կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-05 19:59
Աշխարհ

Գինարբուքներ, արտաքնոցների համար հերթեր և փայտոջիլներ. հետաքրքրաշարժ մանրամասներ Յալթայի կոնֆերանսի մասին

Գինարբուքներ, արտաքնոցների համար հերթեր և փայտոջիլներ. հետաքրքրաշարժ մանրամասներ Յալթայի կոնֆերանսի մասին

Հինգ տարի առաջ ամերիկյան Vox լրատվական կայքը Յալթայի կոնֆերանսի 70-ամյակի կապակցությամբ (անցկացվել է 1945 թվականի փետրվարի 4-11-ը), հետաքրքիր մանրամասներ էր ներկայացրել իր ընթերցողներին հակահիտլերյան կոալիցիայի երեք երկրների առաջնորդների հանդիպման մասին: Բազմամարդ պատվիրակությունների «պալատական կենցաղի» մասին նման մանրամասներ, սովորաբար, չեն հրապարակվում: Քանի որ այս տարի լրանում է Յալթայի կոնֆերանսի 75-ամյակը, Yerkir.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Vox-ի հրապարակումը: 

1945 թվականի փետրվարի 4-ին մեկնարկեց Յալթայի կոնֆերանսը: Մեկ շաբաթվա ընթացքում Ուինսթոն Չերչիլը, Ֆրանկլին Ռուզվելտը և Իոսիֆ Ստալինը ծրագրեցին հետպատերազմական աշխարհի ճակատագիրը, քննարկեցին ներքին և արտաքին քաղաքական՝ միմյանց հակասող շահերը: Նրանց վիճակված էր մեկ շաբաթ անցկացնել նույն վայրում, այսինքն՝ միասին ճաշել, միասին խմել և պաշտպանվել անկողնային փայտոջիլներից:

Յալթան Ղրիմի թերակղզու առողջարանային քաղաք է, և այնտեղ հասնելն այնքան դժվար էր, որ Չերչիլը նույնիսկ ասել է. «Մենք չէինք կարողանա աշխարհում գտնել ավելի վատ վայր»:

Առաջնորդներից յուրաքանչյուրին տրամադրվել էր մեկական պալատ: Լիվադիայի պալատում Ռուզվելտն ու ամերիկացիներն էին, Չերչիլն ու նրա պատվիրակությունը Վորոնցովյան պալատում էին, իսկ Ստալինն ու նրա մերձավորները՝ Յուսուպովյան: Ինչ-որ իմաստով՝ «մեծ եռյակը» շքեղության մեջ էր:

Սակայն, արտաքին շքեղությանը զուգահեռ, կոնֆերանսի մասնակիցներին սպասում էին նեղվածքը, պատերազմի հետևանքով ավերված լանդշաֆտը և ամենօրյա անհարմարությունները: Ու թեև յուրաքանչյուր պատվիրակություն մի պալատ ուներ, Չերչիլը Յալթան բնորոշել էր որպես «Հադեսի Ռիվիերա»:

Յալթան պատմության մեջ մտավ որպես դիվանագիտական պարադոքս. երբեմն պատմական համաձայնագրերի կնքման համար վճռականություն ու կամք հարկավոր չէ, այլ՝ անբովանդակ աշխարհիկ զրույցներ ու շատ ալկոհոլ:

Մինչ երեք կողմերի որոշ ներկայացուցիչներ զգում էին պատմության հզոր ճնշումը, Չերչիլն օգտվում էր խմելու հնարավորությունից: Նա սիրում էր առավոտյան ուշ վեր կենալ, և ինչպես Յալթայի կոնֆերանսի շատ մասնակիցների սենյակներում, նրա մոտ էլ օղի կար: Եթե հավատանք Ռուզվելտի խորհրդական Հարի Հոփքինսի գրառումներին, Չերչիլը նաև համարում էր, որ վիսկին «լավ օգնում է տիֆի դեմ և մահացու է ոջիլների համար»:

Չերչիլը Յալթա էր բերել իր սիրելի ծխախոտատուփը, որն անընդհատ լցվում էր նրա օգնականների կողմից. Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ռիկ Աթքինսոնն իր «The Guns at Last Light» գրքում նշում է, որ բրիտանացիներն իրեն հետ Յալթա էին տարել 500 սիգար:

Ընթրիքին բազմապիսի ճաշատեսակներ էին մատուցվում, դրա հետ մեկտեղ  հարկ էր լինում ժամերով սպասել զուգարանի հերթերում:

Թեև պատվիրակություններն ապրում էին պալատներում, դրանք հարմարեցված չէին ավելի քան հարյուր մարդ ընդունելու համար: Ամենամեծ խնդիրը սանհանգույցներն էին: Լիվադիայի պալատում դրանք ընդամենը 9-ն էին: Լրացուցիչ «արտաքնոցներ» փորվել էին պալատի հարևանությամբ՝ այգում: Միայն Չերչիլն ու Ռուզվելտն ունեին իրենց զուգարանները, իսկ Ստալինը հերթ էր կանգնում:

Ամերիկյան և բրիտանական պատվիրակությունների համար խորթ էր նաև այն, որ սպասուհիները սենյակներն էին մտնում առանց դուռը թակելու:

Տղամարդիկ ստիպված 6-9 հոգով քնում էին մի սենյակում: Մահճակալներին բարակ ներքնակներին էին, այնքան բարակ, որ, ըստ Աննա Ռուզվելտի,  «ես զգում էի զսպանակները»:

Նրա վկայություններով՝ Լիվադիայի պալատի անկողիններում վխտում էին փայտոջիլները, ոջիլները և այլ «սարսափելի էակներ»: Նույնիսկ ընթրիքի ընթացքում հնարավոր չէր լինում հանգիստ նստել՝ սեղանների տակ թաքնվում էին մոծակները: Կոնֆերանսի անցկացման ամբողջ ընթացքում բրիտանացիներն ու ամերիկացիները տառապում էին անասելի քորից, սակայն միջատներից ազատվելու առաջարկվող եղանակն ավելի վատն էր՝ զինվորները սենյակները մշակում էին միջատասպան թունավոր միջոցներով:

Երկրների առաջնորդներն իրենց հատկացված պալատներում ընթրիքներ էին կազմակերպում, և դրանք մշտապես ուրախ միջոցառումներ էին՝ ալկոհոլի մեծ քանակությամբ, բայցև աշխարհաքաղաքական լարվածության նշաններով:

Փետրվարի 8-ին Ստալինը հյուրերին հրավիրել էր իր պալատը: Դիվանագետ Ավերել Հարիմանի դստեր՝ Քեթլին Հարիմանի հիշողություններով՝ «Ստալինը լիաթոք զվարճանում էր, լավ տանտեր էր, իսկ նրա 3 բաժակաճառերը հիասքանչ էին»:

Ըստ «Ռուզվելտի ցենտուրիոնները» գրքի հեղինակ Ջոզեֆ Պերսիկոյի և պետդեպարտամնետի գրառումների՝ կողմերը բազմաթիվ նվերներ էին փոխանակել, այդ թվում՝ ամերիկացիները ստացել էին գինի, կարմիր խավիար և թունդ սիգարներ, ռուսները՝ հատուկ պատվերով պատրաստված մեդալներ: Ի դեպ, ամերիկացիներին ու բրիտանացիներին խորհուրդ էին տվել թեյավճարի փոխարեն սպասարկող անձնակազմին սիգարետ, կոնֆետ և մաստակ նվիրել:

Փետրվարի 9-ի հայտնի ֆոտոսեսիայից հետո, երբ Ստալինն ու Չերչիլը որոշել էին նստել, որ Ռուզվելտի ֆիզիկական անկարողությունը չերևա, Յալթան կրկին դարձավ քաղաք-ուրվական:  Փետրվարի 11-ին պատվիրակությունները ձգտում էին ժամ առաջ լքել քաղաքը, սակայն փայտոջիլներով, ալկոհոլի հոտով և առանց զուգարանների Յալթան մշտապես մտավ պատմության մեջ: