կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-28 12:59
Տարածաշրջան

Թուրքիայի մեջլիսի քրդական կուսակցությունը կոչ է անում հայերին վերադարձնել Սանասարյան տունը

Թուրքիայի մեջլիսի քրդական կուսակցությունը կոչ է անում հայերին վերադարձնել Սանասարյան տունը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քրդական Ժողովուրդներ դեմոկրատական կուսակցության պատգամավոր Թումա Չելիքը անդրադարձել է Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության կողմից պոլսահայ համայնքին պատկանող Սանասարյան տան շենքի՝ 35 տարով վարձակալության մասին հայտարարությանը:

Հիշեցնենք, որ շինությունը բռնագրավվել էր պետության կողմից, 2014 թ. հանձնվել Հիմնադրամների վարչությանը, ինչից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանը բողոքարկել էր դատարանում, ինչն էլ բավարարվել էր 2017 թ., սակայն դատարանը հետագայում բեկանել էր որոշումը և այդ գործն արդեն գտնվում է Թուրքիայի Սահմանադրական դատարանում:

Չելիքը նշել է, որ շինությունը բռնագրավել են հայկական համայնքից և այն համարվում էր համայնքի խորհրդանիշներից մեկը. «Ստամբուլի Սիրքեջիում գտնվող Սանասարյան տունը (Sanasaryan Han) կառուցվել է 1895 թ. Մկրտիչ Սանասարյանի կողմից կարիքավոր երեխաներին կրթելու համար, իսկ դրա տնօրինությունը թողնված էր պատրիարքարանի վրա: Պատրիարքարանն այն օգտագործել է մինչև 1928 թ., սակայն Ստամբուլի նահանգապետարան, առանց դատական որոշման, բռնագրավեց այն: Հայ երեխաներին կրթող շինությունը երկար տարիներ օգտագործվել է կտտանքների համար», - նշում է Չելիքը:

Ծագումով ասորի պատգամավորը նաև հայտարարել է, որ Սանասարյան տունը պետք է վերադարձվի իրական տերերին, իսկ դրա շահույթն օգտագործվի հայ երեխաների կրթման համար:

Ի դեպ Սանասարյանը տանը, որն օգտագործվում էր որպես հարցաքննության վայր, պահվել և կտտանքների են ենթարկվել թուրք հայտնի ընդդիմադիր գրողներ Նազըմ Հիքմեթը, Էջե Այհան Չաղլարը, Ազիզ Նեսինը, Իլհան Սելչուքը, Հայկ Աչըքգյոզը, Ժակ և Վարդան Իհմալյանները, Արամ Փեհլիվանյանը: