|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ստրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ, այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԱՀ ԱԳՆ ղեկավարը ողջունել է պատվիրակության այցը Արցախ՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու երկրին, հանրապետությունում պետականաշինության գործընթացում, հատկապես՝ տեղական ինքնակառավարման համակարգի կայացման ու զարգացման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումներին։
Մասիս Մայիլյանն ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության ձևաչափով արտաքին կապերի հաստատումը՝ որպես Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, ինչն առանցքային նշանակություն ունի թե՛ Արցախի համայնքների արդյունավետ կենսագործունեության և թե՛ միջազգային գործընթացներում հանրապետության ներգրավվածության տեսանկյունից։
Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել Արցախի քաղաքներից մեկի և Ստրովոլոս քաղաքի միջև մարդասիրական տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հաստատման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Գազանճեանը և Կիպրոսի ՀՅԴ Կոմիտեի անդամ Րաֆֆի Մահտեսեանը։