կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-17 19:19
Քաղաքական

Աննա Դանիբեկյանն ինքնամեկուսանում է արդարադատությունից. Ասյա Օվանյան

Աննա Դանիբեկյանն ինքնամեկուսանում է արդարադատությունից. Ասյա Օվանյան

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, «Իմ Ձայնը» նախագիծ ներկայացուցիչ Ասյա Օվանյանը գրել է.

«Մարտի 1-ի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Եթե նույնիսկ մի կողմ թողնենք դատական նիստը հետաձգելու իրավական ընթացակարգի հետ կապված խնդիրը, այն որ պաշտպանական կողմը պատշաճ դատավարական ընթացակարգով տեղեկացված չի եղել նիստի հետաձգման վերաբերյալ, այն որ փաստաբանները դատական նիստերի դահլիճում ստիպված են եղել շատ երկար սպասել՝ մինչև պաշտոնապես նիստը հետաձգելու վերաբերյալ պատշաճ հայտարարություն արվի, այն որ դեռևս ուրբաթ փաստաբանների մարտի 17-ի նիստի վերաբերյալ հարցմանն ի պատասխան դատարանից տեղեկացրել են, որ նիստն անպայման կայանալու է, ապա մարդու ազատության հարցի քննարկման ձգձգմանը որևէ արդարացում չի կարող լինել ։

Այսօր դատարանը պետք է քններ Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի և Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի միջնորդությունը։ Նիստը հետաձգելը խախտում է մարդու ազատության իրավունքը։

Նիստը հետաձգելը, նույնիսկ դատավորի վատառողջ լինելու պատճառով անդրադառնում է մարդու իրավունքի իրացման վրա։ Անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի։ Դատարանը պետք է միջոցներ ձեռնարկեր անձնական երաշխավորության միջնորդությունը հրատապության կարգով քննելու համար։ Իսկ դատական նիստերի այն հաճախականությունը, որով ընթանում է մարտի 1-ի դատավարությունը, որի ընթացքում մարդուն ցուցադրաբար, առանց որևէ  հիմնավորման անազատության մեջ են պահում, դատավարության քաղաքականացվածության մասին մտահոգություններն ավելի է խորացնում։

Նույնքան մտահոգիչ են պաշտպանական կողմի կասկածներն այն մասին, որ դատական նիստը հետաձգվել է, որպեսզի ոչ բոլոր երաշխավորողները հնարավորություն ունենան նիստին ներկա գտնվելու։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ երաշխավորության միջնորդության քննարկման ժամանակ  երաշխավորողները պետք է ներկա լինեն դատական նիստին։ Եվ եթե իսկապես հաստատվի փաստաբանի կասկածները, որ նիստը միտումնավոր ձգձգվում է, որպեսզի 4 երաշխավորողներից 1-2 հանրապետությունում չլինեն, ապա ողջ գործընթացի անթաքույց քաղաքականացվածության մասին այլևս որևէ կասկած չի կարող լինել։ Ազատության կանխավարկածի անտեսումը, և ընդհանարպես, ընթացող ողջ դատական պրոցեսը, ապացուցում է կանխակալությունը, որ այսօր որդեգրվել է որպես ընդհանուր գիծ՝ մարտի 1-ի գործի շրջանակներում։ 

Արտակարգ դրության պայմաններում դատական նիստերի մարդաշատության պատճառով վարակի հնարավոր տարածման հավանականությամբ պայմանավորված միգուցե ողջամիտ կլինի հետաձգել նաև դատական նիստերը, բայց մի բան վստահաբար չի կարող անտեսվել, հետաձգումը չպետք է բացասական անդրադառնա մարդու ազատության իրավունքի պաշտպանության վրա։ Հետևաբար դատական պրոցեսի հետաձգման որոշումից առաջ պետք է լուծում ստանա կալանքը վերացնելու, փոփոխելու մասին հարցը»: