կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-14 02:27
Հասարակություն

Հայերին կոտորողները մեջլիսի պատգամավորներ են

Հայերին կոտորողները մեջլիսի պատգամավորներ են

Բաքվում հայերի զանգվածային ջարդերը սկսվեցին 1990 թվականի հունվարի 13-ից, թեեւ մինչ այդ էլ հայերի հանդեպ իրականացվում էին բռնություններ, եւ ագրեսիան օր օրի բորբոքվում էր:

 

Հունվարի 19-ին ջարդերն արդեն ավարտվել էին, եւ շուրջ 200 հազար հայ բնակչություն ունեցող քաղաքում այլեւս հայեր չէին մնացել: Եվ միայն այդ ժամանակ Բաքվում արտակարգ դրություն հայտարարվեց. Բաքու հասան խորհրդային զորքերը:

 

«Մենք ամեն տարի հավաքվում ենք եւ մեկ շաբաթվա ընթացքում նույն բաներն ենք խոսում, եւ այդքանով ամեն ինչ վերջանում է: Ես կարծում եմ, որ արդեն բոլորը գիտեն, թե այդ ամենն ինչպես եւ երբ է կատարվել: Առաջարկում եմ մտածել այն մասին, թե ովքեր էին կանգնած այդ կոտորածների հետեւում եւ ինչու այդ մարդիկ մինչ օրս չեն պատժվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փախստականների խնդիրներով զբաղվող «Մեր տունը Հայաստանն է» ՀԿ-ի նախագահ Նիկոլայ Բաբաջանյանը:

 

Նա մի քանի մեջբերումներ արեց ադրբեջանական մամուլում տպագրված նյութերից: Մասնավորապես 2003 թվականին «Մոնիտոր» ամսագրում եւ «Զերկալո» թերթում տպագրված այն նյութերը, որտեղ հենց ադրբեջանցիներն են խոստովանում, որ կոտորածների հեղինակներից է եղել Հեյդար Ալիեւը, մյուսներից շատերն էլ այժմ մեջլիսում պագամավորական մանդատներ են ստացել:

 

Անհրաժեշտ է, որպեսզի հենց ադրբեջանական աղբյուրները օգտագործվեն իրական պատկերը ստեղծելու եւ պատասխան պահանջելու համար:

 

Ն.Բաբաջանյանը նշեց նաեւ, որ ներկայումս փախստականների ամենամեծ խնդիրը տեղաշարժվել չկարողանալն է: Մյուս խնդիրը վերաբերում է տեղի հասարակությանը լիովին ինտեգրվելուն: Օրինակ` իրենց ազգանունները փոխելու են «յան»-ով: Նոր ազգանուններ ստանալու համար բավական մեծ գումարներ են պահանջվում:

 

Իսկ այն հարցի վերաբերյալ, որ ադրբեջանահայերից Գրիգորի Այվազյանը հայտարարում է, թե իրենք ցանկանում են վերդառնալ Բաքու, Ն. Բաբաջանյանն ասաց, որ Բաքու վերադարձը պարզապես անհնար է:

 

«1997 կամ 1998 թվականին ժուռնալիստների միությունում կլոր սեղանի ժամանակ ես առաջինն ասացի, որ  մենք պետք է ազատագրված տարածքները սեփականցնենք` որպես փոխհատուցում մեր կորցրած ունեցվածքի դիմաց: Մենք պիտի այդ հողերի սեփականտերը լինենք»,- ասաց Ն.Բաբաջանյանը: