Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայերի բնակության վայրերի աշխարհագրական բազմազանությունը մեր ժողովրդի երկարամյա պատմության ու ողբերգությունների հետևանք է: Ապրելով այլ երկրներում՝ հայերը մշտապես բախվել են ուծացման խնդրին, և ինքնության պահպանմանը նպաստել են մայրենի լեզուն ու կրոնը: Yerkir.am-ը tabloid.am-ի հետ ներկայացնում է մի քանի էկզոտիկ երկրներում կառուցված հայկական եկեղեցիներ:
Բանգլադեշ. Սուրբ Հարություն եկեղեցի
Կառուցվել է 1781 թվականին, գտնվում է մայրաքաղաք Դաքքայի հին մասի Արմանիտոլա թաղամասում: Եկեղեցին քաղաքի ամենահին կառույցներից է: Այն օծել է եպիսկոպոս Եփրեմը, որն ավելի ուշ՝ 1809-ին, դարձել է Ամենայն Հայոց կաթողիկոս՝ Եփրեմ Ա Ձորագեղցի: Այսօր եկեղեցին փակ է, այնտեղ մտնելու համար հարկավոր է իշխանությունների հատուկ թույլտվությունը:
Սինգապուր. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Եկեղեցին գտնվում է Հիլ Սթրիթ փողոցում, Սինգապուրի հնագույն քրիստոնեական տաճարն է: Այն ճանաչվել է որպես ազգային հուշարձան և պահպանվում է պետության կողմից:
1833-ին եկեղեցու կառուցման համար Սինգապուրի իշխանությունները հայկական համայնքին հողատարածք էին տրամադրել: Ի դեպ, այդ ժամանակ հայկական համայնք ասվածն ընդամենը 44 մարդ էր: Եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1835 թվականին, օծվել է 1836-ի մարտի 26-ին:
Մյանմա (Բիրմա). Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Կառուցվել է 1862 թվականին Բիրմայի թագավորի կողմից Յանգոն քաղաքում հատկացված հողատարածքում: 1871-1872 թթ. մարդահամարի տվյալներով՝ Բիրմայում բնակվում էր 466 հայ: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին գտնվում է Աունգ Կյավ 66 հասցեում:
Արաբական Միացյալ Էմիրություններ. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Եկեղեցին գտնվում է Շարժա քաղաքի Յարմուկ շրջանում՝ երկրի աշխատանքի և սոցիալական գործերի նախարարությունից 300 մ հեռու: 1979 թվականին երկիր է այցելում Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիտասարդ քահանա Օշական Չալոյանը և 1980-ին նշանակվում կաթողիկոսի ներկայացուցիչ Քուվեյթում ու Պարսից ծոցի երկրներում: Համարվում է, որ եկեղեցին էլ կառուցվել է 1980-ին: Այսօր ԱՄԷ-ում բնակվում է մոտ 5000 հայ:
Վենեսուելա. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Կառուցվել է մայրաքաղաք Կարակասում 1987-ին: Եկեղեցուն կից գործում են կիրակնօրյա դպրոց և երգչախումբ: 2001-ին եկեղեցու կողքին կանգնեցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան (Վենեսուելայի խորհրդարանը 2005-ի հուլիսի 14-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը): Վենեսուելայի հայկական համայնքը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին Մերձավոր Արևելքից՝ հիմնականում Սիրիայից ժամանածներից: Ներկայումս Վենեսուելայում բնակվում է մոտ 4000 հայ, որոնցից 1000-ը՝ Կարակասում:
Սվազիլենդ. Սուրբ Հարություն եկեղեցի
Գտնվում է աֆրիկյան Սվազիլենդի Մբաբանե մայրաքաղաքում: Շինարարությունը նախաձեռնել է Գրիգոր Դերբելյանը՝ ցեղասպանությունից մազապուրծ հայերի ժառանգ: Ցեղասպանության ժամանակ նրա մայրը՝ 20 օրական երեխան գրկին, ոտքով հասել է Կահիրե՝ ամուսնու մոտ, սակայն մի քանի ամիս անց՝ մահացել: Եկեղեցին կառուցվել է 1989 թվականին, ունի երկու գմբեթ, մեկը զանգակատուն է: Եկեղեցու հետին պատը հենված է հսկայական քարի, որը խորանի հիմք է ծառայում՝ Գեղարդի եկեղեցու նման: