կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-02 16:30
Քաղաքական

ԿԳՄՍ նախարարը պետք է անկեղծ լինի և կողմնորոշվի՝ պատրա՞ստ է քննարկման, թե՞ ոչ. Քրիստինե Վարդանյանը՝ ԿԳՄՍՆ հայտարարության մասին

ԿԳՄՍ նախարարը պետք է անկեղծ լինի և կողմնորոշվի՝ պատրա՞ստ է քննարկման, թե՞ ոչ. Քրիստինե Վարդանյանը՝ ԿԳՄՍՆ հայտարարության մասին

Կարծես թե ինչ որ խուճապ կա ԿԳՄՍ նախարարությունում և հայտարարություն են տարածել, որ որևէ պայմանավորվածություն չկա, չեն պատրաստվում հանդիպել, ինչը մեզ մոտ որոշակի հարցեր է առաջացնում: Եթե ԿԳՄՍ նախարարությունում պատրաստ չեն քննարկել ստեղծված իրավիճակը, դրա մասին պետք է ուղիղ հայտարարեին և չասեին, որ կառուցողական են և պատրաստ են քննարկել բոլոր խնդիրները. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ժամեր առաջ ԿԳՄՍՆ տարածած այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՅԴ ՀԵՄ-ի հետ հանդիպման մասին լուրերը ապատեղեկատվություն են:

Վարդանյանը նշեց, որ իրենց 6 կետանոց պահանջների հրապարակումից հետո, ՀՅԴ ՀԵՄ-ը հայտարարել էր, որ դեկտեմբերի 3-ին ժամը 15:00-ին կառուցողական հանդիպման ակնկալիքով նախաձեռնել են նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդպումը, քանի որ ԿԳՄՍՆ-ն բազմիցս հայտարարել էր, որ  պատրաստ են բոլոր կողմերի հետ օրերով, ժամերով քննարկել բոլոր հարցերն ու նշել, որ «անցել են կուլիսային պայմանավորվածությունների ժամանակը և այլևս հրապարակային են բոլոր գործընթացները»:

«Մեր պահանջները ոչ միայն «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի մասին են, այլև մեր մյուս 6 պահանջների, իսկ նախարարությունը փորձում է նեղացնել պահանջները, հետևաբար էլ. փոստով ուղարկելու՝ ԿԳՄՍՆ առաջարկը չի կարող աշխատել մեր պարագայում: Նախարարը պետք է անկեղծ լինի և կողմնորոշվի՝ պատրաստ է քննարկման,թե՝ ոչ: Եթե պատրաստ չէ՝ պետք է լինի հայտարարություն: Մենք վաղը ժամը 15:00-ին լինելու ենք նախարարության դիմաց. քաղաքացիները գնալու են հանդիպելու իրենց ԿԳՄՍ նախարարի հետ».  – նշեց Քրիստինե Վարդանյանը:

ԿԳՄՍ նախարարության հայտարարության մեջ նաև նշված է, որ «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի վերաբերյալ բոլոր առաջարկները  պետք է ուղղարկել էլեկտրոնային փոստով: Այսինքն ստացվում է, որ ԿԳՄՍՆ-ն, ով հայտարարել, էր  քննարկմանը պատրաստ լինելու մասին, այդ թվում՝ տարբեր հարթակներում, հրաժարվում է երիտասարդների հետ հանդիպումից և հայտարարում առաջարկները էլ. փոստով ուղղարկելու մասին: Թե ովքեր և ինչպես են քննարկելու այդ առաջարկները՝ նախարարությունը չի հստակեցնում: