Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ-ն մի լիդերի կուսակցություն չէ, ինչ-որ անձի կուսակցություն չէ: «Մեր կուսակցության ղեկավարությունն ամեն օր պատասխանատու է իր շարքերի առջև»,- «Երկիր Մեդիա»-ի «Հարցեր` Դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Նրա խոսքով` ՀՅԴ-ի շարքերը ժողովրդի պատկերն են, և մեր ժողովրդի մի մասը ՀՅԴ անդամ է:
«Ժողովրդի բոլոր շերտերից մեր կուսակցության մեջ կան: Եվ քանի որ մեր կուսակցության մեջ ժողովրդավարություն կա, մեր ղեկավարությունը տարին 12 ամիս, ամեն օր, ամեն առիթով իր ընկերներին հաշվետու է: Դա ամենակարևոր բանն է` որ կուսակցությունները ճիշտ ղեկավարվեն, և հասարակությունը կարողանա ճշգրտորեն հաշվարկ անել կուսակցությունների վրա»,- ասել է Հրանտ Մարգարյանը:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի խոսքով` Դաշնակցությունը համահայկական կուսակցություն է և ամբողջ Սփյուռքում ունի կառույցներ: «Մենք Սփյուռքի ուժը շարժող կուսակցություն ենք, մինչև հիմա կարողացել ենք Սփյուռքի ուժն օգտագործել Հայաստանի քաղաքականությանն օգտակար լինելու համար, մենք կարող ենք նաև այդ ուժն օգտագործել Հայաստանի տնտեսությանը օգտակար լինելու համար, Հայաստանում, համայնքներում կրթական, մշակութային քայքայված կառույցները վերակառուցելու համար: Մենք կարող ենք Սփյուռքը Հայաստանում ներկայություն դարձնել, պետական գործին մասնակից դարձնել: Հիմա կասեն` ինչո՞ւ մինչ այդ չեք արել: Արել ենք այնքան, որքան հնարավորություն է տրվել մեզ: Արել ենք այնքան, որքան արդարացված է եղել այդ վիճակը: Անցյալում մեզ համար իդեալական վիճակ գոյություն չի ունեցել, ամբողջական կարելիություններ և հնարավորություններ մեզ ընձեռված չեն եղել, բայց մենք կարող ենք դա անել: Մենք սխալի ձեռքը բռնողն ենք, մենք ճամփից շեղվողին ուղղորդողն ենք, ճամփի մեջ բերողն ենք: Մենք այդ ուժն ենք: Եվ քանի որ այդ ուժն ենք, պետք է ձայնը տալ Դաշնակցության, որովհետև դա է երաշխավորը մեր երկրի ազգային էության, ազգային ուղեգծի և մեր ապագայի»,- եզրափակել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: