կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-20 17:49
Աշխարհ

Բրիտանիայի փլուզման մեխանիզմը գործի է դրվել

Բրիտանիայի փլուզման մեխանիզմը գործի է դրվել

Երկու շաբաթ անց Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից և անմիջապես կբախվի երկրի փլուզման խնդրին. Շոտլանդիայի իշխանությունները ցանկանում են լքել ոչ թե ԵՄ-ն, այլ Միացյալ Թագավորությունը: Գլազգոն պնդում է, որ անկախության նոր հանրաքվե անցկացվի, իսկ Լոնդոնը դեմ է: Մոտակա 2 տարվա ընթացքում պարզ կլինի՝ Բրիտանիան, որպես միացյալ պետություն, կպահպանի՞ իր գոյությունը, թե 300-ամյա միությունը կավարտվի՝ եզրափակելով բրիտանական հզորության դարաշրջանը. ըստ yerkir.am-ի՝ գրում է «Վզգլյադ» թերթը:

Անցյալ շաբաթ Համայնքների պալատը վերջնականապես հաստատեց ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին պայմանագիրը: Օրերս այն քվեարկության կդրվի Լորդերի պալատում, որից հետո համաձայնագիրը կուղարկվի Եվրախորհրդարան՝ վավերացման: Այնտեղ չեն ձգձգի,  և արդեն հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից: Հետո կսկսվեն երկարատև անցումային շրջանը՝ ամենաքիչը 1 տարի, բարդ բանակցություններն արդեն ինքնիշխան Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև: Սակայն դա՛ չի լինի Լոնդոնի հիմնական գլխացավանքը, այլ Շոտլանդիայի՝ Միացյալ Թագավորությունից անջատվելու ցանկությունը:

Հասկանալի է, որ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս էր բերում ոչ այն բանի համար, որ ականատես լինի երկրի փլուզմանը, սակայն դա հնարավոր է տեղի ունենա հենց նրա վարչապետության օրոք: Շոտլանդիան Միացյալ Թագավորության մեկ երրորդն է, իսկ բնակչությունը՝ բրիտանական ընդհանուր բնակչության ընդամենը 8 տոկոսը, ՀՆԱ-ում բաժինը չի հասնում 10 տոկոսի, այնուամենայնիվ, Շոտլանդիայի դուրս գալը սարսափելի և ամեևին ոչ խորհրդանշական հարված կլինի Մեծ Բրիտանիայի համար: Նույնիսկ եթե թագուհին մնա անկախ Շոտլանդիայի ղեկավարը, ինչպես Կանադայում է կամ Ավստրալիայում, միևնույն է, դա իսկապես մեծ Բրիտանիայի դարաշրջանի ավարտը կլինի: Այո, Երկրորդ համաշխարհայինից հետո Բրիտանիան հետզհետե թուլանում էր, սակայն շարունակում է մեծ տերություն մնալ, իսկ մինչև այդ՝ 2 դար շարունակ, աշխարհի ամենահզոր պետությունն էր: Մնալով առանց Շոտլանդիայի և անջատվելով ԵՄ-ից՝ թագավորությունն անխուսափելիորեն կկորցնի նաև Հյուսիսային Իռլանդիան:

Արդեն այս ամիս շոտլանդական իշխանությունները պատրաստվում են անկախության նոր հանրաքվեի մասին որոշում կայացնել: 2014-ին անցկացվածում նրանք պարտվեցին, սակայն այն ժամանակ պատմական այլ հանգամանքներ էին՝ Մեծ Բրիտանիան ԵՄ անդամ էր, իսկ ներկայումս դուրս է գալիս այնտեղից, ընդ որում՝ հակառակ Շոտլանդիայի կարծիքին, որը 2016-ին՝ «Բրեքսիթ»-ի հանրաքվեի ժամանակ, դեմ էր քվեարկել ԵՄ-ից դուրս գալուն: Անցյալ դեկտեմբերին համազգային խորհրդարանի ընտրություններում շոտլանդացիներն իրենց ձայների մեծամասնությունը տվեցին Շոտլանդիայի ազգային կուսակցությանը, որը հանդես է գալիս հանուն անկախության և նոր հանրաքվե անցկացնելու ուղեգիծ որդեգրել: Ընտրություններից անմիջապես հետո կուսակցության առաջնորդ և Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերջենը հայտարարեց, որ ոչ ոք չի կարող իր ժողովրդին խանգարել ընտրություն կատարել:

«Շոտլանդիայում մարդիկ հստակ հասկացրին, որ չեն ցանկանում Բորիս Ջոնսոնին տեսնել որպես վարչապետ, չեն ցանկանում «Բրեքսիթ» և պահանջում են, որ Շոտլանդիայի ապագան գտնվի հենց Շոտլանդիայի ձեռքերում»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ Ջոնսոնը ԵՄ-ից Անգլիան դուրս բերելու իրավունք ունի, բայց ոչ՝ Շոտլանդիան, որը չի ցանկանում կորցնել եվրոպական երկրի կարգավիճակը:

Բրիտանական օրենքներով՝ հանրաքվե անցկացնելու համաձայնություն պետք է տա երկրի կառավարությունը, սակայն և՛ Մեյի, և՛ Ջոնսոնի օրոք ասում են՝ քանի որ նախորդ՝ 2014-ին անցկացված հանրաքվեի ժամանակ հայտարարվել է, որ այն անցկացվում է սերունդը մեկ, մոտակա տարիներին նոր քվեարկության մասին խոսակցություն լինել չի կարող: Շոտլանդիան, բնականաբար, համաձայն չէ, և պահանջում է նոր հանրաքվե: Դեռևս մեկ ամիս առաջ Ստերջենը Ջոնսոնին պաշտոնական նամակ էր հղել այդ կապակցությամբ, սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետը միայն օրերս է հարկ համարել պատասխանել դրան՝ հիշեցնելով 2014-ին ասվածը, հրաժարվելով   փոխանցել բրիտանական խորհրդարանի լիազորությունները շոտլանդականին, որն էլ կհանգեցնի հանրաքվե անցկացման, և կշտամբելով Գլազոյին՝ շոտլանդացի ժողովրդի շահերն անտեսելու համար:

 Նիկոլա Ստերջենը կոշտ պատախանել է Ջոնսոնին «Թվիթեր»-ում. «Տորիները վախենում են այն բանից, որ Շոտլանդիան կարող է ինքնուրույն ընտրել իր ապագան: Նրանք գիտեն, որ եթե ժողովրդին ընտրության հնարավորություն տրվի, նա կընտրի անկախության գրավիչ հեռանկարը: Պահպանողականները և նրանց դաշնակից լեյբորիստներն ու ազատական ժողովրդավարները չունեն ծանրակշիռ փաստարկներ հօգուտ Ունիայի, այդ պատճառով փորձելու են միայն արգելափակել որոշման ժողովրդավարական ընդունումը: Դա ցույց է տալիս, որ նրանք լիովին անտեսում են շոտլանդացի ժողովրդի ձայնը, հայացքները և շահերը: Նման ռազմավարությունը դատապարտված է տապալման: Թեև այսօրվա պատասխանում որևէ զարմանալի բան չկա, մենք դա սպասում էինք, այդպիսի դիրքորոշումը հիմքեր չունի: Վեսթմինսթերը չի կարող խոչընդոտել շոտլանդացի ժողովրդի՝ սեփական ապագան որոշելու իրավունքին և չի կարող արգելափակել հանրաքվե անցկացնելու ժողովրդավարական պահանջը»:

Ըստ Ստերջենի՝ բրիտանական կառավարության խնդիրն այն է, որ որքան դիմադրում է հանրաքվեի անցկացմանը, այնքան ցույց է տալիս, որ Ունիան հավասար իրավունքների վրա չէ հիմնված, և դրանով ավելի է մեծացնում անկախության կողմնակիցների թիվը:  

Իրականում Լոնդոնը երկար դիմադրելու շանսեր չունի: Եթե շարունակի համառել, Գլազգոն պարզապես ինքնուրույն անկախության հանրաքվեի օր կնշանակի, այսինքն՝ կգնա կատալոնական ճանապարհով: Թեև մինչև վերջերս Ստերջենը դեմ էր Կատալոնիայի ընտրած պայքարի ձևին՝ ասելով, որ միակողմանի գործողությունները չեն տանում անկախության, սակայն նա կարող է այլընտրանք չունենալ. շոտլանդացիները նախ դատարաններում կվիճարկեն Լոնդոնի՝ հանրաքվե չթույլատրելու որոշումը, և եթե պարտվեն, այլ ընտրություն չեն ունենա:

Շոտլանդական խորհրդարանը կարող է հանրաքվեի մասին հայտարարել հենց այս տարի, սակայն ավելի տրամաբանական կլինի այն անցկացնել հաջորդ տարի, երբ կանցկացվեն նաև շոտլանդական խորհրդարանի ընտրություններ. թեև ներկայիս խորհրդարանում Շոտլանդիայի ազգային կուսակցությունը մեծամասնություն է,  հաջորդ ընտրություններում դառնալով բացարձակ մեծամասնություն, կուսակցությունը կկարողանա վճռականորեն  հայտարարել հանրաքվե անցկացնելու  ինքնուրույն որոշման մասին:

Այդ ժամանակ Լոնդոնը կհայտնվի փակուղում: Կարող է, իհարկե, չճանաչել դրա օրինականությունը, սակայն ավելի կմեծացնի անկախության կողմնակիցների թիվն ու ավելի համոզիչ կդարձնի նրանց հաղթանակը: Ընդ որում՝ թեև հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Լոնդոնի հետ կապերը խզելուն դեմ արտահայտվողների թիվն ավելի մեծ է, քան անջատման կողմնակիցներինը, սակայն կրիտիկական պահերին այդ թվերը փոխվում են՝ անջատողական տրամադրություններն աճում են: Եվ Ջոնսոնը չի կարողանալու դրանք անտեսել: Մոտակա մեկուկես տարին փորձության բարդ ժամանակաշրջան է լինելու Մեծ Բրիտանիայի համար: Չկարողանալով իր կազմում պահել Շոտլանդիան՝ նա վերջնականապես հրաժեշտ կտա իր փառապանծ անցյալին: