Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսին:
Կառավարության ղեկավարը ողջունել է համաժողովի մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այսօր մեր առջև ծառացած են էներգետիկ ոլորտի մի շարք օբյեկտիվ խնդիրներ, և ՀՀ կառավարությունը հաստատակամորեն միտված է այս բնագավառում նոր բարեփոխումների իրականացմանն ու կյանքի կոչմանը:
«ՀՀ կառավարությունն ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության հետ պատրաստել է մինչև 2036թ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը, որում ներառված են տարբեր հզորությունների զարգացման հնարավորությունները, ներառյալ` վերականգնվող էներգետիկ ռեսուրսների, տարածաշրջանային ինտեգրումն ապահովող ենթակառուցվածքների զարգացումը, օգտագործման ռեսուրսը սպառած էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների վերակառուցումը, էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև էլեկտրամատակարարումների հուսալիությունը բարձրացնող այլ միջոցառումներ»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը նշել է, որ, ցավոք, վերջին տարիներին համակարգը գտնվում է բարդ ֆինանսական վիճակում, ինչն ունի մի շարք օբյեկտիվ պատճառներ: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, գնաճային երևույթները, փոխարժեքի տատանումները, կլիմայական անբարենպաստ պայմաններն այն գործոններն են, որոնք ֆինանսական խնդիրներ են առաջացրել էներգետիկ համակարգում:
«Մենք իրականացնում ենք համակարգի ֆինանսական առողջացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք իրենց մեջ ներառում են նաև շուկայի կառուցվածքի և սակագների մեթոդաբանության վերանայում»,- շեշտել է վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ էներգետիկ համակարգի բարելավման, ներդրումների արդյունավետության, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի արդիականացման և կորուստների կրճատման նպատակով իրականացվում են սակագների ձևավորման սկզբունքների և մեխանիզմների արդիականացման և իրատեսական էներգահաշվեկշիռների ապահովման աշխատանքներ: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ շուտով այս միջոցառումները կունենան իրենց դրական ազդեցությունը:
«Հանրապետության ներկայիս էներգետիկ անվտանգության մակարդակը պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է զարգացնել ատոմային էներգետիկան: Այդ նպատակով մենք ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը 10 տարով երկարաձգելու մասին որոշում ենք կայացրել: Այժմ այդ ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ, ստորագրվել է անհրաժեշտ ֆինանսական համաձայնագիրը, որը վավերացվել է նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից: Միևնույն ժամանակ, շարունակվում են բանակցությունները հնարավոր ներդրողների հետ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի իրականացման համար»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ վստահություն հայտնելով, որ քննարկումների արդյունքում կհնչեն մի շարք օգտակար առաջարկություններ, կներկայացվեն համակարգի զարգացման տարբեր նախագծեր և ուղիներ, որոնց ՀՀ կառավարությունը պատրաստ է ականջալուր լինել:
Միջոցառման ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը մանրամասն ներկայացրել են Հայաստանի էներգետիկայի բնագավառի երկարաժամկետ զարգացման ծրագիրը և նախատեսվող քայլերը:
Ծրագրի շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային ֆինանսական կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք: