Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռևս հազարավոր տարիներ առաջ հույն փիլիսոփա Դիոգենեսը նշել է. «Ցանկացած պետության հիմքը դրանում բնակվող երիտասարդության կրթությունն է»: Հին աշխարհի փիլիսոփայական միտքը հիանալի է բնութագրել երիտասարդության դերն ու կերպարը հասարական-քաղաքական կյանքում, նշել, թե ինչ հզոր ուժ է երիտասարդությունը: Իսկ Գարեգին Նժդեհի ասույթներից մեկում այսպես է խոսվում երիտասարդության մասին. «Երիտասարդությունը լեռներից իջնող ամեհի մի հեղեղ է, որը կարող է և՛ օրհնբեր, և՛ ավերիչ լինել»: Այս երկու ասույթները հիանալիորեն շարունակում են մեկը մյուսին՝ ցույց տալով երիտասարդության և կրթության անքակտելի կապը, թե ինչ հզոր կարող է լինել կրթված երիտասարդությունը, կամ ինչ աղետալի՝ անկիրթ վիճակում: Իզուր չէ այն կարծիքը, որ եթե ուզում ես կործանել որևէ ժողովրդի, այլասերիր նրա երիտասարդությանը:
Երիտասարդությունը պարզապես տարիք չէ, այն հոգեվիճակ է, հոգեբանություն, փիլիսոփայություն: Այն ուժ է, հզոր և չկրկնվող ուժ: Ուժ, որը վերադարձնելու համար մարդը չի խնայի ոչինչ: Ուժ, որի մասին անհաշիվ լեգենդներ, հեքիաթներ, գրքեր, ֆիլմեր են ստեղծված: Ուժ, որը մարդը ծախսում է անխնա, հաճախ անիմաստ և ծերության շեմին հիշում, որ ինքը մի ժամանակ վազել է, ցատկել, եղել է ուժեղ, ապրե՜լ է…. Անընդհատ ծնվում են նոր երգեր ու ֆիլմեր, որոնցում մարդը փորձում է մարտնչել ժամանակի հետ և վերադարձնել իրենից հավերժ հեռացած իր ուժը, իր հարստությունը, իր կյանքը՝ երիտասարդությունը:
Այսօր շատ երկրների ժողովրդագրական մեծ խնդիր է բնակչության արագ ծերացումը, որն այդ երկրին կանգնեցնում է ծանր վիճակի առջև, որովհետև առանց երիտասարդության այդ երկիրը պարզապես դանդաղ կմարի (խնդիր, որ, ցավոք, առկա է նաև ՀՀ-ում):
Աշխարհում անթիվ են օրինակները, որ երիտասարդությունը մեծագույն ուժ է, և թե ի՜նչ հանճարներ են հենց երիտասարդ տարիքում աշխարհը ցնցել: Երիտասարդությունն ըմբոստ է, այն չի ենթարկվում, և եթե երիտասարդության ուժը փորձում է փոխել, ստեղծել կամ ոչնչացնել, ոչինչ չի կարող նրան դիմագրավել: Եվ մի՞թե Լյուդովիկոս XVI-ի մտքով երբևէ կանցներ, որ այն երիտասարդները, որոնց մեկը մյուսի հետևից բանտարկում էին խոսելու և գրելու համար, իրենց հետ մի այնպիսի փոթորիկ կբերեն, որ ինքը՝ հազարամյա թագավորության արքան, նախ կզիջի իր բոլոր իրավունքները, ապա հասարակ մարդու պես կհայտնվի մեղադրյալի աթոռին, ապա մահապատժի կենթարկվի երիտասարդ հեղափոխականների կողմից: Մի՞թե եվրոպական դարավոր ու ծերացած միապետությունների տիրակալների մտքով կանցներ, որ նոր-նոր ծնված ֆրանսիական հանրապետությունը ոչ միայն պատվով պայքար կմղի, այլև իրենցից շատերին ծնկի կբերի (հարկ է արժանին մատուցել ֆրանսիական հեղափոխությանն ու երտասարդ հանրապետությանը, որը, պայքարելով գրեթե ողջ Եվրոպայի դեմ, հասավ անհավատալի հաջողությունների): Դա պարզապես հեղափոխություն չէր, դա պարզապես զենքի ու լոզունգների փոփոխություն չէր, դա երիտասարդության կատաղի պոռթկումն էր ամեն հնի դեմ: Եվ երբ Նապոլեոն Բոնապարտը Իտալիայում պատերազմում էր ավստրիական բանակի դեմ, մի՞թե ինչ-որ մեկի մտքով կանցներ, որ հազիվ երեսուն հազարանոց քաղցած, ոտաբոբիկ բանակը կջախջախեր իրենից յոթ անգամ ավելի շատ հրետանի ունեցող 80 հազարանոց բանակին: Հաղթեց երիտասարդությունը, նորամուծությունը, թարմությունը: Ավելորդ չէ նույնիսկ նշել, որ Իտալիայում ֆրանսիական զորքերի ամենածեր մարդը բանակի հրամանատար Բոնապարտն էր՝ 27 տարեկան:
Երիտասարդությունը շարունակում է հաղթել ամենուր և միշտ: Բայց կարևոր է, որ երիտասարդությունը, ուժից բացի, նաև կիրթ լինի, ու սովորելը լինի նրա զարգացման հիմնական հեռանկարը: Անկիրթ և վայրենի երիտասարդությունը կարող է հիմքից քանդել իր պետությունը, կիրթ և ուսումնատենչ երիտասարդությունը նույնիսկ անապատում կարող է ծաղկուն այգի հիմնել: Իզուր չէ, որ այսօրվա բոլոր զարգացած երկրներում մեծապես կարևորվում է երիտասարդության դերը, և գրեթե բոլոր զարմանալի ու հրաշալի նորամուծություններն անում են հենց երիտասարդները: Կրթությունը ուժ է տալիս, տալիս է նոր հայացք, թարմ ու համարձակ միտք, եռանդ…
Գերմանացի ականավոր արևելագետ, աստվածաբան Գրաֆը նշել է. «Ծերությունը սկսվում է այն պահից, երբ մենք կորցնում ենք սովորելու ընդունակությունը», մեկ այլ հանճարեղ գերմանացի` Գյոթեն, ասել է. «Պարապ կյանքն անժամանակ ծերություն է»:
Սրանք պարզապես տողեր չեն: Այո՛, երիտասարդությունը հզոր է, բայց այն կարող է դառնալ ապիկար և անընդունակ, եթե կիրթ չլինի: Անկիրթ երիտասարդությունն ավերող է ու ոչնչացնող: Անկիրթ մարդն անարդար է, և եթե նա ուժեղ է, ապա նշանակում է` ուժ՝ առանց արդարության: Երիտասարդություն՝ առանց կրթության` նշանակում է կատաղած ու վայրի գազան, որը նույնիսկ իրեն կհոշոտի: Եթե երիտասարդությունը պարապ է, ապա նա շատ արագ կարող է հանցագործ դառնալ, այլասերել ինքն իրեն և քանդել իր երկիրը: Բոլոր մեծ մտածողներն ու մեծ հանցագործները շատ լավ գիտեն երիտասարդության ուժն ու դերը և միշտ նրան են ուղղում իրենց հայացքը, խոսքը, մտքերը: Եվ վայ, եթե նա սխալ ընտրություն անի: Այս պարագայում հատկապես էլ ավելի է մեծանում կրթության դերը:
Մենք ապրում ենք խառնաշփոթ ժամանակներում: Աշխարհաքաղաքական, հասարակական, գիտական միտքը զարգանում է անչափելի տեմպով: Հետ չմնալու համար մենք պիտի արագ ու վստահ քայլերով առաջ գնանք՝ հավասարվելու, անցնելու համար: Դա հնարավոր է միայն եթե կրթությունը լինի իր տեղում ու իր դերում: Միայն կիրթ և զարգացած երիտասարդության շնորհիվ կարող ենք լուծել մեր առջև ծառացած խնդիրներն ու իրականացնել ամենահամարձակ ծրագրերն ու անհնարին մտահղացումները: Ցանկանո՞ւմ ենք ունենալ ուժեղ և հզոր պետություն, ուրեմն հենց այսօրվանից է պետք ունենալ կիրթ երիտասարդություն։
Եթե լինենք այնքան անհոգ ու անպատասխանատու, որ առօրյա հաճույքը նեղ անձնական, քաղաքական շահերից կարևորենք ավելի, ապա մեր ձեռքով ժողովուրդը կարող է վերածվել թուլամտությամբ տառապող մարազմատիկի, որը վաղուց արդեն չի կարողանում գեթ մեկ հոդաբաշխ խոսք արտաբերել:
Ռուբեն Սողոյան
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության նախագահ