կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-22 22:01
Հասարակություն

Որտեղ հայ կա, Դաշնակցությունն այնտեղ անելիք ունի. Հրանտ Մարգարյան

Որտեղ հայ կա, Դաշնակցությունն այնտեղ անելիք ունի. Հրանտ Մարգարյան

Եթե չանցնեք ԱԺ, որո՞նք է լինելու Դաշնակցության հետագա քայլերը, ունե՞ք ծրագիր. «Երկիր Մեդիա»-ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ քաղաքացիներից մեկն այս հարցն է տվել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

Նա, վստահեցնելով, որ ՀՅԴ-ն անցնելու է Ազգային ժողով, ասել է. «Ես հավատում եմ, որ անցնելու ենք, որովհետև կարծում եմ` եթե վիճակը բարդանում է, Դաշնակցությունն ավելի փնտրված է լինում: Այսօր մենք ունենք լուրջ դժվարություններ, մտահոգություններ,  իսկ Դաշնակցությունն իսկապես անհրաժեշտ է»,- ասել է Մարգարյանը:

Անդրադառնալով ԱԺ չանցնելու հավանականությանը` նա նշել է, որ ամեն դեպքում Դաշնակցությունը շարունակելու է իր գործը: «Եթե անգամ չանցնենք, կանենք այն, ինչ արել ենք միշտ` զբաղվելու ենք Հայաստանով և հայ ժողովրդով, Հայ Դատի պայքարով: Իշխանությունը մեզ համար երբեք նպատակ չի եղել: Իշխանությունը մեզ համար միջոց է եղել մեր հիմնական նպատակն իրականացնելու համար` ստեղծել անվտանգ պայմաններ և զարգացման հնարավորություններ ժողովրդի համար»,- ասել է Մարգարյանը:

Նրա խոսքով` պետությունը, իշխանությունը միջոց է այդ նպատակին հասնելու, այդ նպատակը երաշխավորելու համար, իսկ Դաշնակցությունը միշտ անելիք ունի: «Մենք Սփյուռքում անելիք ունենք, Հայաստանում անելիք ունենք, Արցախում, Ջավախքում, Արևմտահայաստանում ունենք անելիք: Այնտեղ, որտեղ հայ կա, մենք անելիք ունենք, և այդ անելիքն ինչ-որ զբաղմունք չէ, այլ` հիմնական գործ»,- շեշտել է Մարգարյանը:

Նա նշել է, որ հաճախ իրեն ասում են, որ դասականորեն ՀՅԴ-ն Սփյուռքում եղել է այդ պատճառով: «Լավ, 28 տարվա անկախության ընթացքում բոլորի հետ միասին մենք Հայաստանում աշխատել ենք: Ինչո՞ւ մենք ունեցել ենք կառույց Վրաստանում, Արցախում, Ռուսաստանում, Ուկրաինայում, մյուսները չեն ունեցել: Որովհետև մեզ համար հայ ժողովրդի ամեն մասնիկ արժեք է և նրան կազմակերպել, ներառել հայ ժողովրդի, այսպես ասած, համահայկական ցանցի մեջ մեզ համար ռազմավարական առաջնահերթություն և կարևորություն ունի: Ամեն մաս պետք է բաղկացուցիչ մասը դառնա քո մեծ ուժի: Մենք դա ենք անելու»,-ասել է Մարգարյանը` հավելելով, որ Դաշնակցությունն  անելիք ունի այնտեղ, որտեղ հայկական շահ կա, և որտեղ հայկականությունը կարող է վտանգվել:

Նրա համոզմամբ` Դաշնակցությունը չի ստեղծվել, որ իշխանություն դառնա: Այնուամենայնիվ, Մարգարյանը նշել է, որ գուցեև սխալվել են` կոալիցիաների մաս կազմելով` թե՛ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, թե՛ Սերժ Սարգսյանի ժամանակ, թե՛ Նիկոլ Փաշինյանի ժամանակ:

«Որովհետև սկսեցինք քչով բավարարվել, սկսեցինք մեր դերակատարության սահմանները փոքրացնել, այնինչ մենք` որպես կուսակցություն, պետք է փորձեինք հասնել ամբողջական իշխանության: Ես ձեզ ասեմ` այս ընտրությունը մեզ համար դառնալու է այն հենարանը, որից մենք հասնելու ենք ամբողջական իշխանության, որպեսզի կարողանանք արդար Հայաստան ստեղծել, միացյալ Հայաստան ստեղծել, կարողանանք տեր կանգնել ամբողջ հայությանը և հայկականությանը, կարողանանք հայությանը մեկտեղել Հայաստանում: Մենք պիտի կարողանանք մեր ազգային երազանքն իրականացնել: Մենք այդ նպատակով կուզենք իշխանություն լինել, բայց որ չլինենք, աշխարհը չի վերջանա, այլ ձևով կսկսվի մեզ համար»,- ասել է Հրանտ Մարգարյանը: