Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ու տես, որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքից հանես,
Քո մայր լեզուն չմոռանաս…
Սիլվա Կապուտիկյանը «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը գրել է 1944 թվականին`հայտնում է Yerkir.am-ը: Գրական շրջանակներում ասում են, որ բանսատեղծուհին իր այդ պատգամը նախ ուղղել է որդուն՝ Արա Շիրազին, որն այդ ժամանակ 3 տարեկան է եղել: Հայոց լեզուն անաղարտ պահելու, կրելու և պաշտպանելու կոչն ու հորդորը Սիլվա Կապուտիկյանն ուղղել է նաև բոլոր հայորդիներին, ապագա սերունդներին: Եվ իսկապես, տասնամյակներ շարունակ այն դասագրքերի էջերում է, մանուկների շուրթերին:
Հունվարի 20-ը Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է: Նրա բնակարանը 2009 թվականից վերածվել է թանգարանի՝ ինչպես որ ցանկացել ու պատգամել էր բանաստեղծուհին: Հենց մուտքի մոտ առանձնացված է «Խոսք իմ որդուն» խորագրով ցուցադրությունը, որտեղ զետեղված են հայտնի բանաստեղծության հետ կապված ցուցանմուշներ, հուշագրական վկայություններ, որոնց մեծ մասը Սփյուռքի մեր հայրենակիցների խորհրդանշական նվերներն են Սիլվա Կապուտիկյանին: Բանաստեղծուհու հարկի տակ այսօր հավաքվել են մտավորականներ, արվեստագետներ, կապուտիկյանական պոեզիայի սիրահարներ: Հիշել են, պատմել, խնկարկել բանաստեղծուհու հիշատակն ու վայելել նրա բացակա ներկայությունը: Կապուտիկյանի տուն-թանգարանում «Վան» խորագրով նոր անկյուն է բացվել, որտեղ ներկայացված են Վանից Արևելյան Հայաստան հասած մասունքներ՝ Կապուտիկյանների ընտանեկան կահ-կարասի, մեծ տատի վերարկուն ու շալը, կենցաղային առարկաներ:
Տարիներ առաջ Արա Շիրազը թանգարանին է նվիրել բարձրաստիճան մի ռուս զինվորականի թուրը: Շիրազը պատմել է, որ զինվորականը, թուրն իրեն տալով, ասել է՝ Սիլվա Կապուտիկյանին կնվիրեք ի նշան նրա նկատմամբ իմ մեծ ակնածանքի:
Երևանյան բնակարանը, որտեղ բանաստեղծուհին ապրել է 1976 թվականից մինչև իր մահը՝ 2006 թվականը, ամփոփում է հուշեր ոչ միայն Սիլվա Կապուտիկյանի, այլև նրա հետ առանչություն ունեցած մարդկանց մասին: Երբ Սերգեյ Փարաջանովը բանտում է եղել, Կապուտիկյանը նամակ է գրել ԽՍՀՄ իշխանություններին՝ բարեխոսելով ու հորդորելով, որ անվանի ռեժիսորի նկատմամբ բանտային պատժաչափը մեղմվի: Եվ իսկապես, Փարաջանովը 6 տարվա փոխարեն ազատազրկվել է մոտ 4,5 տարի: Ի նշան երախտագիտության՝ Փարաջանովը Կապուտիկյանին մի փոքրիկ գորգ է նվիրել, նաև դրվագազարդ այլ հուշանվեր:
Մանրամասները՝ տեսանյութում