կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-25 11:09
Հասարակություն

«Որոշում ենք կայացրել հեռանալ Հանրային խորհրդի հանձնաժողովից». հայտարարություն

«Որոշում ենք կայացրել հեռանալ Հանրային խորհրդի հանձնաժողովից». հայտարարություն

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը եւ կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում են, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի նշանակումը ստիպում է իրենց լքել Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովը:

Ըստ Yerkir.am-ի՝ կուսակցության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Ստյոպա Սաֆարյանին հաստատեց Հանրային խորհրդի ղեկավարի պաշտոնում: Դրանից ավելի վաղ Խորհրդի անդամ էր նշանակվել Դանիել Իոաննիսյանը:

Ակնհայտ է, որ կառավարությունը Հանրային խորհուրդն անտեսելու քաղաքականությունից անցում է կատարում դրա լիակատար վերափոխելու քաղաքականությանը:

Ամենայն հավանականությամբ, կառավարությունը մտադիր է մեր երկրում քաղաքացիական հասարակություն անվան տակ տեսնել կոնկրետ հասարակական կազմակերպությունների խումբ, որոնք ունեն ոչ միայն արեւմտամետի հեղինակություն, այլեւ իրենց նախագծերը իրականացնում են ուղղակի ֆինանսական աջակցության եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության շահերից ելնելով: Դրանք «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը» (ՄԱՀՀԻ) եւ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Սաֆարյանի եւ Իոաննիսյանի ղեկավարությամբ:

Կարծում ենք, որ Հանրային խորհրդի ղեկավարը պետք է լինի չեզոք գործիչ, ինչը ընդունելի կլիներ Հայաստանի քաղաքացիական հասարակության տարբեր հատվածների համար, եւ ոչ Ստյոպա Սաֆարյանը: Նման մարդկանց կարեւոր պաշտոններում ներգրավելը, որոնք անընդհատ հանդես են գալիս Հայաստանի առանցքային, ռազմավարական եւ քաղաքական դաշնակից Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության ինտեգրման դեմ, կարող են վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության միջազգային շահերին:

Մենք ՝ որպես Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի անդամներ, ափսոսանքով տեղեկացնում ենք, որ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության անդամների հետ խորհրդակցելուց հետո որոշում ենք կայացրել հեռանալ հանձնաժողովից: Միշտ պատրաստ ենք աշխատել հանուն Հայաստանի բարրօրության, սակայն վստահ չենք, որ Հանրային խորհրդի շուրջ ընթացող գործընթացները համահունչ են մեր այդ պատկերացումներին», - ասվում է հայտարարության մեջ: