Փոխարժեքներ
22 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Դժվար թե մոռացած լինենք, որ մեր դուխով վարչապետը, արդեն հետաձգված հանրաքվեի քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ Անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցն (ով Կանադայից եկած մի հայ կնոջ ասել էր՝ Նիկոլը քեզ խաբել է, եկել ես ստեղ ի՞նչ անես) ու իր նմաններն են կորոնավիրուսները, որոնց հատիկ-հատիկ պինցետով հանելու են ու տնական արաղով դեզինֆեկցիան անեն, հետո ճանապարհեն իրենց գործերին:
Այդ դեպքում, ըստ վարչապետի, ո՞րն է կորոնավիուսը ու, վերջապես, ի՞նչ է այն ներկայացնում իրենց: Երևի ավելի ճիշտ կլինի այս հարցը ուղղենք առողջապահության նախարարին՝ Արսեն Թորոսյանին:
Բայց ինչ պատասխան ակնկալենք այն նախարարից, ով փետրվարի 27-ին հայտարարել էր, որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, այդ իսկ պատճառով հատուկ միջոցառումներ ձեռնարկելու կարիք չկա, մանավանդ, որ այդ պահին մեր երկրում այդ վիրուսով վարակված մարդ չկար:
Գարնունը այդքան էլ լավ չսկսեցինք: Գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, մեր երկրում գրանցվեց կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունենալու առաջին դեպքը, ով Հայաստան էր եկել Իրանից:
Այդ օրը վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց, որ կորոնավիրուսն ու՞մ շունն է, որ վախենանք դրանից, այնպես որ՝ դուխով:
Այդ նույն օրերին մտահոգ հայտարարություններով հանդես եկան մի շարք հզոր պետությունների ղեկավարներ, խոսելով կորոնավիրուսի վտանգավոր լինելու մասին:
Թու թու թու:
Փաստորեն, կորոնավիրուսն եկավ Հայաստան ու չվախեցավ այնպիսի դուխով ղեկավարներից, ինչպիսիք էին Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը: Ու չմոռանանք, թե կորոնավիրու՞սն էր, որ փախավ Սևան՝ ինքնամեկուսանալու, թե՞ դուխով Փաշինյանը:
Գնալով՝ Հայաստանում վարակվածների թիվը մեծացավ, իսկ մարտի 26-ին գրանցվեց մահվան առաջին դեպքը՝ 72-ամյա քաղաքացի:
Մարտի 29-ին ևս երկու մահվան դեպք գրանցվեց՝ ընդհանուր մահվան դեպքերի թիվը հասնելով 3-ի, իսկ վարակվածները՝ մարտի 30-ի դրությամբ կազմեց 482:
Եթե նախարարն ու վարչապետը մի փոքր ավելի զգոն լինեին ու կորոնավիրուսին «շան տեղ դնեին», ապա այն միջոցառումները, որոնք ձեռնարկեցին վիրուսը երկրիր մտնելուց հետո, ձեռնարկեին նախորօք՝ հենց սկզբից, երբ դեռ վարակվածների չունեինք, բայց վիրուսն արդեն հասել էր մեր հարևան պետություններ, դժվար թե հիմա այսպիսի պատկեր ունենայինք:
Մյուս կողմից՝ առաջին վարակման դեպքեր ունենալուց հետո, եթե բոլորս մի փոքր ավելի ուշադիր լինեինք և մեր արյան մուգ կարմիր գույնին չխաբնվեինք, տանը մնայինք, պահպանեինք սահմանված բոլոր նորմերը, դա էլ կլիներ մեր օգնությունը՝ առաջին հերթին մեզ, հետո՝ մեր ազգին, հետո՝ կառավարությանն ու պետությանը:
Վերջապես, պիտի կառավարությունն ու ժողովուրդը իրար օգնելով լուծեն պետության խնդիրները:
Այս խնդրի լուծման գործում երկու կողմն էլ իրենց թերացումներն ունեցան, որն էլ հանգեցրեց վարակվածների այսպիսի մեծ թվին ու մահվան դեպքերին: Հուսանք՝ այս ամենը չի հասնի իր պիկին, և աղետալի հետևանքների առջև չի կանգնի առանց այն էլ խնդիրների պակաս չունեցող մեր երկիրը:
Հ.Գ. Մեր շնորհակալությունը հայտնենք բժիշկներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայելով բուժում են մեր քաղաքացիներին:
Նրանցից շատերն արդեն երկար ժամանակ տուն չեն գնացել, և այս փաստը պետք է արժանանա խորը երախտագիտության:
Առողջություն բոլորիս:
Իշխան Թովմասյան