կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-06 12:11
Քաղաքական

Արարատ Միրզոյանի վերաբերյալ դրական հոդվածներ չեն դիտարկվել. «Մեդիա պաշտպան»

Արարատ Միրզոյանի վերաբերյալ դրական հոդվածներ չեն դիտարկվել. «Մեդիա պաշտպան»

2019թ-ի հոկտեմբերի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 414 հոդված, որոնցից 91-ը եղել է բացասական, 323-ը՝ չեզոք։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս շաբաթ գտնվել է լրատվականների ուշադրության կենտրոնում։ Չնայած դրան՝ դրական հոդվածներ չեն դիտարկվել։ ԱԺ նախագահի թիմն այս հարցով զբաղվելու լուրջ մարտահրավերներ ունի։ «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն ու Եկմալյան 4-16 հասցեի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Բնակիչները հիշեցրին, որ ավելի քան 8 տարի ապրում են վարձով բնակարաններում։ Սոնա Աղեկյանը նշեց, որ վարչապետի և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքների փոխարեն, կառավարական առանձնատներում պետք է ապրեն այն քաղաքացիները, որոնք վարձով են բնակվում և չունեն աշխատանք՝ վարձավճարի հարցը լուծելու համար։

 

Ըստ մամուլի հրապարակումների՝ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ։ Ըստ տեղեկությունների՝ այդ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ստամբուլյան հռչակագրի թեման։ Քննարկման ընթացքում Արարատ Միրզոյանը նշել է, որ եթե իրենց հաջողվի փոխել ՍԴ գործող կազմն ու հեռացնել Հրայր Թովմասյանին, հռչակագրի վավերացումն ավելի հեշտ կլինի: Համաձայն Միրզոյանի՝ հիմա վավերացման ամենալուրջ խոչընդոտը ՍԴ նախագահն է։ Ըստ մամուլի՝ Ջաննի Բուքիքիոն էլ, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ասել է, որ Հրայր Թովմասյանի դեմ իրականացվող գործընթացները քաղաքական հետապնդման տպավորություն են թողնում։

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Ալբերտի Կազելատիին: Արցախի մասին քննարկման ժամանակ Արարատ Միրզոյանը նշել է, որ Իտալիան, երբեմն քայլեր է անում, որոնք չեն նպաստում գործընթացի խաղաղ կարգավորմանը։ Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Ալբերտի Կազելատիին արձագանքել է այդ դիտարկմանը և ասել է, որ իրենց գործողությունները ամբողջովին համապատասխանում են իրենց պետության պաշտոնական դիրքորոշմանը։

Ըստ մեկ այլ վերլուծականի՝ Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի իր ելույթում ավելի հեռուն է գնացել։ Վերջինս խոսել է «թավշա հեղափոխության» և դրա բերած օգուտների մասին, որն արդեն մեկուկես տարի որպես այցեքարտ է ծառայում։ Հրապարակման մեջ ասված է. «Զարմանալի է, որ Արարատ Միրզոյանի մոտ հարց չի առաջացել, թե արդյո՞ք չի սպառել իրեն այն մարտավարությունը, երբ աշխարհին ներկայանում ենք միայն «թավշյա հեղափոխության» բրենդով, արդյոք դա վաղուց արդեն չի՞ հոգնեցրել աշխարհին»։ Արարատ Միրզոյանն իր ելույթում քննադատաբար է մոտեցել ՍԴ նախագահին։ Լրատվականը հարց է բարձրացնում. «Մի՞թե Միրզոյանն այնքան ասելիք չուներ, որ ստիպված էր կենտրոնանալ ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների վրա, և տեղյա՞կ չէր, արդյոք, որ եվրոպացի գործընկերները գիտեն, թե ինչպիսի ճնշումներ են գործադրվում դատական իշխանության վրա»։