կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-10 10:58
Քաղաքական

«Գործ տվողները» շուտով կհայտնվեն նաեւ խանութներում. «Իրավունք»

«Գործ տվողները» շուտով կհայտնվեն նաեւ խանութներում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Արմեն Փամբուխչյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը դեռ հորով-մորով չարած, որով հնարավորություն է տրվում քաղաքացիներին տեսանկարահանել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները եւ օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանություն, հիմա էլ կառավարությունն է հե¬ռախոսով մի նոր «գործ տալու» մեթոդ մոգոնել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ գործադիրի նիստում հայտարարեց, թե կառավարությունը շարունակում է ահազանգեր ստանալ, որ տնտեսավարողները շարունակում են ՀԴՄ կտրոններ չթողարկել: «Ինչպես հիմա օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ քաղաքացիների կատարած նկարահանումների հիման վրա Ճանապարհային ոստիկանությունը կարող է վարչական վարույթ սկսել, ես երեկ ՊԵԿ նախագահին այդպիսի գաղափար եմ առաջարկել, որ նույն կերպ հնարավոր լինի ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ: Սա ճիշտ ճանապարհ է»,- իր գաղափարից գոհ՝ ասաց Ն. Փաշինյանը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հուշեց, որ այդքան հեշտ չի լինի ապացուցել ՀԴՄ կտրոն տալ-չտալու հարցը: Սակայն Ն. Փաշինյանը մնաց իր տեսակետին. «Ես խնդիրն առաջադրում եմ, դուք պետք է լուծումները գտնեք: Գնացեք, գտեք լուծումներ: Մարդը պետք է հնարավորություն ունենա խախտումը ֆիքսել, սոցիալական ցանցի իր էջում դնել, եւ վարչական վարույթ իրականացնող մարմինը պետք է պարտավոր լինի գնալ ու տուգանել:

Մենք այսօր ասում ենք՝ չի կարելի ծխախոտի մնացորդը նետել, աղբը նետել մեքենայից, այս անել, այն անել, բայց այն քաղաքացին, որի աչքի առաջ դա տեղի է ունենում, ինքը գործելու լծակ, ըստ էության, չունի: Ասենք տեսա, որ մեկն իր մեքենայից աղբը շպրտեց, ի՞նչ անեմ, զանգեմ ոստիկանություն, հետո ինձ կանչեն քննության, հետո հարցաքննության եւ այլն, հետո չկարողանամ ապացուցել, վերջում դառնա ուրիշ պատմություն»:

Քննարկմանը խառնվեց նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ շեշտելով, որ այդ խնդիրը լուծելու համար պետք է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, եւ իրենք դա կանեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում