Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս ցանցահենի որս են հայտարարել և՛ ԱՄՆ արդարադատության նախարարությունը, և՛ իրավաբանական մեծ «մկաններով»՝ վրդովված հրատարակչություններ: Ըստ yerkir.am-ի՝ շվեդական Dagens Nyheter թերթին հաջողվել է զրուցել Ալեքսանդրա Էլբակյանի հետ, որը հիմնադրել է գիտական գրականության ցանցահենային Sci-Hub գրադարանը:
Ըստ թերթի՝ ծրագրավորող Ալեքսանդրա Էլբակյանին անվանում են գիտական աշխարհի Ռոբին Հուդ կամ Էդվարդ Սնոուդեն: Գիտական ամսագրեր ու աշխատություններ տպագրող խոշոր հրատարակչություններ արդեն շատ տարիներ մեղադրում են նրան հեղինակային իրավունքների խախտման մեջ. չէ՞ որ նա մարդկանց օգնում է անվճար կարդալ իրենց հրապարակումները՝ շրջանցելով բաժանորդագրությունը: 2017-ի ամռանը Նյու Յորքի դատարանը վճռեց, որ Էլբակյանը 15 մլն դոլար փոխհատուցում պետք է վճարի աշխարհի խոշորագույն Elsevier հրատարակչությանը: Սակայն հրատարակչությունը դեռևս ոչինչ չի ստացել, քանի որ Էլբակյանը դատավարությանը չի մասնակցել և ԱՄՆ-ում որևէ սեփականություն կամ միջոց չունի, որն ԱՄՆ-ը կարող է բռնագրավել:
Նրա բնակության վայրը հայտնի չէ, իսկ հարցազրույց տալիս է միայն ծածկագրված առցանց երկխոսության միջոցով: Ապացուցելու համար, որ երկխոսության մեջ հենց ինքն է մտնում, Ալեքսանդրան կարճ տեսագրություն է ուղարկում և, պայմանավորվածության համաձայն, հաղորդագրություն թողնում Sci-Hub կայքի կողային մենյուներից մեկում:
«Նախընտրում եմ վարել ոչ հրապարակային կյանք, որպեսզի հրատարակչություններին ինձ վրա հարձակվելու հնարավորություն չտամ»,- թերթին գրել է Ալեքսանդրան:
Բացի Elsevier-ից, նրա դեմ դատական հայց են ներկայացրել մի շարք խոշոր հրատարակչական ընկերություններ, օրինակ՝ ACS-ն և Springer Nature-ը: Վերջերս հայտնի է դարձել, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունն է հետաքննություն սկսել՝ պարզելու համար Էլբակյանի կապերը ՌԴ հետախուզության հետ, սակայն, չնայած այդ ամենին, նա ոչ մի հետևանքից չի վախենում:
«Ինձ դա զվարճացնում է: Արդյո՞ք վախենում եմ, դեռևս ոչ: Դեռ որևէ էական բան տեղի չի ունեցել: Sci-Hub-ը ռուսալեզու նախագիծ է, և դա կասկածելի է թվում ԱՄՆ-ին: Ես զարմացած չեմ, որ հետաքննություն են սկսել այդ առիթով, ես սպասում էի դրան դեռևս մի քանի տարի առաջ»,- գրել է Էլբակյանը և, պատասխանելով թերթի հարցին՝ ռուսական պետության ու կայքի միջև կապ կա՞, նշել է. «Որևէ ուղղակի կապի մասին ես չգիտեմ: Մշտապես կարելի է գտնել անուղղակի, վերացական կապեր մարդկանց, իրադարձությունների և կազմակերպությունների միջև, սակայն ուղղակի համագործակցություն չկա»:
Շվեդական թերթը նշում է, որ հոդվածը գրելու պահին Sci-Hub գրադարանում եղել է 79 միլիոնից ավելի գիտական տեքստ, որոնցից ազատորեն և անվճար կարող է օգտվել ցանկացած մարդ: Տեքստերից յուրաքանչյուրը հեղինակային իրավունքի պոտենցիալ խախտում է: Էլբակյանը դա գիտի, սակայն համարում է, որ հետազոտությունների մասին իմանալու ազատ հնարավորությունն ավելի կարևոր է, դա օգնում է գիտությանն արագորեն նոր հայտնագործություններ անել, խթանում է առաջընթացը:
Էլբակյանին կանգնեցնելու փորձ անողներից մեկը Էնդրյու Փիթսն է՝ բրիտանական PSI կազմակերպության հիմնադիրը, որն արդեն շատ տարիներ հրատարակչությունների անունից հետապնդում է Էլբակյանին: Նա պնդում է, որ Sci-Hub-ը կիրառում է հետազոտողների և ուսանողների աքաունթների գողացված տվյալները՝ համալսարանների համակարգչային համակարգեր մոտք գործելու համար: Փիթսի խոսքով՝ ինքն ապացույցներ ունի, որ Sci-Hub-ն այդ տվյալները ստանում է խաբելով՝ այսպես կոչված, «ֆիշինգի» միջոցով:
Ալեքսանդրա Էլբակյանի չի հերքում, որ Sci-Hub-ը կիրառում է երրորդ անձանց աքաունթներ, սակայն ընդգծում է, որ տվյալների գողության մասին խոսք չկա:
«Հնարավոր է, որ Sci-Hub-ը տեղեկություններ է հավաքում աքաունթների մասին տարբեր աղբյուրներից, սակայն ինքը ֆիշինգով կամ նման ինչ-որ բանով չի զբաղվում: Բացի դրանից՝ աքաունթների մասին տվյալները ֆիզիկական օբյեկտ չեն, որոնք կարելի լինի գողանալ: Դրանք կարող են հայտնի լինել, սակայն՝ ոչ գողացված, ինչպես ինչ-որ իր»,- պարզաբանել է նա՝ առանց մանրամսնելու, թե այլ կերպ ինչպես է դա հնարավոր:
Քանի որ հրատարակչություններին չի հաջողվում դատական հայցերով հասնել Sci-Hub-ին, նրանք հույս են դրել ինտերնետ-պրովայդերների վրա: Օրինակ՝ Շվեդիայի արտոնագրային դատարանը վերջերս վճիռ է կայացրել, որ Bahnhof, Telia, Com Hem և այլ պրովայդերներ պետք է իրենց օգտատերերի համար արգելափակեն Sci-Hub-ը:
Սակայն Ալեքսանդրա Էլբակյանին այդ ամենը չի մտահոգում: Օգտատերերն, այնուամենայնիվ, կսրող են օգտվել նրա կայքից, եթե ժամանակին փոխեն իրենց IP հասցեն: Իսկ եթե մուտքի հնարավորությունն ամբողջությամբ վերանա, բոլոր նյութերն արդեն բեռնված են այլ՝ նման սերվիսում, այնտեղից էլ պատճենվել են բազմաթիվ գրադարանների կողմից:
«Այնպես որ՝ նույնիսկ եթե Sci-Hub-ը փակեն, ինչը, ես հույս ունեմ, երբեք չի լինի, նյութերն ազատորեն դիտելու հնարավորությունը կմնա»,- ասել է Ալեքսանդրան:
Ի դեպ, Sci-Hub կայքը բիթքոինային կամավոր նվիրաբերումներ է ստանում:
Ալեքսանդրա Էլբակյանը 31 տարեկան է, ծնվել է Ղազախստանում: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի գիտությունների թեկնածու է, լեզվաբանության մագիստրոս: Նա Sci-Hub-ի միակ հիմնադիրն է: Կայքը սկսել է գործել 2011-ից, և, Էլբակյանի պնդմամբ՝ ինքն ապահովում է կայքի աշխատանքն առանց որևէ մեկի օգնության: