կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-03 14:48
Քաղաքական

Քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը

Քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրեց այն 4 հիմքերը, որոնք նկատի ունենալով, նախաձեռնել են լիազորությունների դադարեցման հարցով որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշման նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

«Որոշման նախագիծը վերաբերում է Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը՝  էական կարգապահական խախտման հիմքով:  Օրենքով էական կարգապահական խախտում է նաև ՍԴ դատավորի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է ՍԴ-ի հեղինակությունը, կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ: ՍԴ-ում ընթացած վարույթը կամ գործը, որի շրջանակում, մեր համոզմամբ, Հրայր Թովմասյանի կողմից թույլ է տրվել էական կարգապահական խախտում, քննության է ընդունվել ՍԴ-ի կողմից՝ համապատասխան աշխատակարգային որոշման հիման վրա: Նշված գործով դիմումատու է հանդիսացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Իմ քայլը» խմբակցության և ԱԺ-ի կողմից որոշման նախագծի շրջանառության մեջ դնելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ մենք կարծում ենք, թե առկա են եղել Հրայր Թովմասյանի վերոնշյալ աշխատակարգային որոշման հիման վրա քննության ընդունված գործին մասնակցության անհնարինության հիմքեր»,-ասաց Գրիգորյանը:

Գրիգորյանը  թվարկեց, իրենց կարծիքով, Թովմասյանի կողմից գործի քննությանը մասնակցելու անհնարինության հիմքերը: Նա ներկայացրեց հանգամանքները, որոնք, իր համոզմամբ, անկողմնակալ դիտորդի մոտ կարող էին օբյեկտիվ կասկած առաջացնել, որ Հրայր Թովմասյանը նշված վարույթով կարող է լինել ոչ անաչառ: «Առաջին հիմքը Հրայր Թովմասյանի փոխկապակցվածությունն է Հանրապետական կուսակցության և կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և վերջիններիս փոխկապակցվածությունը Ռոբերտ Քոչարյանի հետ: Չկա արգելք, որ կուսակցության անդամ և ԱԺ պատգամավոր եղած մարդը չի կարող գնալ ՍԴ որպես դատավոր կամ անդամ, բայց մենք ասում ենք, որ եթե գործն իր փաստական հանգամանքներով ու էությամբ առնչվում է այնպիսի հանգամանքների, որոնք կարող են այդ կապով պայմանավորված կասկած առաջացնել, ապա այդ անձը չպետք է մասնակցի այդ վարույթին, կամ առնվազն հարցը պետք  է բարձրացվի և քննարկվի: Հրայր Թովմասյանը 2010-ից ի վեր մշտապես բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ-ում»,- ասաց Գրիգորյանն ու նշեց, որ Թովմասյանի և Հանրապետական կուսակցության փոխկապակցվածությունը մեծապես երևում է նաև այն գործընթացից, թե ինչպես է Թովմասյանը դարձել ՍԴ անդամ:

Նա որպես երկրորդ հիմք նշեց Թովմասյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանի քավոր-սանիկական հարաբերությունները: «Մենք որևէ մեկին չենք մեղադրում քավոր կամ սանիկ լինելու մեջ, այլ ասում ենք, որ եթե կան նման հանգամանքներ, պարզապես որպեսզի կասկածի տակ չդրվի դատարանի անաչառությունն ու հեղինակությունը, անձը պետք է հեռանա վարույթից կամ առնվազն այդ հարցը քննարկվի, ու ներկայացվեն փաստարկներ, որ մեր և հանրության կասկածները այս հարցով փարատվեն»,-ասաց Գրիգորյանը:

Գրիգորյանի խոսքով՝ երրորդ հիմքը նախկինում Հրայր Թովմասյանի կողմից մարտի 1-ի իրադարձությունների և դրան հաջորդող դատավարությունների մասին կարծիք արտահայտելն է: «Ընդամենն արձանագրենք, որ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող քրեական գործից ծնված սահմանադրական վարույթով Հրայր Թովմասյանը, նախկինում կարծիքներ արտահայտելով, նույնպես մասնակցելով վարույթին, կարող էր անկողմնակալ դիտորդի մոտ կասկած հարուցել»,-ասաց պատգամավորը:

Որպես չորրորդ հիմք նշեց՝ իրենք խնդիր են տեսնում, որ այդ բոլոր հանգամանքների առկայության պայմաններում ՍԴ-ում Թովմասյանի կողմից թե վարույթի սկզբում, թե հընթացս, թե վերջնական որոշմամբ անդրադարձ չի կատարվել հանգամանքներին: «Բոլորը հասկանում են, որ այս հանգամանքները կան: Եվ դրանց մասին խոսելուց, բարձրաձայնելուց ՍԴ-ի քննարկման առարկա դարձնելուց խուսափելը անաչառության բացակայության հիմք է տալիս»,-ասաց Գրիգորյանը:

Պատգամավորը նշեց՝  բուն էական կարգապահական խախտումը «Իմ քայլը» խմբակցության համար ի սկզբանե այս հարցերը չբարձրաձայնելն է: Անգամ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից այս հարցը բարձրաձայնելուց հետո դրանք որևէ կերպ ՍԴ քննարկման առարկա չդարձնելը Գրիգորյանն անընդունելի համարեց: