Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինքնորոշումը համամարդկային սկզբունք է, և մարդկությունը պետք է կանգնի բոլոր այն ազգերի կողքին, որոնք կուզենան ինքնավար ապրել. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց իրաքցի ճարտարապետ, քաղաքական և անվտանգության հարցերի հետազոտող Մուհամեդ ալ Ուգայլին, որը Իրաքից ժամանած պատվիրակության կազմում Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհելուց և Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպելուց հետո պետք է մեկնի Արցախ՝ մասնակցելու «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին:
- Ի՞նչ նպատակով եք Հայաստանում և արդյո՞ք հավանեցիք Հայաստանը:
- «Պրո Արցախ» համաժողովի կազմակերպիչների ազնիվ հրավերով Իրաքի մտավորականների և գիտնականների պատվիրակությունն այցելել է Երևան, նաև Ստեփանակերտում մասնակցելու ենք «Պրո Արցախ» համաժողովին: Ծիծեռնակաբերդի այս հուշահամալիրում մեր մարդկային զորակցությունն ենք հայտնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այն միշտ վառ պետք է մնա ժողովուրդների և մարդկության պատմության մեջ, ինչպես նաև պետք է առաջ տանել ճանաչման գործընթացը: Պատմությունը վկայում է, որ Հայոց ցեղասպանությունն ամենադաժան արարքն է մարդկության պատմության մեջ:
Մենք, ծաղիկներ խոնարհելով, մեր հարգանքը մատուցեցինք նահատակված մեկ ու կես միլիոն հայերի հիշատակին: Այս այցելությունը մեր համեստ ներդրումն է հայ ժողովրդի պայքարում, որը ջանք չի խնայում, որ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային ճանաչում ստանա:
- Դուք այցելելու եք նաև Արցախ՝ մասնակցելու ՀՅԴ կազմակերպած «Պրո Արցախ» համաժողովին: Գիտենք, որ Արցախ այցելող բոլոր արտասահմանցիներին Ադրբեջանը գցում է «սև ցուցակը»: Մտավախություն չունե՞ք այս հարցում:
- Ժողովուրդների իրավունքն է՝ ընտրել իրենց ճակատագիրը՝ հաշվի առնելով իրենց պատմությունը: Ինքնորոշումը համամարդկային սկզբունք է, և մարդկությունը պետք է կանգնի բոլոր այն ազգերի կողքին, որոնք կուզենան ինքնավար ապրել՝ առանց խախտելու հավասարակշռությունը:
Չեմ կարծում, որ Արցախյան հարցն անկայունություն է ստեղծում տարածաշրջանում, այդ պատճառով էլ Արցախի ինքնորոշման խնդիրն անառարկելի է: Բացի այդ, հակառակ մերժվածության մթնոլորտին, Արցախ այցելությամբ մեր աջակցությունն ենք հայտնում իրավական ու մարդասիրական արժեքներին: Կոչ եմ անում կառավարություններին, որ չհակադրվեն այս կարգի այցերին և չպատժեն այցելողներին:
- Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Թուրքիան երկար տարիներ շրջափակման մեջ է պահում Հայաստանը:
- Պետության կողմից իր հարևանների հետ ցանկացած հակամարտություն ազդում է ներկա և ապագա հարաբերությունների վրա: Բայց որպեսզի պետությունները կարողանան տնտեսապես և անվտանգության առումով կայուն լինել, պետք է ձգտեն փակ սահմաններ չունենալ իրենց հարևանների հետ: Այսօր՝ 21-րդ դարում, մենք ամենաշատը կարիք ունենք ժողովուրդների երկխոսության, որը ստեղծվում է տնտեսական և մշակութային հարաբերություններով: Այս տարածաշրջանը բարդ է, սակայն միշտ հնարավորություն կա, որ թե՛ Թուրքիայի, թե՛ այլ պետությունների հասարակությունների միջև կապեր ստեղծվեն:
Սահմանները փակելու որոշումները անկայունություն են ստեղծում տարածաշրջանում, իսկ անկայունությունից ոչ մեկն ապահովված չէ: Իմ կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը խաղաղության կոչեր է ուղղում համայն աշխարհին, այդ թվում՝ Թուրքիային: Ճիշտ է՝ այս երկու ժողովուրդների միջև հակամարտություն է տեղի ունեցել, գրավված հողեր կան, բայց ժողովուրդների ներկայիս մտածելակերպը նման չէ անցյալ դարի մտածելակերպին:
- Իրաքում այժմ հակակառավարական ցույցեր են տեղի ունենում, որոնք նաև մարդկային զոհերի պատճառ են դառնում. ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:
- Իրաքի Հանրապետությունն ունի իր Սահմանադրությունը, որն Իրաքի ժողովրդի համար օրենքներ է սահմանում, նաև ներառում իրաքցիների՝ հանրահավաքներ անելու իրավունքը: Կառավարությունը պարտավոր է արդարացնել ժողովրդի պահանջները, հակառակ դեպքում՝ կաշխատեն արտաքին գործոնները՝ հաշվի առնելով Միջին Արևելքի եռացող կաթսան: Չենք ուզում, որ Իրաքը Միջին Արևելքի խնդիրների զոհը դառնա և Իրաքի ժողովուրդը օգտագործվի որպես զենք միջազգային խնդիրների լուծման համար: Իրաքի ժողովրդի պահանջներն արդարացի են, և կառավարությունը լուրջ է տրամադրված՝ արդարացնելու դրանք օրենսդիր, գործադիր և դատական մարմինների միջոցով: Այս համակարգերը պետք է միասնաբար աշխատեն, որ արդարացնեն ժողովրդի պահանջը: Իրաքի ժողովուրդը շատ տանջվեց պատերազմներից, պաշարումից և տառապեց անկայուն վիճակից, այդ պատճառով էլ իրավունք ունի մարդկային և արդար պայմաններում ապրելու, որովհետև Իրաքի ժողովուրդը խելացի ժողովուրդ է, որը խորը մշակութային, պատմական, արժեքներ ունի: