Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքային խումբը մեկնել է Մարալիկ՝ հանդիպելու տեղի առողջության կենտրոնի և ծննդաբերական բաժանմունքի բուժանձնակազմի հետ, որոնք փակել են ճանապարհը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
Նրա վստահեցմամբ՝ նախարարությունը հետևում է Մարալիկում ծավալվող իրադարձություններին, որտեղ ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը:
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի բնակիչները հունվարի 8-ին առավոտից փակել են Գյումրի-Երևան ճանապարհի՝ Մարալիկի հատվածը: Բնակիչները պահանջում են չեղյալ համարել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքը փակելու որոշումը: Տարեվերջին Գյումրի կատարած այցի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով Մարալիկի առողջության կենտրոնին և, մասնավորապես, ծննդատան գործունեությանը, նշել էր, որ Մարալիկում, ամենայն հավանականությամբ, իրականացվելու է միայն առողջության առաջնային պահպանում:
Հարցի վերաբերյալ նախարարության պարզաբանումը հետևյալն է՝ ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչը ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում ծննդկանի և նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։ «Հաշվի առնելով նշվածը՝ բնակչի համար շատ ավելի անվտանգ է ի սկզբանե դիմել կամ շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել շուրջօրյա հերթապահություն իրականացնող, մասնագիտական ներուժ և սարքավորումային բարձր կարողություն ունեցող մոտակա բուժհաստատություն, ինչը կնպաստի մայրական և նորածնային մահացության նվազեցմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությանը»,- հայտնել էին նախարարությունից:
Բացի այդ, համաձայն առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941-Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում, այնինչ Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018 թվականին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի:
«Սահմանված թիվը պատահական չէ, քանի որ ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունը արդարացված չէ ծախս-արդյունավետության և, ինչն առավել կարևոր է, մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ փորձը ցույց է տալիս՝ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի»,- հայտնել էին նախարարությունից՝հավելելով, որ դա վերաբերում է բոլոր այն ծննդատներին, որոնք չեն բավարարել այդ պահանջներին, բացառությամբ որոշների՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով։