Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«5TV» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրերս լայն տարածում գտած Կուրթան գյուղի բնակչի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպին . հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«2004-2005 թվականն էր: Արտաշատից մի ազատամարտիկ, վարկ էր վերցրել ու անհաջող պատմոթյան մեջ էր ընկել: Բանկը վարկի դիմաց վերցրել էր այդ տղայի բնակարրանը, ինքը կարծեմ յոթ երեխաների և կնոջ հետ մի տնակ էր ճարել (դոմիկ), տարել դրել էր վարձակալած գուղնշանակության հողի վրա և ապրում էին:
Ապրում էի՞ն: Չէին ապրում, գոյություններն էին քարշ տալիս: Ոչ ջուր կար, ոչ սանհանգույց, ոչ բնակելի պայմաններ: Մի խոսքով բազմազավակ ընտանիքը հայտնվել էր անմարդկային պայմաններում: Որոշեցինք ռեպորտաժ պատրաստել: Ռեպորտաժից հետո, երկու օր չէր անցել լսվեց տարածքային նախարարի դժգոհությունը: Նախարարը արտաշատցի էր և մարզում հեղինակություն ուներ: Նախագահը կանչել էր, ամոթանք էր տվել և հանձնարարել էր 20 օրում լուծել ընտանիքի հարցը: Ընդ որում ասել էր՝ գնա լուծի, ոնց կուզես...կուզես քո միջոցներով, կուզես քաղաքի , կուզես մարզի, իսկ եթե ավելի լուրջ ,գնա բանակցի բանկի հետ, բայց լուծում տուր: Ռեպորտաժից 10 օր հետո այդ ընտանիքը բնակարան ունեցավ:
Այս մասին երբեք չեմ բարձրաձայնել, ռեպորտաժ էլ չպատրաստեցինք բայց երեկ երբ ֆեյսբուքը հեղեղվեց կուրթանցի երիտասարդի պատմությամբ և իմ քայլականների արձագանքներով, թե հեսա գնում ենք Կուրթան և անակնկալ ենք անելու, որոշեցի գրել: Անակնկալի մասին նախապես չեն հայտարարում, անակնկալը սուսուփուս մատուցում են և լուռ կամ գոհացած հեռանում:
Այդ տղան մի անգամ արդեն հանրայնորեն ստորացվեց, երկրորդ անգամ մի արեք: Ուզու՞մ եք օգնել, օգնեք: Կարող էիք մինչ այդ էլ օգնել, եթե մարզպետը տեղում լիներ կամ մարզպետի առաջ օգնելու խնդիր դրած լինեիք, երբ այդ երիտասարդը խնդրանքով դիմեց վարչապետին: Դե իսկ վարչապետի դաստիարակչական մեթոդների մասին խոսելը ավելորդ է:
Անդաստիարակությունը խժռել է երկիրը»:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ Կուրթան գյուղում բնակվող 34-ամյա Մեխակ Առաքելյանը շաբաթ օրը Ստեփանավան այցի ժամանակ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով լուծել իր ընտանիքի տան խնդիրը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ ու վիրավորական էր արձագանքել:
Վարչապետը հանդիմանել էր տղամարդուն՝ ասելով, թե նա լինելով «առողջ տղամարդ», աշխատելու և տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում՝ առանց տեղեկանալու, թե իրականում այդ երիտասարդ տղամարդն ինչ առողջական խնդիրներ ունի և ինչպես է իրականում հայթայթում օրվա հացը:
Սակայն, արդեն քանի օր է՝ համացանցում դատապարտում են Նիկոլ Փաշինյանի պահվածքը, նույնիսկ խմբեր են ձևավորվել, երիտասարդ Մեխակ Առաքելյանին օգնություն տրամադրելու համար հաշվեհամարներ են բացվել:
Որոշ ժամանակ անց NEWS.am-ի հետ զրույցում կուրթանեցին նշել էր, որ ինքն այնքան էլ առողջ չէ. «Հիվանդ տղա եմ ես։ Ողնաշարիս երկու գրիժա կա, դիսկերս մաշված են, մի քանի անգամ «Շտապօգնություն» ենք կանչել, եկել ցավազրկել, գնացել են։ Բրոնխիտ ունեմ, որ տվել ա թոքերիս։ Բանակում չեմ ծառայել անգամ, ուղարկել էին բուժզննման Երեւանում, ասեցին՝ պիտանի չես ծառայության։ Բացի ողնաշարս, նաեւ երիկամների խնդիր ունեի։ Դա ծանր աշխատանքից էր, 11 տարեկանից աշխատել եմ՝ տուկ եմ բարձել օրը 3000-ով, 4000-ով, դաշտային գործեր եմ արել։ Հետո ռեմոնտի գործ էի անում, մի քանի տարի Ռուսաստան գնացի, բայց ամեն անգամ խաբվում էի։ Մի կերպ աշխատել եմ, որ մի հատ կով եմ ստեղծել՝ երեխեքին կաթ լինի։ Երնեկ ես առողջություն ունենայի, դուրս գայի, մի տեղ աշխատեի, տուն ստեղծեի։ Իմ դուրն էլ չէր գա, որ ես գնայի, պարոն Փաշինյանին ասեի՝ էս բանն ա պետք։ Բայց ես հիմա չեմ կարողանում մի վեդրո էլ վեր քաշեմ, տանը թեթեւ գործեր որ լինում ա, անում եմ»,- ասել էր նա ու նշել. «Ես գնացել էի վարչապետին խնդրեի, որ գոնե քարից երկու սենյականոց տնով օգնեն, որ խոնավ չլինի, երեխեքը չհիվանդանան։ Ուղղակի ես չկարողացա խոսեմ, ամաչեցի, որ առաջին անգամ հանդիպեցի իրեն, պապանձվեցի, խոսքերս դուրս չեկան, որ ասեի, ինքն ինձ հաղթեց էլի, ինքն ինձ ինչ պետք էր, ասեց... Ես էլ, որ բան չխոսացի, ինքը սկսեց ինձ՝ որ առողջ տղա ես, խի չես աշխատում, էլ չկարողացա խոսեմ։ Էսօր իմ վերաբերյալ շատ վատ բաներ են գրում, մեկը գրել ա՝ բոմժ ես, մեկը գրել ա՝ եսիմինչ ես, ասել եմ՝ ոչինչ, վերեւը Աստված կա, թող ասեն»։