Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին 26 տարում միակ իրը, որ գնել է Սվետլանա Կասպարյանցը, փոքրիկ հեռուստացույցն է: Դրանով է հետևում աշխարհի իրադարձություններին: Նրա փոքրիկ սենյակում մոլորակի տարբեր կետերում պայթող հակամարտություններն ավելի հնչեղ են թվում. «Պռաստոյ ժողովուրդը մեղավոր չի, մեծերը մի բան են մտածում, մի կռիվ գցում: Ուկրաինան հեսա տեսնենք` կվերջանա՞...»:
75-ամյա կնոջը զարմացնում է հատկապես «կռիվ գցողների» անխոհեմությունը. «Սաղ քանդում են, հետո մինչև սարքեն, տարիներ ա անցնում»:
Թե ինչքան դժվար է ամեն ինչ նորից սարքելը, Սվետլանան շատ լավ գիտի՝ Բաքվի Նասիմիսնկիյ շրջանի նախկին տնտեսագետը հենց նման հաշվարկներ էր անում իր ջահելության խաղաղ տարիներին: 89-ին տարեց մոր հետ «փախեփախով» Հայաստան հասան, հաստատվեցին Քանաքեռ ՀԷԿ-ի հանրակացարաններից մեկում: Մոր մահից հետո Սվետլանան միայնակ է 12 քառակուսի մետրանոց սենյակում, որտեղ 60-ականների հանրակացարանային գույք է:
«Բաքվի մեր տունը, լսել ենք, քանդել են, նոր շենքեր են սարքել, իսկ մենք մտանք հանրակացարան ու մնացինք»,- ասում է Բաքվի նախկին պետական ծառայողն ու ծիծաղում. «Ոչ մի բան չունեմ, ոնց որ պերվաբիտնի մարդ, էլի»:
Սենյակում ջուր, սանհանգույց չկա, զուգարան-բաղնիք-խոհանոց կոչվող ավերակներն ընդհանուր են այստեղ ապրող բոլոր փախստականնների համար. «Նախկինում բաղնիք էինք գնում, հիմի սպասում ենք, թե մեկն ասի արի, լողացի ...»:
Սվետլանան իր պայմանների մասին պատմում է առանց զայրույթի` անընդհատ մտնելով կառավարության դրության մեջ. «Երևի պլանում գրում են, բայց փող չկա, էլի, մեզ համար»:
Փախստական կնոջը միայն մի բան է զարմացնում ՝ նախկինում պարբերաբար պաշտոնյաներ էին այցելում իրենց ՝բնակարան հատկացնելու խոստում-ծրագրերով, իսկ վերջին 5-6 տարում երևացող չկա, հույս տվող չկա: Սվետլանան էլի է ծիծաղում. «Երևի արդեն չտան»: Ասում է ՝ փախստականներն արդեն ծեր են ու սպասելու ժամանակ չունեն:
Քանաքեռ ՀԷԿ-ի հանրակացարանում ապրող բազմաթիվ փախստականների պես Սվետլանան էլ Հայաստանի անձնագիր չունի, փախստականի անձնագիր է, որ իրավական լեզվով «ճամփորդական փաստաթուղթ» է կոչվում:
«Ինչո՞ւ անձնագիր չի ուզում» հարցին կինը պատասխանում է փակուղի տանող հարցով. «Որ փոխեմ, ի՞նչ ա փոխվում, օրինակ» :
Թոշակը 35 հազար դրամ է: Սվետլանան չի մանրամասնում, թե ինչպես է հաջողեցնում այդ գումարով սնվել ու հոսանքի գումարը վճարել. «Ինչքան ստանում եմ, էդքանով էլ ապրում եմ»:
Փախստականներով բնակեցված 86 հանրակացարաններից արդեն 6-րդ տարին է` ոչ ոք չի «հեռանում» իր նոր բնակարան: Կառավարությունից` Միգրացիոն պետական ծառայությունից, ոչ մի հստակ պատասխան չի հնչում ՝ ե՞րբ, ի վերջո, կվերսկսվի փախստականներին բնակարանով ապահովելու ծրագիրը:
Փլվող կացարաններում ապրողները տան հույս արդեն չունեն այլեւս:
Հ.գ. Երևանում ապրող 670 փախստականներն ապրում են 86 հանրակացարաններում: Այդ շենքերից 13-ը գտնվում են ծայրահեղ վատ, վթարային վիճակում. 110 ընտանիքներ այդ պայմաններում են ապրում: Վատթար վիճակում է 27 շենք՝ 192 բնակիչներով: Փախստականներով բնակեցված բարեկարգ հանրակացարան չկա: