կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-27 16:50
Առանց Կատեգորիա

Պետք է վերականգնել գործազրկության նպաստը և ակտիվացնել հանրապետական եռակողմ հանձնաժողովը

Պետք է վերականգնել գործազրկության նպաստը և ակտիվացնել հանրապետական եռակողմ հանձնաժողովը

Livenews.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի հետ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի ֆոնին ի հայտ եկած տնտեսական խնդիրների, գործազրկության նպաստի ու հարակից թեմաների շուրջ։

Yerkir.am-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.

— ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար հայտարարված արտակարգ դրության և մի շարք սահմանափակումների հետևանքով տնտեսվարողներին ու աշխատողներին հասցված վնասները թեթևացնելու կառավարության քայլերի վերաբերյալ, մեղմ ասած մտահոգիչ էին: Տպավորությունն այնպիսին էր, ասես վարչապետը տեղեկացված չէր աշխատաշուկայում առկա վիճակից և անգամ չգիտեր, որ Հայաստանում կան ստվերից դուրս, գրանցված օրավարձով աշխատողներ: Հետևապես ինչպե՞ս է հնարավոր նման պայմաններում խելամիտ որոշումներ կայացնել:

— Որպեսզի երևույթի մասին կարողանանք լիարժեք դատողություն անել, երկու ասպեկտ առանձնացնեմ՝ նախ խնդրի իրավական կողմը և փաստացին՝ այն, ինչ ունենք մեր երկրում, և որը մեկ օրվա խնդիր չէ: Իրավական առումով նշեմ, որ աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է աշխատանքային պայմանագրի և տեսակները, և բովանդակությունը, որպես հիմնական բովանդակություն, էական պայման, սահմանոմ է վարձատրության հնարավոր ձևերը: Աշխատավարձը մեր երկրում, ինչը նաև միջազգային իրավունքով է հաստատված, կարող է լինել ամսական, պաշտոնային դրույքաչափով, օրական, անգամ ժամային: Բացի դրանից, մենք ունենք նաև աշխատավարձի մեկ այլ ձև՝ գործավարձ: Սրանք բոլորն օրենքով սահմանված են, և գործատուն ու աշխատողը ազատ են ընտրելու այս վարձատրության ձևերից մեկը:

Ես համոզված եմ, որ Հայաստանում կան աշխատողներ, որոնք աշխատում են ժամավարձով կամ օրավարձով, նաև գործավարձով: Ինչու եմ սրանում համոզված: Գիտեք, որ Հրայր Մարուխյան հիմնադրամն ունի աշխատողների իրավունքների պաշտպանության գրասենյակ, որն անվճար ծառայություններ է մատուցում այն քաղաքացիներին, որոնց աշխատանքային իրավունքները խախտվել են, և մենք 800 և ավելի դիմողներ ենք ունեցել երկուսուկես տարվա ընթացքում: Բազմաթիվ են եղել վեճերը, դրանց 50 տոկոսից ավելին վերաբերել են վարձատրության հարցերին: Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ օրվարձով և ժամավարձով աշխատելու դեպքերում հիմնականում պայմանագրեր եղել են, իրավական առումով և գործնականում օրավարձը, ժամավարձը, գործավարձը զուգահեռաբար գործում են ամսական աշխատավարձի հետ:

Ինչ վերաբերում է ֆորմալ, ոչ ֆորմալ աշխատողներին և նրանց տրվող վարձատրությանը, ասեմ, որ ցավոք մեր երկրում խնդիր է ոչ միայն անօրինական աշխատանքը՝ առանց պայմանագրի, այլև ոչ ֆորմալ կամ անօրինական վարձատրությունը: Այսօր էլ մենք գործ ունենք այդ փաստի հետ: Շատ աշխատողներ, որոնք անգամ եթե աշխատանքային պայմանագրեր ունեն, բացի օրինական երևացող վարձատրությունից՝ ունեն նաև չերևացող վարձատրություն: Նման դեպքում եթե պետությունը փոխհատուցման կամ հարկադիր պարապուրդի ժամանակ վարձատրման հարց է բարձրացնում, պետք է իմանա, որ իրականում իմ նշած դեպքերը շատ են մասնավոր հատվածում, պայմանագրում գրված աշխատավարձի չափն իրականը չէ և եթե հատուցումների համար դրա վրա են հիմնվելու, ապա մարդիկ միանշանակ տուժելու են:

Խնդիրն առավել սրվում է, եթե մարդն աշխատում է առանց աշխատանքային պայմանագրի: Այս դեպքում կարևոր չէ, թե ինչ ձևով է վարձատրվում: Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող շատ քաղաքացիներ նաև վարձատրությունը ամսական են ստանում: Այսինքն՝ խնդիրը ոչ թե վարձատրության ձևն է, այլ պայմանագիր չունենալը և իդենտիֆիկացված՝ նույնականացված չլինելը, պետական պաշտոնական տեղեկատվական   համակարգերում նրանց վերաբերյալ տվյալների բացակայությունն է: Այս դեպքում խնդրին չպետք է վերաբերենք այնպես, որ եթե տվյալները չկան, հետևաբար պետությունն ազատ է այդ մարդկանց աջակցելուց: Այլ պետք է ամրագրենք, որ այդ երևույթի առկայությունը լավ չէ, եթե աշխատողը գիտակցված է գնացել այդ քայլին, նորից վատ է: Դա ողջունելի չէ ոչ գործատուների, ոչ աշխատողների առումով և հորդորը, նաև պետական վերահսկողությունը պետք է միտված լինեն այդ անօրինական աշխատանքն օրինական դարձնելուն: 2017 թվականից սկսած՝ մեր հանրապետությունում այս ուղղությամբ բավականաչափ աշխատանք է կատարվել, և օրինական աշխատողների թիվն էականորեն ավելացել է, իսկ ստվերային զբաղվածությունը կրճատվել է: Այդ գործընթացը շարունակական է: Բայց փաստն այն է, որ այսօր էլ ունենք ստվերում աշխատողներ: Մյուս կողմից էլ ստվերում աշխատանքը և ոչ ֆորմալ զբաղվածությունը միայն գործատուների և աշխատողների խնդիրը չէ, միայն նրանց մեղքով չէ: Նաև պետության մեղքը կա: Ի վերջո պետական վերահսկողությունն է գործոն դրա կրճատման համար: Նաև խթանիչ համակարգերի ստեղծման ու գործարկման անհրաժեշտություն կա, ինչը օբյեկտիվորեն պայմաններին կստեղծի, որպեսզի մարդիկ առավելապես օրինական աշխատանք գտնեն և գործատուները առավելապես օրինական աշխատողներ ունենան: Խնդիրը բոլորինս է, և եթե երկրում առկա է ստվերային զբաղվածության ինչ-որ տոկոս, ապա այսպիսի խնդիրները հատկապես սրվում են ֆորսմաժորային վիճակներում և պետք է նաև դրանք հաշվի առնելով՝ ճգանաժամային վիճակներից դուրս գալու ելքեր գտնել:

Կառավարությունն ինչ-որ լուծումներ առաջարկել է և պարտավորություն ստանձնել, որ նորից աջակցության այլ ձևեր կառաջարկի: Ես առաջարկոմ եմ նախևառաջ վերականգել գործազրկության նպաստը: Նախկինում այն կար, բայց չէր ծառայում իր բուն նպատակին՝ փոքր չափի պատճառով, ինչպես նաև մեխանիզմի տրամադրման: 2014 թվականից այն չի գործում: Բայց հիմա դրա վերագործարկումը կարող է ստեղծված վիճակի համար խնդրի լուծման միջոց դառնալ: Այն մարդիկ, որոնք ստվերում են աշխատել, ամեն դեպքում նրանց մի մասը գրանցված է անապահովության համակարգում, մի մասն էլ զբաղվածության ծառայությունում որպես գործազուրկներ, և նման ձևով նրանք որոշակի օգնություն կստանան: Ինչպես նաև այն մարդիկ, որոնք այս օրերին աշխատանք կկորցնեն, կարող են գրանցվել որպես գործազուրկներ և գործազրկության նպաստ ստանալ:

Ես դեմ եմ, որ նման աջակցությունը միանվագ, մեկանգամյա լինի, ինչպես հայտարարեց կառավարությունը, որ աշխատանքը կորցրած և երեխաներ ունեցող գործազուրկներին վճարելու է 100 հազար դրամ: Սա արդյունավետ մոտեցում չէ: Գործազրկության նպաստը պետք  վերականգնվի և տրվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ մարդիկ աշխատանք չեն գտել և այս օրերին դարձել են գործազուրկ ՝անկախ այն հանգամանքից՝ օրինական աշխատողնե՞ր են եղել, թե անօրինական: Գործազրկության նպաստը պետք է փոխկապակցված լինի երկու գործոնի հետ՝ նվազագույն կենսապահովման զամբյուղի կամ գոնե նվազագույն աշխատավարձի և գործազուրկի ընտանեկան վիճակի: Անձը, որը չունի երեխա և անձը, որն ունի երեխաներ: Այս դեպքում ևս առանձին մոտեցում պետք է լինի, գործազրկության նպաստը կարող է զուգակցվել նաև ընտանեկան կամ սոցիալական նպաստի հետ: Ես օրվա իշխանություններին հորդորում եմ այս մասին ևս մտածեն: Այս առաջարկը չի հնչեցվել և սրա մասին գոնե պաշտոնապես որևէ տեսակետ չկա, բայց սա միջազգային փորձով ապացուցված դրական ճանապարհ է: Նաև պետության պարտավորությունն է, դրական պարտավորությունը, որը բխում է ՀՀ Սահմանադրությունից, այնպես չէ, որ պետությունը վերականգնելով գործազրկության նպաստը՝ ոչ թե խորհրդանշական, այլ իրատեսական, խնդիր լուծելու չափով, լավություն է անում իր քաղաքացիներին:

— Առայժմ կառավարության քայլերը միտված են նրան, որ աշխատողների վարձատրութան բեռը նա թողնում է տնտեսվարողների, գործատուների վրա՝ ընդամենը պարտքով գումար առաջարկելով աշխատողներին աշխատավարձեր տալու նպատակով: Բայց արդյո՞ք այն պայմաններում, երբ գործատուն զրկված է եղել հասույթ ստանալու հնարավորությունից, պարտքով տված գումարն ավելի չի վատթարացնի իրենց վիճակը, և որքանո՞վ է ճիշտ ու բարոյական ամբողջ բեռը, պատասխանատվությունը թողնել տնտեսվարողների վրա:

— Գործատուներն ունեն սոցիալական պատասխանատվություն, բայց սոցիալական պատասխանատվության և սոցիալական աջակցության գործառույթն առաջնային պետությանն է, պետության գործառույթն է, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ: Երբեք չի կարելի այդ հավասարակշռությունը խախտել, գործատուների վրա բեռի անհամաչափ ավելացումը նշանակում է, որ մեր երկրում ներդրումային միջավայրը կվատացնենք և կունենանք մի իրավիճակ, երբ գործատուները ստիպված կլինեն գնալ զանգվածային ազատումների: Այսինքն՝ պետությունն այդ քայլով կխթանի բացասական գործընթացը: Պետության ուսերից ճնշումը գործատուների ուսերին տեղափոխելով՝ մենք նման պայմաններ ենք ստեղծում:

Որպեսզի նման իրավիճակից հնարավոր լինի խուսափել, պետք է եռակողմ փոխըմբռնում: Այս իմաստով մեկ այլ առաջարկ անեմ, որը մինչև այժմ չի դիտարկվել ու հնչել: Զարմանալիորեն մինչև այս պահը չի ակտիվանում հանրապետական եռակողմ հանձնաժողովը սոցիալական գործընկերության մակարդակում: Հանձնաժողովն այն հարթակն է, որը ժամանակին ստեղծվել է հենց նաև նման իրավիճակներում խնդիրների խելամիտ լուծումներ գտնելու համար: Հորդորում եմ, որ պետության նախաձեռնությամբ եռակողմ հանձնաժողովն ակտիվացվի և նաև իրավիճակից բխող օբյեկտիվ վերլուծություններ արվեն: Այս հարթակում գործատուները, գործատուների հանրապետական ներկայացուցիչները, արհմիությունների ներկայացուցիչները և պետությունը կարող են նստել մի սեղանի շուրջ և օրակարգից բխող որոշումներ կայացնել: Դա ավելի արյունավետ կլինի, քանի որ հաշվի կառնվեն բոլոր կողմերի՝ և աշխատողների, և գործատոների, և պետության շահերը, և կարող են համաձայնեցված լուծումներ գտնել: Այդ գործիքը և այդ հաթակը ցավոք չեն օգտագործում, այն մեծ ներուժ է, որը չօգտագործելով՝ էական կորուստ կունենանք: Սա նաև լավ առիթ է, հնարավորություն, որպեսզի այդ հարթակների դերը մեր կյանքում բարձրանա: Դա կապահովի սոցիալական երկխոսություն, սոցիալական գործընկերություն, որի բոլոր իրավական հիմքերը կան, նոր բան պետք չէ անել, ամեն ինչ առկա է, ստեղծված է, ընդամենը պետք է ցանկություն ունենալ, և այդ ցանկությունը պետք է բխի պետությունից: Պետությունը պետք է շահագրգիռ լինի այդպիսի հարթակներում խնդիրները քննակելու և համաձայնեցված լուծումներ գտնելու հարցում:

Իմ առաջարկները բխում են միջազգային փորձից, և շատ պետություններ դրա շնորհիվ կկարողանան հնարավորինս քիչ վնասներով հաղթահարել առկա և սպասվող դժվարությունները:

— Պետական ֆինանսական միջոցներով աշխատողներին, գործատուներին աջակցելը որքանո՞վ եք իրատեսական համարում՝ հաշվի առնելով, որ մեր երկրում 600 հազարից ավելի շատ աշխատողներ ունենք:

— Միանշանակ ցանկացած ֆինանսական աջակցության հնարավորություն սահմանափակ է ցանկացած պետության համար: Բայց նաև այնպես չէ, որ մենք որևէ հնարավորություն չունենք: Մանավանդ ճգնաժամային իրավիճակներում պետք է միջոցներն ու ռեսուրսները հստակ համապատասխան լինեն սահմանված օբյեկտիվ առաջնահերթություններին: Նաև պետք է հստակ ռազմավարություն լինի, թե ինչ նպատակ ենք դնում և ինչպես ենք պատկերացնում այս իրավիճակից դուրս գալը, ռազմավարական ծրագիր է հարկավոր ունենալ: Համոզված եմ, որ այսպիսի արդյունավետ կառավարման պարագայում բավականաչափ ռեսուրսներ կլինեն՝ առավելագույն արդյունքներ և նվազագույն կորուստներ ունենալու համար:

— Արդեն տվյալներ կա՞ն գործազրկության թվերի ավելացման մասին, թե դեռևս միայն կանխատեսումներ են:

— Դեռ պատկեր չկա, բայց համոզված եմ, որ աճ կլինի և բավականին մեծ: Դրանից թերևս հնարավոր կլինի խուսափել պետության կողմից աջակցման ծրագրերի արդյունավետության միջոցով. որքան դրանք խնդիրներ լուծող լինեն, այնքան հնարավոր կլինի մեղմել գործազրկության աճը: Պետության ծրագրերի, աջակցության, մոտեցումների և դրանից բխող գործատուների վարքագծի, դրանից էլ բխող սոցիակալան վիճակի միջև ուղիղ կապ կա:

— Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքային օրենսգրքում լրամշակումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է առաջարկում: Որքանո՞վ այդ լրացումները կարող ենք թեթևացնել աշխատողների և գործատուների վիճակը: Դուք նախագծի առաջին տարբերակը քննադատել էիք:

— Այն նախագիծը, որն ի սկզբանե դրվել էր շրջանառության մեջ, քննադատել եմ, հստակ փաստարկներ և հիմնավորումներ ներկայացրել և պետք է նշեմ, որ նախագիծ մշակողները գոնե մասնագիտական մակարդակում այդ փաստարկներին ու իմ հորդորներին, առաջարկներին անդրադարձել են: Լրամշակված տարբերակն ավելի խնդիր լուծող է: Բայց դա չի կարող համարվել վերջնական և այսօրվա առաջացած խնդիրներին համարժեք, մասնագիտական քննարկումների անհրաժեշտություն կա, նոր լուծումներ առաջարկելու: Այդ նախագիծը ևս թերի է: Ինչի մասին հրապարակայնորեն հայտնել եմ իմ տեսակետը և իմ պատրաստակամությունն եմ հայտնել ու հայտնում մասնագիտական առումով աջակցելու աշխատանքային օրենսգրքի նախագծի լրամշակման աշխատանքներին: Քանի որ հարցը վերաբերում է 600 հազար մարդու: Մեր գրասենյակը աջակցության պատրաստ է, չնայած նրան, որ բազմաթիվ անգամներ հայտնել ենք պատրաստակամություն, բայց անհասկանալի պատճառներով նախարարությունը որևէ կերպ չի արձագանքել: Մինչդեռ դա բխում է նախևառաջ լիազոր մարմնի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան շահերից. մասնագիտական ռեսուրսը հենց այնպես թափված չէ, և այնպես չէ, որ այդ նախարարությունը առնվազն գոնե քաղաքական որոշումներ կայացնելու մակարդակում լիարժեք կարողություններ ունի: Սա փաստ է: Իսկ մեզ պետք է, որ ցանկացած նախագիծ, օրենք ոչ թե խնդրահարույց լինի, այլ խնդիրներ լուծող: Առանց այդ էլ խնդիրները շատ են ոլորտում և շատ արագ ավելանում են:

Եվս մեկ անգամ նշեմ՝ ոչ թե պետք է եղած խնդիրները դիտակել և փորձել դրանց հետևից ընկնելով լուծումներ տալ, այլ գլոբալ առումով պետք է իրավիճակը վերլուծել և առաջանցիկ, ըստ կանխատեսման լուծումներ առաջարկել օր առաջ: Դրա հնարավորությունը կա, եթե լուրջ մասնագետներ աշխատեն և դիտարկեն միջազգային փորձը, եղած կարգավորումները: