինի, որպեսզի «Գազպրոմ-Արմենիա» (նախկին «Հայռուսգազարդ») ընկերությունը կրճատի իր շահույթը: Ըստ ԱԺ-ում Արմեն Մովսիսյանի` նախորդ տարի տված բացատրությունների` նոր պայմանագրերի գործողության պարագայում այդ ընկերության շահութաբերությունը կազմելու է 9 տոկոս: Դժվար է հավատալ, որ «Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկությունը, որը ներքին գազամատակարարման համակարգում բացառիկ, մոնոպոլ արտոնություններ է ստացել, միայն հայաստանցիների գեղեցիկ և տխուր աչքերի համար կգնա նման զոհողությունների: Ահա, թե ինչու էներգետիկայի և բնական պաշարների նախարարն այլևս չի կարողանում նախկին հաստատակամությամբ պնդել, թե սպառողների համար գազի սակագինը չի վերանայվի:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ