կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-25 12:25
Իրավական

«Համալսարանը տանուլ տվեց իրեն նետված մարտահրավերը». ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Վաղարշյանի հայտարարությունը

«Համալսարանը տանուլ տվեց իրեն նետված մարտահրավերը». ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Վաղարշյանի հայտարարությունը

ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանն իր վրդովմունքն է հայտնել փետրվարի 20-ին Հոգաբարձուների խորհրդի ձախողված նիստի մասին եւ հանդես եկել հայտարարությամբ. հայտնում է Yerkir.am-ը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այդ օրը հրավիրված նիստի առաջարկվող օրակարգում ներառված էին 2018-19 ուստարում «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվության ներկայացում եւ 2016-2020 թթ. «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2018-19 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատում:

Բացի այդ՝ առաջարկվող օրակարգում ներառված էր նաեւ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2019 թ. (հունվար-դեկտեմբեր) եկամուտների եւ ծախսերի կատարողականի մասին հաղորդում:

Բայց Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել՝ քվորում չլինելու պատճառով: Ընդ որում՝ նիստին ներկա չէին ինչպես համալսարանականներ, այնպես էլ լիազոր մարմնի կողմից առաջադրված եւ ԵՊՀ գործընկեր գործատուներ համարվող  անդամներ: Բացի դրանից՝ իրենց ներկայությունը չէին ամրագրել նաեւ ուսանող անդամները՝ այդ կերպ իրենց բողոքը հայտնելով  «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարման խորհրդի կազմում ուսանող անդամների թվի կրճատման վերաբերյալ:

Տապալված նիստից հետո Արթուր Վաղարշյանը հանդես է եկել հայտարարությամբ. այն ամբողջովին ներկայացնում ենք ստորեւ.

«Մոտ մեկ տարվա գործընթացներում փորձել եմ գործել հանուն օրինականության եւ համալսարանի: Երբ որ հրապարակվեց սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմի մրցույթը, ցանկանում էի մասնակցել մրցույթին։ Փորձեցի գնահատել աշխատանքային գրաֆիկս կես տարվա կտրվածքով, հասկացա, որ այն բավականին բարդ է` ծանրաբեռնված հաստիքային աշխատանք, շվեդական համալսարանի հետ համատեղ անգլերեն մագիստրատուրա բացելու բանակցային գործընթաց, բովանդակային լրիվ նոր մագիստրոսական ծրագրի մշակում, եւ այդ ամենը պետք է իրականցվեր մինչեւ ամառ:

Հասկացա, որ կձախողեմ: Հանրապետական քաղաքական իրավական գործընթացնե՞ր, թե՞ համալսարան: Ես ընտրեցի համալսարանը: Սակայն հիմա՝ այս հետաքրքիր օրը, 20.02.2020 թվականին, ինձ պարտված եմ զգում: Պարտված, որովհետեւ համալսարանը տանուլ տվեց իրեն նետված մարտահրավերը` մեկ տարվա ընթացքում չկարողանալով կենտրոնանալ հավակնություններ ունեցող համալսարանական մեկ թեկնածուի վրա, առաջադրել նրան: Տանուլ տվեցին նաեւ իշխանությունները, որովհետեւ նրանք մեկ տարվա ընթացքում չկարողացան ներկայացնել մեկին եւ հստակ ասել` նա է ԵՊՀ ռեկտորի թեկնածուն:

Ինչու իրադարձություններն այսպիսի ընթացք ստացան: Շատ տեղեկացված չեմ, որովհետեւ խորհրդի եզակի անդամներից եմ, ում հետ ոչ մի ներհամալսարանական եւ արտահամալսարանական ուժ չի փորձել երբեւիցե բանակցել: Դա մի կողմից լավ էր, որովհետեւ պահպանել եմ իմ ինքնուրույնությունը: Սակայն մյուս կողմից էլ հայտնվեցի բոլոր` եւ՛ դրսի, եւ՛ ներսի ուժերի թիրախում:

Գործընթացները դուրս են եկել իրավական հունից: Ո՞րն է ապագան: Կարծում եմ` գործընթացները գնալու են անկառավարելիության էֆեկտի ստեղծմանը, որն ունի երեք ելք:

Եթե Հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ավարտին չմնար մեկ ամիս, հրաժարական կտայի: Հաջորդ կազմին չեմ ցանկանում մասնակցել: Չեմ հարգում մարդկանց, որոնք սիրում են իրենց համալսարանում, այլ ոչ թե համալսարանն իրենցում: Մարդկանց, որոնք ոչինչ չեն արել համալսարանի համար, բայց պահանջում են անվերջ, մարդկանց, որոնք օրվա ընթացքում մի քանի գույն են ընդունում»։