կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-23 00:05
Տնտեսական

Ֆանտաստիկ գներ չեն լինի

Ֆանտաստիկ գներ չեն լինի

Վերջին 15 ամիսներին հումքային բորսայում պարենային ապրանքների գների աննախադեպ աճը լրջագույն պրոբլեմ է դառնում եւ կարող է հանգեցնել որոշակի ճգնաժամի. այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Անդրադառնալով շաքարի գնի հնարավոր բարձրացմանը` Վ. Այվազյանը նկատեց. «Գիտե՞ք, որ Վրաստանում շաքարի գինը շատ շուտվանից է բարձրացված: Մենք չունենք այլընտրանք, եթե միջազգային շուկայում որոշ ապրանքների, օրինակ` նավթի գնի աճ նորից արձանագրվի, բնականաբար, երկրաչափական պրոգրեսիայով կաճեն նաեւ սննդամթերքի գները»:

 

Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը եւս Հայաստանում շաքարի գնի բարձրացումը պայմանավորում է միջազգային գների աճի հետ: Նրա խոսքով` մեզ մոտ շաքարավազը պետք է դեռ անցած տարի թանկացած լիներ. «2010 թվականի հունվարի 26-ին միջազգային շուկայում շաքարն այնքան էր թանկացել, որ հայաստանյան խանութներում այն պետք է արժենար 340-350 դրամ, բայց իրականում վաճառվում էր 305-310 դրամի սահմաններում: Դա եղել է բարի կամքի դրսեւորում, որ, ժողովրդի վիճակը հաշվի առնելով, տնտեսվարողները համարյա առանց շահույթի են վաճառել»:

 

Գագիկ Մակարյանի կարծիքով` բնականաբար, այդ ռեժիմը երկար ժամանակ հնարավոր չէ պահել, տնտեսվարողն էլ պետք է իր շահույթի համար գնա ճիշտ գնային քաղաքականության. «Եթե միջազգային գներում թանկացում չլինի, շաքարի գինը կկազմի 340-350 դրամ, բայց եթե միջազգային շուկայում այն նորից թանկանա, համահունչ կթանկանա նաեւ մեր երկրում»:

 

Նրա խոսքերով` լուրերը, թե շաքարավազը կարող է ֆանտաստիկորեն թանկանալ, հիմք չունեն. խուճապ են առաջացրել բնակչության շրջանում` նրանց ստիպելով մեծ քանակությամբ շաքարավազ գնել: