Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրության փոփոխության գործընթացը խնդրահարույց է ի սկզբանե, քանի որ նախագիծը շրջանցել է սահմանադրական վերահսկողությունը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
Նրա դիրքորոշումն այն է, որ կարելի էր ոչ թե Սահմանդրության փոփոխության նախագիծ դնել հանրաքվեի՝ ապօրինի շրջանցելով ՍԴ հաստատումը, այլ նոր Սահմանադրության նախագիծ, ինչը, ըստ ընթացակարգի, չի պահանջում ՍԴ վավերացում։
Մինչդեռ ներկա տեսքով՝ նախագիծը ԱԺ-ն չէր կարող ուղարկել հանրապետության նախագահի ստորագրմանը, հանրապետության նախագահը չէր կարող այդ հանրաքվեն նշանակել։
«Բնականաբար, այդ հանրաքվեն անցկացնելու դեպքում էլ իր տակ լուրջ իրավական ռումբ է ունենալու, որը ցանկացած ժամանակ ցանկացած ուժ այս իշխանության դեմ կարող է օգտագործել»,-նկատեց Արա Զոհրաբյանը։
Փաստաբանների պալատի նախագահը մտավախություն ունի, որ Սահմանադրական դատարանի դատավորների նոր կազմը կհամալրվի քաղաքականացված մարդկանցով, որովհետև իշխող ուժը կբերի իրեն հարմար և ոչ ընդդիմադիր կեցվածքով անձանց և երկրորդ՝ կարող է խնդիր առաջանալ պրոֆեսիոնալիզմի հետ կապված։
Արա Զոհրաբյանը բացատրում է, թե ինչու․ «Սովորաբար երբ սերնդափոխություն է տեղի ունենում իշխանության ներսում, երիտասարդները փոխարինում են տարեցներին։ Նման ցնցումների դեպքում գալիս է նոր թիմ, ընդ որում, նոր թիմը իշխանության միջից չի դուրս եկել, Նիկոլ Փաշինյանը իշխանության ներսում չի եղել՝ ընդդիմադիր է եղել և պետականաշինության հարցում փորձառություն չի ունեցել։ Հիմա բնական է, որ նոր թիմը բերում է իր կադրերին և այստեղ սխալվելու հավանականությունը շատ մեծ է։ Կադրերը, որոնք պետական համակարգի մեջ են եղել և աշխատել են վստահության դեֆիցիտ են ունենալու, իսկ իրենց հետ բերվող կադրերը, բնականաբար, արդեն փորձի պակաս են ունենալու»։
Այս եզրակացության համար հիմք են ԱԺ իշխող խմբակցության պրոֆեսիոնալ մակարդակը և պատգամավորների հռետորաբանությունը։
«Տեսեք, օրինակ, եթե Փաստաբանների պալատը քննադատում է այս գործընթացը, իրենց պատգամավորը կարող է իրեն թույլ տալ՝ փաստաբանների մասին ընդհանրական վատ արտահայտվել։ Սա խոսում է այն մասին, որ իրենք ծանրակշիռ չեն իրենց խոսքի և գործի մեջ։ Եվ այս առումով, բնականաբար, այդ արկածախնդրության ռիսկը մեծ է»,-ասաց նա։
Արա Զոհրաբյանը պատկերավոր համեմատություն արեց՝ ոչ պրոֆեսիոնալ ազնիվ ավտոբուսի վարորդը պակաս վտանագվոր չէ պրոֆեսիոնալ խարդախ ավտոբուսի վարորդից, որովհետև ինքն ավտոբուսը վարելու հմտություն չունենալով՝ կարող է ավտոբուսը, օրինակ, գլորել ձորը․ «Ես հասկանում եմ ինչո՞ւ են ընտրում այն մարդկանց, ում ճանաչում են, բայց պետք է հասկանան, որ վստահելի ոչ պրոֆեսիոնալը իրենց ամենաշատ վնասն է հասցնելու»։
2018 թ-ի հայտնի ապրիլյան իրադարձությունները Արա Զոհրաբյանը համարում է իշխանափոխություն, որն անվանվում է հեղափոխություն։ Եթե հենց սկզբից նոր Սահմանադրություն ընդունելու միջոցով բոլոր համակարգերը փոխվեին, նա դեռ տրամաբանություն կտեսներ։ Բայց երբ որոշ՝ հին կադրերով համալրված համակարգեր շարունակում են աշխատել, իսկ կոնկրետ մեկ այլ համակարգի՝ ՍԴ-ի, հանդեպ ուշադրությունը հատուկ սրվում է, նրա համոզմամբ՝ հանրության մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ։
Այս «ինչո՞ւ»-ի պատասխանը Արա Զոհրաբյանը կարող է ենթադրել մամուլում լույս տեսած մտքերից․ «Դա կապում են, օրինակ, քաղաքական զգայուն քրեական գործերի հետ, Ստամբուլյան կոնվենցիայի հետ․․․ չեմ կարող ասել՝ որքանով է դա իրատեսական, բայց նույնիսկ եթե հիմա են հասկացել, որ այդ համակարգը իրենց խանգարում է, պետք է գործընթացը կազմակերպել ճիշտ սահմանադրական ուղիով։ Օրինակ, հնարավորություններից մեկը նոր Սահմանադրություն ընդունելն է։ Այս դեպքում ՍԴ-ն շրջանցելու իրավական ճանապարհ կունենային»։
Ժամկետի խնդիրը ևս, նրա խոսքով, պատրվակ լինել չի կարող․ Սահմանդրության փոփոխությունն էլ, նոր Սահմանդրության ընդունումն էլ, ընթացակարգային առումով, նույն ժամանակահատվածն են պահանջում։
«Ես որևէ անձնավորված բան չունեմ ոչ վարչապետի, ոչ նրա թիմի նկատմամբ, ընդհակառակը, ես կուզեմ, որ նոր իշխանությունը ժողովրդի վստահության քվեն օգտագործի հավուր պատշաճի, կարողանա ժողովրդին ոչ թե հուսահատեցնել, այլ հասցնել նրան, որ բոլորս լավ ապրենք, իմ նպատակն էլ է դա։ Բայց դա չի նշանակում, որ բոլորս պետք է տեսնենք թերություններ և չխոսենք, մանավանդ որ 2018թ ապրիլից հետո խոսում ենք նոր Հայաստանի մասին, այսինքն, Հայաստան, որտեղ յուրաքանչյուրը կարող է իր մտքերն անվախորեն արտահայտել։ Այս պայմաններում տեսնել-չխոսելը սխալ կլիներ»,-ասաց Արա Զոհրաբյանը։
Իշխող ուժի պատգամավորներից մեկը կասկածի տակ առավ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի անաչառությունը՝ ասելով, որ նախորդ իշխանությունները նրան ադամանդազարդ շքանշան են նվիրել։ Այս պատճառաբանությամբ նա արդարացնում էր Սահմանադրության փոփոխության նախագիծը Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական գնահատականին չարժացնելը։
Արա Զոհրաբյանի համոզմամբ՝ գյուղում նստած հեռուստադիտողի վրա, միգուցե, այս հայտարարությունը ազդեցություն թողնի, բայց այդ մտքերը կարդում են նաև արտերկրում, կարող է կարդալ նույն այդ անձը և ապագայում Հայաստանի մասին գնահատականը կարող է լինել բացասական լրիվ այլ հարցերով։
«Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն արտահայտվելիս պետք է այդ հարցը հաշվի առնեն․ իրենք այլևս ընդդիմադիրները չեն, որ կարող են խոսել՝ առանց պատասխան տալու այդ խոսքերի հետևանքների համար, իրենց ցանկացած միտք ունի հետևանք։ Իհարկե, ես չեմ իրենց խորհրատուն այդ հարցում, բայց ես կարծում եմ, որ դա բացասական ազդեցություն կունենա մեր երկրի վարկանիշի համար առնվազն այդ մարդու աչքերին»,-ասաց նա։
Իշխանություն կրողի կողմից նման անհանգիստ շարժումները կարող են բացասական հետևանքների բերել՝ կարծում է Արա Զոհրաբյանը։
Նրա դեմ սպառնալիքներ չեն եղել, բայց Փաստաբանների պալատի հանդեպ անբարյացակամ վերաբերմունք կա և դա դրսևորվում է ազդակներով։
Այդ ազդակներից մեկն այն է, որ Փաստաբանության մասին օրենքում փոփոխություւն կատարելու նախագիծը կառավարության հավանությանն արժանանալուց, գլխադասային երկու հանձնաժովի հաստատումից և առաջին ընթերցմամբ ընդունումից հետո երկրորդ ընթերցման ժամանակ, հանկարծ, «Իմ քայլը» խմբակցությունը ժողով է անում ու որոշում դեմ քվերակել։
Երկրորդ ազդակն այն է, որ Փաստաբանության 101-ամյակին ո՛չ վարչապետը շնորհավորեց, ո՛չ հանրապետության նախագահը։ «Հրավերներն ուղարկել էի՝ չներկայացան։ Սրանք բացահայտ վերաբերմունք են ինստիտուտի նկատմամբ։ Նախորդ իշխանությունը այս ցուցադրական հարցերում երբեք այսպես չէր անում»,-նկատեց Արա Զոհրաբյանը։
Իրենք, իհարկե, վիրավորվածություն չունեն՝ մասնագիտության բերումով սովոր են լինել անբարյացակամ վերաբերմունքի թիրախում, կան անվիճելի փաստեր, որոնց պատասխանը չունեն՝ ինչո՞ւ։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․