կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-05 14:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր ԱԳՆ-ն «ԼՂ ադրբեջանական համայնքի ճանապա՞րհն է բացում»․ Կարեն Բեքարյան

Ժնևում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ հանդիպումն ի ցույց դրեց բավական երկար ժամանակահատված տևած կեղծիքը, թե՝ չկա որևէ բանակցություն, որ սեղանին փաստաթուղթ չլինի՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանը «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին․ արտաքին և ներքին անվտանգություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

«Մենք լավ հիշում ենք, որ սկզբունքների եւ տարրերի բառակազմը մշտապես կիրառվել է Մադրիդյան սկզբունքների կամ նրա որեւէ վարիացիայի նկատմամբ: Այն, որ կա փաստաթուղթ եւ կա գործընթաց, անգամ դրա տակ եղավ ԱԳ նախարարի ստորագրությունը»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ երկօրյա հանդիպումների արդյունքում եղավ հնգակողմ հայտարարություն, եղավ նաեւ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, իսկ հայտարարության մեջ ուղղակիորեն քաղաքական գործընթացին հղում կա՝ սկզբունքների եւ տարրերի մասով:

Բեքարյանի գնահատմամբ՝ աբսուրդ է, երբ գլխավոր բանակցողը իբրև բանակցային հիմնական փաստաթուղթ, որը ժառանգություն է ստացել, վկայակոչում է ինչ-որ լրատվամիջոցի հրապարակում․ «Սա աբսուրդի ժանրից է: Այսինքն`դու տեղյակ չես այդ ժառանգությանը փաստաթղթային իմաստով, եւ պետք է հենվես ինչ-որ լրատվամիջոցի հրապարակման վրա՞: Հետևից էլ ասես, որ քանի որ այդ հրապարակմանը հերքում չի եղել, երևի ես դա ընդունեմ որպես փաստ: Այսինքն` մենք այստեղ գործ ունենք մի փաստի հետ, որ սեփական հանրության նկատմամբ հարգանքի լիակատար բացակայություն կա: Միայն այդ պարագայում է հնարավոր հիմարի տեղ դնել բոլորին: Որքան շուտ մեր հանրությունը սա գիտակցի, այնքան ավելի շուտ կհասկանանք մարտահրավերները»։

Կապանի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումը` Արցախում նախագահի թեկնածուներին` ասելով՝ տվեք ձեր կարծիքը, և եթե դուք նման փաստաթղթի շուրջ համաձայն եք, որ բանակցենք, ես խնդիր չունեմ, կբանակցեմ եւ շատ արագ դա կհայտնվի սեղանին, Կարեն Բեքարյանը էժանագին քայլ է որակում․ «Ոչ բոլոր թեկնածուները արձագանքեցին, իսկ արձագանքածները մրցավազքի մեջ մտան՝ հայտարարելով, որ իհարկե, համաձայն չենք դրան: Ստացվում է, որ գործընթացին չմասնակից սուբյեկտը, այս դեպքում թեկնածուն, տալիս է արձագանք մի բանի վերաբերյալ, որի ամբողջական պատկերը չունի: Բայց այստեղ տեղի է ունենում ամենաունիկալը: ՀՀ ԱԳ նախարարը Ժնևում, թքած ունենալով վարչապետի տված հարցմանը Արցախից եկած պատասխանների վրա, քննարկում է այն փաստաթուղթը, որն, իբրև թե, բացահայտում էր վարչապետը եւ հարցնում Արցախի նախագահի թեկնածուների կարծիքը: Այստեղից հարց. եթե ԱԳ նախարարը շրջանցել է վարչապետի հրահանգները, մենք դա պետք է տեսնեինք: Եթե չի շրջանցել, ապա ո՞ւմ համար էր այս թատրոնը, ո՞րն էր այս թատրոնի նպատակը: Այս գործընթացը տրանսֆորմացվել ու տարածվել է միջազգային հանրության վրա, եւ ՄԱԿ-ի ԱԽ երեք անդամ երկրի վրա՞: Չկա որեւէ տրամաբանություն այս ընթացքի մեջ»:

Անդրադառնալով Ժնևի հանդիպումից հետո Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը, որտեղ նշվում է, որ ճիշտ կլինի, որպեսզի բանակցային գործընթացին հնարավորինս շուտ մասնակցեն Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչները, Կարեն Բեքարյանը նկատեց. «Սա արտահայտություն էր` ֆիքսած նախադասության մեկ հատվածից, 1992 թվականի դեռեւս ԵԱՀԽ արձանագրությունից, որտեղ նշվում էր Մինսկի կոնֆերանսի պատրաստման ժամանակ մասնակից կողմերին: Այդ շարքում դնում էր այդ արտահայտությունը հետեւյալ տարբերությամբ` «Արցախի ժողովրդի ընտրյալ և այլ մասնակիցները»»:

Տարիներ շարունակ Ադրբեջանը փորձել է հիմնվել ԵԱՀԿ-ի հենց այս արտահայտության վրա, որպեսզի բանակցային գործընթացին ներգրավի ադրբեջանական համայնքը, նրան տեղավորելով այդ «այլ»-ի մեջ՝ նկատեց Բեքարյանը: Սա, ըստ նրա, տարիների ընթացքում եղել է Ադրբեջանի հիմնական կռվաններից մեկը, որ Ղարաբաղի ժողովրդի մեջ մտնում է նաև ադրբեջանական համայնքը․ «Մենք գործ ունենք տգիտության կամ ծրագրավորված դավադրության հետ: Եթե մեր ԱԳՆ-ի նպատակը ֆորմալ փաստաթղթային հիշեցումն էր, որ կա հիմք Արցախը բանակցային սեղան բերելու, նա առնվազն ուներ հնարավորություն` հենվելու 1994-ի Բուդապեշտի գագաթաժողովի վրա, որտեղ նշված էր, որ հակամարտության կողմերը հրադադարը ստորագրած կողմերն են»:

Կարեն Բեքարյանի խոսքով՝ ժնևյան բանակցությունների նույն օրը համանախագահներից մեկը լեգիտիմացնում է «Արցախի ադրբեջանական համայնք» կոչեցյալին՝ հանդիպելով այդ համայնքի ներկայացուցչի հետ:

«Մեր ԱԳՆ-ն այդ համայնքի ճանապա՞րհն է բացում»,- ասաց Կարեն Բեքարյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում․