կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-17 17:00
Աշխարհ

Ռուբեն Հովսեփյան – 80: Շնորհավո՛ր ծնունդդ, Վարպե՛տ (լուսանկարներ)

Ռուբեն Հովսեփյան – 80: Շնորհավո՛ր ծնունդդ, Վարպե՛տ (լուսանկարներ)

Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնը երեկ դարձյալ մարդաշատ էր. Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ՝ մեծ շուքով նշվում էր  տաղանդաշատ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ կամ պարզապես  մեծ Հայ Ռուբեն Հովսեփյանի ծննդյան 80-ամյա հոբելյանը:

Հավելենք, որ Ռուբեն Հովսեփյանը  Համազգայինի Երևանի գրասենյակի հիմնադրման ակունքներում է կանգնած եղել։  Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում Ռուբեն Հովսեփյանին նվիրված հոբելյանական հանդիսությունն անցկացնելն ամենևին էլ պատահական ընտրություն չէր. Ռուբեն Հովսեփյանը ևս կանգնած է եղել այս թատրոնի հիմնադրման ակունքներում, իսկ Սոս Սարգսյանը և Ռուբեն Հովսեփյանը մտերիմ ընկերներ էին, և հենց այս շենքում, այս թատրոնում, այս դահլիճում են անցել նրանց ստեղծագործական փնտրտուքների լավագույն պահերը։

Միջոցառման սկզբին ներկաները դիտեցին Ռուբեն Հովսեփյանի խոր արմատները, կյանքը և ստեղծագործական ուղին ներկայացնող ֆիլմը, որին հաջորդեցին մեծանուն գործչի սիրելի երգերի կատարումներով մերթընդմերթ ընդհատվող ելույթները՝ վառվող հուշեր, բնութագրումներ, պատկերներ…

«Հեղինակություններ կան, որոնք, իրենց ողջության կատարած դրական գործին առընթեր, ճիգ են թափում նաև հավիտենականության մեջ իրենց անունը հիշողությունների մեջ ամրագրելու ուղղությամբ՝ ուղղակի կամ անուղղակի ինքնաքարոզչությամբ: Ռուբեն Հովսեփյանի նման արժեքների տեսակը տարբեր է: Այդ տեսակը ոչ միայն իր քարոզչությունը չի անում, այլ նաև հատուկ ճիգ է թափում՝ ստվերում մնալու համար: Հասարակության պարտականությունն է այսպիսի անհատների քարոզչությունն ինքը ստանձնել, որովհետև այդպիսի տիպարների հիշատակից ամենից շատ օգտվողը ամեն պարագայում ինքը՝ հասարակությունը պիտի լինի: Չի կարելի թերագնահատել Ռ. Հովսեփյանի նման առաքելատիպ մարդկանց կարևորությունը սերունդների գաղափարական՝ թե՛ մարդկային, թե՛ նաև ազգային դաստիարակության ոլորտներում: Պատանիներն ու երիտասարդները կարիք ունեն Ռուբեն Հովսեփյանի նման բնորդների», - Ռուբեն Հովսեփյան համազգայնականի, բարեկամի, ընկերոջ և մտավորականի մասին իր խոսքում նշեց  Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մկրտիչ Մկրտիչյանը:

Ռուբեն Հովսեփյանի մարդկային բնութագիրը Մ. Մկրտիչյանը պատկերավոր ներկայացրեց. «Հայրենասիրություն է բուրում նրա ամբողջ գործից, իսկ մարդկայնությունը յուրաքանչյուր տողի մեջ է: Մարդկային ազնիվ վերաբերմունքը միայն նրա գեղարվեստական գործի մեջ չի երևում, այլ նաև՝ նրա բարձրորակ անհատականության հիմնական բաղադրիչն է, որ ներկա էր առօրյայի մեջ իսկ՝ ամեն տեսակի հարաբերությունների ընթացքին»:

Ելույթում կարմիր թելի նման անցնում էր նաև Ռ. Հովսեփյան հայրենասեր մարդու, հայրենասեր գործչի և գրողի կերպարի ներկայացումը. «Ռուբեն Հովսեփյանը կրավորական հայրենասեր չէր, այլ գործուն մասնակցություն է բերել հայկական հասարակությունը, հայկական պետությունը բարձրացնելու համազգային ճիգին: ՀՀ Ազգային ժողովի, ՀՅԴ Բյուրոյի, Համազգայինի Կենտրոնական վարչության տարիների վրա երկարող անդամակցությունը հայկական գեղարվեստին ծառայելու նրա հիմնական առաքելությունից ժամանակ են խլել: Այս ձևով նա միայն հայ գրականության, հայկական ֆիլմարվեստի ծառան չէ, այլ մտավորական՝ Ն. Աղբալյանի բնորոշմամբ, ըստ որի՝ զարգացած մարդը պետք է լծվի իր նմանների և իր հասարակության, բառի լայն իմաստով, մշակութային բարձրացման աշխատանքին: Այս պաշտոնը Ռ. Հովսեփյանը կատարել է նվիրումով՝ այն ընդունելով որպես իր գործունեության գլխավոր առանցքներից մեկը»,- խոսքը եզրափակեց Մկրտիչ Մկրտիչյանը:

Ռուբեն Հովսեփյանի ծննդավայրը՝ Արմավիրը, հայրենի բնությունը զգալի ազդեցություն են ունեցել պատանի Ռուբենի ստեղծագործ էության վրա, խթանիչ ուժ դարձել` ծնունդ տալով այն ստեղծագործություններին, որոնք իրենց առանձնահատուկ տեղն ունեն հայ գրականության մեջ:

Ռոմանտիկ մասնագիտություններից մեկը` երկրաբանությունը, անգամ ի զորու չէր Ռուբեն Հովսեփյանին հեռու պահել գրականությունից: Նա շատ էր կարդում, հրաշալի ծանոթ էր հայ և համաշխարհային գրականությանը: Սարոյանը նրա համար հայտնություն էր, իսկ Դոստոևսկուն համարում էր ապագայի գրող: Ռուբեն Հովսեփյանը հետագայում հենց ինքն էլ ստեղծեց մի այնպիսի գրականություն, որը մարդու ու համամարդկայինի մասին է, խորապես վերլուծելով մարդկային շատ հատկանիշներ՝ գրողը հասավ փիլիսոփայական ընդհանրացումների: Սոս Սարգսյանի դիպուկ բնորոշմամբ՝ ինչ էլ գրի Ռուբենը` նշանակալից է, միշտ բարձր ասելիքով, միշտ մի ճշմարիտ գաղափարի ծառայող, հյութեղ բան ու բառով, հրաշալի հայերենով: Բարի գրականություն է:

Ավագ ընկերոջ, Վարպետի՝ Սոս Սարգսյանի բնութագրումները հնչում էին ողջ երեկոյի ընթացքում, ահա դրանցից ևս մեկը. «Ու թե կա մեկը, որից ես հայավարի քաշվում, հարգում եմ, որի աչքում չեմ ուզում տգեղ երևալ և թանկ եմ գնահատում կարծիքն ու վերաբերմունքը, Ռուբենն է, որի ընկերությունն ինձ համար շատ թանկ է: Ինքը պատկառազդու է…Մեր ժամանակներում մոռացված բառեր կան՝ մեր շուկայական կյանքին չսազող, բայց ես դրանք մտաբերում եմ ամեն անգամ Ռուբենին հանդիպելիս, օրինակ` պարկեշտություն և արժանապատվություն կամ խիղճ…»

Ռուբեն Հովսեփյանը թարգմանիչ էր, դրամատուրգ, Հայաստանի անկախացման առաջին օրերից ծավալել է ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն: 1990 թվականից եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության ղեկավար մարմինների անդամ: Տևական ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր էր:

Ռուբեն Հովսեփյան ընկերոջ մասին իր խոսքում ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը փաստում է՝  հոբելյանական այս երեկոյի անցկացման վայրը ինքնին խորհրդանշական է, որովհետեւ Ռուբեն Հովսեփյանը մշակույթի մարդ էր, բառի բուն իմաստով՝ մտավորական, գրող, թարգմանիչ, խմբագիր, սցենարիստ, քաղաքական գործիչ, բայց նախեւառաջ՝ մտավորական, որն իր մեջ խտացնում էր հայ մարդու ազգային, բարոյական ու գեղագիտական արժեքները:

«Մասնագիտությամբ երկրաբան, բայց նաեւ ու շատ ավելի «մարդաբան» էր, մարդկանց տեսնելու, զգալու, հասկանալու զարմանալի հատկություն ուներ։ Եվ պատահական չէ, որ նրա ստեղծագործությունների առանցքում հենց մարդն է՝ իր աշխարհընկալմամբ ու իր կենցաղով։

Զուսպ էր խոսքի մեջ, որովհետեւ գիտեր խոսքի արժեքը ու երբեք չէր փորձում կարծիք ու տեսակետ պարտադրել։ Համեստ էր, խուսափում էր լինել ուշադրության կենտրոնում, նախընտրում էր գործը ու չէր սիրում տարփողել այդ մասին։ Խորությամբ զգում էր իրականության տագնապները, ինքնամփոփ էր, բայց մտերմիկ շրջապատում՝ աշխույժ զրուցակից։

Խորապես ազգային էր՝ մինչեւ վերջին նյարդը, բայց զերծ ազգային սնապարծությունից, համամարդկային արժեքների ճշմարիտ գնահատող։ Տոլստոյ, Չեխով, Մարկես թարգմանելու համար երեւի թե մի քիչ այդ տեսակը պետք է լինել, այդ մտածողությունն ու աշխարհընկալումն ունենալ։  Ու առանց չափազանցության Ռուբեն Հովսեփյանն այդպիսին էր»,- այսպես բնութագրեց իր ավագ ընկերոջը ՀՅԴ Բյուրոյի անդամը և, բնականաբար, ներկայացրեց նաև Ռուբեն Հովսեփյան քաղաքական գործչի կերպարը՝ նշելով, որ կրտսեր ընկերոջ իրավունքով չի կարող չանդրադառնալ Ռուբեն Հովսեփյան քաղաքական գործչին՝ ընկեր Ռուբենին:

«Հարցազրույցներից մեկում անդրադառնալով Դաշնակցությանն անդամակցելու հարցին՝ Ռուբեն Հովսեփյանն իրեն բնորոշ ուղղամտությամբ ասել է՝ «որովհետեւ ազգայինի կուտակումներ էին առաջանում շատերիս մեջ, և երբ Դաշնակցությունը պիտի վերաբացվեր Հայաստանում, և եթե ես մի տեղ պիտի լինեի, ապա միայն այնտեղ պիտի լինեի»։ Հիրավի, Ռուբեն Հովսեփյանի պարագայում այլ ընտրություն հնարավոր չէր պատկերացնել։

Եվ հատկանշական է, որ Հայաստանում Դաշնակցության վերընձյուղման գործում նրան կարեւոր դերակատարություն էր վերապահված, որովհետեւ Ռուբեն Հովսեփյան տեսակի պահանջ կար։

Հակառակ այն իրողության, որ Ռուբեն Հովսեփյանը երկար տարիներ եղել է Դաշնակցության ղեկավար մարմինների անդամ, չի դարձել կուսակցական ֆունկցիոներ, այլ իր մտավորական տեսակով, լայնախոհությամբ ու շրջահայեցությամբ նոր հորիզոններ է բացել Դաշնակցության մտածողության մեջ։ Ինչպես մյուս ասպարեզներում, քաղաքականության մեջ եւս Ռուբեն Հովսեփյանն իր գործի, ընդհանուր գործի ազնվականն ու մշակն էր՝ սկզբունքային, ուղղամիտ, խոսքի մեջ՝ ժլատ, գործի մեջ՝ շռայլ։ Անկախ ունեցած հանգամանքից ու զբաղեցրած դիրքից՝ միշտ հանձնառու ու պարկեշտ։

Այսպիսին է Ռուբեն Հովսեփյանը, ընկեր Ռուբենը իմ հիշողություններում՝ նկարագիր ունեցող, ինքնատիպ հայ մարդ, ով գիտեր, որ ամենից դժվարը հեքիաթն իրականություն դարձնելն է, բայց նաեւ գիտեր, որ դա իր կոչումն է, իր պայքարը, իր բաժին պատասխանատվությունը»,- խոսքը եզրափակեց Արսեն Համբարձումյանը։

Հովսեփյան մտավորականի, գրողի, ազգային գործչին լավագույնս բնութագրողներից է եղել նրա մտերիմ ընկեր Ֆելիքս Մելոյանը, և երեկոյին խորհրդանշական կերպով հնչեցվեց նաև ուղիղ 20 տարի առաջ՝ գրողի ծննդյան 60-ամյակի առթիվ ասված նրա խոսքը.

«Լոռին ուներ, Զանգեզուրը ուներ, հիմա ունի նաև Արարատյան դաշտը։ Պիրկ, անխոցելի, ավանդականորեն հանդիսավոր իր կեցվածքը, որ իր զրահն է, իր փակ բնավորությունը, որ իր մանկության դրոշմն է իր խառնվածքին և այդպես խրտնեցնում ու տարածության վրա է պահում քեզ, ապահովեց անձնապաստան իր մենությունը լի հրաշապատում երազներով ու առօրյայի հոգեմաշ տաղտուկով, շեփորների հաղթական կանչերով ու անձնատուր դրոշների խոնարհումով, կասկածներով, փլուզումներով, հուսավառությամբ ու հավատով։ Եվ այդ մենության մեջ գրողի իր պատվախնդրությունը երբեք կողմ չդրեց ու նահանջ չարձանագրեց ո՛չ վիպակներում ու պատմվածքներում, ո՛չ խմբագրական աշխատանքում և ո՛չ էլ թարգմանության մեջ»։

Կյանքի վերջին տարում Ռուբեն Հովսեփյանը երկու հատոր հրատարակեց: Նախ` «Որդան կարմիր» ժողովածուն, որում ընդգրկվեցին «Հայոց թաղ», «Ճիչ», «Որդան կարմիր», «Ծիրանի ծառերի տակ» վիպակները, այնուհետև` «Նռներ» պատմվածքների ժողովածուն: Բացի այդ ՝մեկ գրքով էլ հրատարակվեցին թարգմանությունները`  Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» և «Նահապետի աշունը» վեպերը: Եվ…և, իհարկե, հրապարակախոսությունը:

Գրողն ասում էր. «Կարծես աշխարհն ինքն էլ է ծերացել, ինքն էլ մեզ նման զբաղված է ավելի շատ վերլուծելով, քան հայտնագործություններով: Քաղաքակրթության այն աստիճանին, որին հասել է մարդը, նյութական կառույցների վիճակը չի բավարարում, այսինքն` նյութական կառույցներն էլ են ծերացել, և հիմա փոփխության խնդիր է առաջացել: Քանի որ նորը քիչ է նշմարվում, մեզ թվում է` կրկնվում է, իսկ կրկնությունից վատ բան չկա: Եթե քո կյանքի պատմությունը կրկնվում է, նշանակում է` սխալ ես ապրել: Պատմությունը պետք է շարունակվի, ոչ թե կրկնվի, եթե կրկնվում է, ուրեմն` մենք մեր սխալների դասերը լավ չենք առել»:

Համո Սահյան, Սոս Սարգսյան, Ռուբեն Հովսեփյան. ընկերներ էին, ջերմ, հարազատ, անչափ մտերիմ։ Համո Սահյանի հոբելյանական օրացույցի էջերից մեկում տեղադրված թղթի կտորն այն հիշեցումն էր, որ թողել էր Ռուբեն Հովսեփյանը մահվանից առաջ, հուշում էր այն մասին, որ գրողը ընթերցել է, վերընթերցել, հատուկ կարևորություն տվել հենց այս գործին։

Չէ, ժամանակն է կարծես,

Ինձ բաց թողեք, ես գնամ․․․

Եվ բախտից գոհ եմ այնպես,

Ինձ բաց թողեք ես գնամ։

Ռուբեն Հովսեփյանի մահվանից հետո «Նորք» հանդեսի համարներից մեկն ամբողջությամբ նվիրվեց գրողի հիշատակին։ Հանդեսում տեղ էին գտել նաև «Վերջին գիշերը»` Խաչատուր Աբովյանի մասին անավարտ վեպից հատվածներ, որոնք տպագրված են միայն հեղինակի խմբագրմամբ և հաջորդականությամբ:

Մեծանուն գործչի մասին խոսել է նաև Աղասի Այվազյանը, որի՝ տարիներ առաջ ասված խոսքը ևս լսեցին ներկաները.

«Ռուբենը 60-ականների մտավորական սերնդի մակընթացող ալիքի մեջ էր, ազգային հույսի ու ոգևորության մի ալիք, որը Հայաստանի բազում այսահար, պատառոտած տարիներից հետո, հարազատ հողից ծլարձակած նորի կամ նորացողի սկիզբն էր։

Այսօրվա բազմաբարոյականության մեջ անխախտ է մնում մի բան՝ մարդկայնությունը։ Նրա ողնասյան վրա է հիմնված մեր ազգային տեսակը։ Նրա սերմերը մեր գեների մեջ, փառք Աստծո, դեռ մնացել են։ Ազգային միամտությամբ տառապող Աբովյանն ու Նժդեհը, Թումանյանն ու Չարենցը... Մեր մեծ հարիֆները, որոնցով մենք երկարատևում ենք ցայսօր ու էլի պիտի հեռու գնանք, քանի որ հավատ ու ճակատագրով դատապարտված հավատավորներ կան։ Ռուբե՛ն, ընկե՛րս, թույլ տուր քեզ էլ պատկանավորեմ միամիտների, հավատավորների դասին»։

Երեկոն զարդարեց նաև Ռուբեն Հովսեփյանի սցենարներով նկարահանված երկու հանրահայտ՝ «Կարոտ» և «Խնձորի այգին» անմահ ֆիլմերի առանձին հատվածների ցուցադրությունը:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն իր ելույթում Ռուբեն Հովսեփյանին համարում է ոչ այնքան բախտավոր գրող, նա նկատում է. «Մի քիչ ցավալի բան կա Ռուբեն Հովսեփյանի գրողական կենսագրության մեջ: Խոսքը նախ և առաջ նրա հզոր գրողական ներուժի իրացման մասին է, երկրորդը նրա հզոր և խոհուն գրական ներկայության՝ ինչպես հարկն է չարժևորվելու և այդ չիրացման պոտենցիալն այլ տեղերում օգտագործելու և, օգտագործելով, մեզնից գրողաբար վրեժ լուծելու մասին է: Վերջապես՝ խոսքը մեզ իր չնվիրած երևի ամենակարևոր վեպի մասին է, որը պետք է լիներ Խաչատուր Աբովյանի մասին»:   

Կյանքի վերջին տարիներին Ռուբեն Հովսեփյանը հաճախ էր հանդես գալիս ֆեյսբուքյան գրառումներով: Այս հարթակում նույնպես մենք հանդիպում էինք սիրելի հրապարակախոսին, լսում նրա խրատ-խորհուրդները, իմաստուն մտքերը: Մահվանից օրեր առաջ Ռուբեն Հովսեփյանը թողեց իր վերջին գրառումը. «Ես էլ եմ հիվանդ, երկիրն էլ…Առավոտյան Գերմանիա եմ մեկնում` բուժվելու հույսով: Երկիրն ինչ է անելու, ուր է գնալու…»

Ռուբեն Հովսեփյան՝ գրող, թարգմանիչ, սցենարիստ, հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս… Կես դար շարունակ նա գրական միջավայրում իր ստեղծագործություններով, մարդկային կերպարով, ելույթներով, թարգմանություններով, հրապարակախոսությամբ հաստատեց բարձր գոյության կնիքը: Նրա լռությունը խոսուն էր: Նրա ներկայությունը տոն էր, իսկ գրականությունը` հայրենաշունչ ու հայրենաբույր, «Հարյուր տարվա մենություն»-ից նա մեզ փոխանցեց այն աշունը, որը Նահապետինն էր: Նա հենց ինքը Նահապետն էր, Վարպետը, Մեծը, Հայը:

Նա ապրում է իր գրականությամբ, մտավորականի իր ծանրակշիռ խոսքով, բարի ժպիտի պայծառ հիշողությամբ ու հայի բացառիկ կերպարով։ Ռուբեն Հովսեփյանն այսօր 80 տարեկան է։ Շնորհավո՛ր ծնունդդ, Վարպե՛տ։