Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե Սահմանադրական փոփոխություններ լինեն, առաջին հերթին պետք է վարչապետի լիազորությունները կրճատվեն, բայց հաշվի առնելով այս իշխանությունների ձեռագիրը՝ իրենց փոփոխությունները միտված են լինելու իշխանությունն ավելի ամրապնդելուն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելուն:
Հարցին՝ ի՞նչ նպատակ է հետապնդում իշխանությունը Սահմանադրական փոփոխությունների համար հանձնաժողով ստեղծելով, Սաղաթելյանն ասաց. «Քանի որ իշխանությունը չի հայտարարել իր նպատակի մասին, չի հայտարարել թե ինչ խնդիր է ուզում դրանով լուծել, չեմ կարող կարծիք հայտնել: Մեկ բան մեզ համար շատ հստակ է՝ նախկինին վերադարձ չկա. երկրի կառավարման ձևը՝ խորհրդարանական համակարգից կրկին անցում կիսանախագահական կամ նախագահական համակարգի, մենք բացառում ենք»:
Ըստ Սաղաթելյանի՝ Սահմանադրության փոփոխության համար պետք է երկու կարևոր պատճառ լինի: «Պետք է հասարակական պահանջ լինի և երկրորդ՝ հիմնավորում, թե այսօրվա Սահմանադրության որ հոդվածներն են խնդիրներ ստեղծում երկրի անվտանգության, զարգացման հնարավորությունների համար: Երբ կկողմնորոշվեն կհայտարարեն իրենց Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու նպատակը և կհայտարարեն, թե այդ հանձնաժողովն ինչ փոփոխություններով և առաջարկություններով է հանդես գալու, այդ ժամանակ էլ մենք մեր դիրքորոշումները հստակ կասենք, որովհետև մեզ համար շատ սկզբունքային է խորհրդարանական կառավարման համակարգը»,- նշեց նա:
Դիտարկմանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս գործող Սահմանադրությամբ ավելի հեշտ է իշխանափոխություն իրականացնել, հիմա Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողով ստեղծելն ի՞նչ է ենթադրում, Սաղաթելյանն արձագանքեց. «Եթե Սահմանադրության փոփոխություններ լինեն, առաջին հերթին պետք է վարչապետի լիազորությունները կրճատվեն»:
Սաղաթելյանը հիշեցրեց, որ այս իշխանությունները, մասնավորապես երկրի ղեկավարը Սահմանադրության փոփոխությունից հետո քննադատում էին «սուպերվարչապետական» համակարգը: «Ուստի առաջին հերթին հենց այս սուպերվարչապետական համակարգից պետք է ազատվել, սակայն, բնականաբար, հաշվի առնելով այս իշխանությունների ձեռագիրը, իրենց փոփոխությունները միտված են լինելու իշխանությունն էլ ավելի ամրապնդելուն: Հաշվի առնելով իշխանության գործելաոճը՝ կարելի է նման ենթադրություն անել, բայց թող հանդես գան իրենց պատճառաբանություններով, առաջարկություններով մենք էլ համապատասխան դիրքորոշում կհայտնենք»,- շեշտեց նա: