Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերժ Սարգսանի գլխավորած կուսակցությունն այսօր ամենաընդդիմադիրն է և երբ ՀՀԿ-ն ինչ-որ հարցում դիրքորոշում է հայտնում, անպայման համաձայնեցնում է կուսակցության նախագահի հետ՝ ըստ Yerkir.am-ի ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ լրատվամիջոցների հետ տարեվերջյան ամփոփումով անդրադառնալով Հայաստանի արտաքին ու ներքին կյանքին։
Նա նշել է, որ Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, դա քաղաքական հետապնդում է ու կարված գործ։
Շարմազանովը հորդորել է համեմատականներ անց կացնել այսօրվա և նախկին իշխանությունների կառավարման օրոք տեղի ունեցած փոփոխություների միջև և հաշվի առնել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ կենսաթոշակը, նվազագույն և միջին աշխատավարձերը 3 անգամ բարձրացել են, աղետի գոտու վրա 90 միլիարդից ավելի ներդրում է կատարվել։
«Նիկոլ Փաշինյանը հիմա ակտիվորեն ճանապարհներ է սարքում․ ամբողջ գումարը դրա վրա է դնում, գիտե՞ք ինչի համար, որովհետև դա արագ է երևում։ Իսկ ո՞ւր են այն ներդրումները, ներգաղթն ո՞ւր է, որ նա խոստանում էր։ Ասում էր՝ հանրապետականները չլինեն, ներդրումները կգան Հայաստան»,- ներկա իշխանությունների վարքագիծը քննադատել է Էդուարդ Շարմազանովը։
Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությանը, նա ասել է, որ այն երկարաժամկետ ծրագիր է, իսկ իրենց իշխանությունն ընդհատվեց, այդ պատճառով էլ Հյուսիս-հարավի մասին ոչինչ ասել չի կարող։
Շարմազանովը ներկայացրել է հանրապետականների դիքորոշումը․ «Բացի մշակութային հեղափոխությունից մենք ոչ մի հեղափոխություն չեն ընդունում՝ սկսած ֆրանսիական, հոկտեմբերյան հեղափոխություններից, մինչև այն իշխանազավթումը, որը դուք հեղափոխություն եք անվանում։ Մենք ոչ հեղափոխական ենք, ոչ էլ հակահեղափոխական»,- հայտարարել է Էդուարարդ Շարմազանովը։
Հանրությունը Հանրապետության հրապարակում հավաքվելով՝ Փաշինյանից փոփոխություններ է ակնկալել, սպասել է, որ այդ փոփոխություններն արագ լինեն, որովհետև նա հենց դա էր խոստացել, ասել էր, որ կախարդական փայտիկ ունի։ Քննադատաբար վերլուծելով ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը՝ ՀՀԿ խոսնակն անդրադարձել է նաև կառավարությունում աշխատող նախարարներին։ «Այնպես չէ, որ այսօրվա նախարարները սուրբ են. բոլորս էլ տեսանք, որ երկու հոգու կոռուպցիայի համար բռնեցին»,- ասել է Շարմազանովը։
Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ևս Էդվարդ Շարմազանովը մտահոգություն է հայտնել։ Նա նշել է, որ նախկինում Հայաստանի իշխանությունների քաղաքականության հիմքում Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրն է եղել։ Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ Արցախը Հայաստան է և վերջ, բնականաբար, դրան պետք է հաջորդեր Լավրովի հակադարձումը , թե՝ ինչպե՞ս կընդունվի, եթե Ալբանիայի ղեկավարը հայտարարի՝ Կոսովոն Ալբանիա է և վերջ։ Այդպիսով՝ Փաշինյանը Հայաստանը ներկայացնում է ոչ թե որպես բանակցային կողմ, ինչը մինչ այս եղել է, այլ ներկայացնում է որպես հակամարտող կողմ, ինչը շատ վտանգավոր է։ Շարմազանովի դիտարկմամբ՝ նման ոչ կառուցողական մոտեցումները թուլացնում են Հայաստանի և Արցախի դիրքերը։
Արցախի խնդիրը տարածքային վեճ չէ, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հաստատման ու պաշտպանության խնդիր, ինչը և մինչև հիմա իր քաղաքականության հիմքում ամրագրել էր Հայաստանի Հանրապետությունը։
Մինչև հիմա Հայաստանը համանախագահող երկրների կողմից ընկալվել է որպես կառուցողական, իսկ Ադրբեջանը՝ հակակառուցողական քաղաքականություն որդեգրած պետություն՝ նշել է Շարմազանովը։
Նա հայտարարել է, որ Հայաստանի և Արցախի շահերից ու քաղաքական համակարգից է բխում, որ 2020 թվականին ունենան որոշում՝ անցկացնելու արտահերթ ընտրություններ, քանի որ այսօրվա Ազգային ժողովը, նրա համոզմամբ, չի ներկայացնում հանրային տրամադրությունները, այն նման է Բրեժնևի ստեղծած Գերագույն Խորհրդին։
ԿԳՄՍ նախարարի դեմ բողոքի ակցիաների թեմայով Շարմազանովը կարծում է, որ պետք է ոչ միայն Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջել, այլև ամբողջ կառավարությանը պատասխանատվությանը ենթարկել, որովհետև Փաշինյանն է իր պաշտպանության տակ առել ԿԳՄՍ նախարարին։
Նա քննադատել է նախարարին ՝ նշելով, որ 1990_ականներից ի վեր հայ եկեցեցին երբեք բողոքի հայտարարությամբ հանդես չէր եկել, իսկ նոր իշխանությունների ժամանակ արդեն երկու հայտարարություն է արել, մեկը՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի, մյուսը՝ Եկեղեցու պատմություն առարկան դպրոցներից հանելու դեմ։
2020-ը լինելու է հիասթափության տարի՝ կանխատեսում է Էդուարդ Շարմազանովը, քանի որ, նրա համոզմամբ, ժողովրդի վերաբերմունքը իշխանությունների հանդեպ նույնը չէ, ինչ մեկուկես տարի առաջ։
Շարմազանովը հավաստիացրել է, որ մեր երկրում թշնամիներ չկան, ուստի շատ է ուզում, որ հաջորդ տարի ժողովրդի միջից ատելությունը վերանա։