կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-15 17:05
Առանց Կատեգորիա

Լիբանանի տուրիզմի հայ նախարարը դիմել է ՀՀ նախկին և ներկայիս իշխանություններին՝ իր փորձով օգնելու առաջարկով, բայց դեռ հաջողության չի հասել

Լիբանանի տուրիզմի հայ նախարարը դիմել է ՀՀ նախկին և ներկայիս իշխանություններին՝ իր փորձով օգնելու առաջարկով, բայց դեռ հաջողության չի հասել

2011-2015 թվականներին Սիրիայում պատերազմի հետևանքով ստեղծված մթնոլորտն ուղղակիորեն ազդել էր Լիբանանի վրա, անվտանգության վիճակը բավականին ծանր էր, ուստի իմաստ չուներ խոսելու զբոսաշրջության մասին, քանի որ այն դյուրաբեկ ոլորտ է. yerkir.am-ի և «Շանթ» հեռուստաընկերության հետ զրույցում ասաց Լիբանանի զբոսաշրջության նախարար, ՀՅԴ անդամ Ավետիս Կիտանյանը:

Ըստ նրա՝ զբոսաշրջության նախարարությունը կապ ունի գրեթե բոլոր նախարարությունների հետ, հատկապես` հանրօգուտ շինությունների, տրանսպորտի նախարարությունների և ներքին անվտանգության ուժերի: «Այս բոլորը համադրելով է, որ զբոսաշրջիկի կեցությունը երկրում կարելի է հեշտ դարձնել, և եթե զբոսաշրջության նախարարությանն առնչվող` ճաշարանի, գիշերային ժամանցի կամ որևէ տեսարժան վայր այցելելու, երթևեկության հարց կա, մարդկանց ապահովության հարց հաստատ լինելու  է: Սա, ինչու չէ, նաև արտաքին գործերի նախարարության հետ առնչություն ունի՝  դեսպանների կողմից իրենց երկրներում Լիբանանի զբոսաշրջության պատկերը քարոզելու առումով: Առնչություն կա նաև տեղեկատվության նախարարության հետ, որի միջոցով երկրի իմիջն է արտացոլվում: Պետք է ասեմ, որ այս ոլորտի գործունեությունը զարգացման հանգրվանին է հասել, և մենք 2019-ը պատրաստվում ենք հռչակել լավագույն զբոսաշրջության տարի Լիբանանի համար՝ զբոսաշրջիկների թվի առումով: Պետության առավելագույն եկամուտն այս տարի զբոսաշրջության ոլորտից է եղել, ինչով պայմանավորված զբոսաշրջության նախարարությունը դարձել է հիմնական նախարարություններից մեկը, որը բոլորի հոգածության առարկան է: Եվ բոլորի կողմից աշխատանք է տարվում, որ պայմանները դառնան ձեռնտու, որ այս ոլորտը զարգանա, որովհետև մեծ ազդանշաններ տվեց այն, որ կարելի է մեծ նվաճումներ արձանագրել, եթե համապատասխան ենթաօրենքներ ունենանք»,- նշեց Լիբանանի հայ նախարարը: 

Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ մեծ հոսք կա Լիբանանից Հայաստան՝ թե' ծագումով հայերի և թե' նրանց, ովքեր հայ չեն, սակայն մեծ հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ: «Այդ հոսքը շատ մեծ է, և պետք է ասել, որ ամեն օր թռիչք կա դեպի Հայաստան: Եվ այս ամառվա 100 օրվա ընթացքում առնվազն 200 հոգի գնացել է Հայաստան, այսինքն՝ միայն ամռանը գոնե 20.000 հոգի կգնա, եթե ոչ` ավելին: Փոխարենը հոսքը դեպի Լիբանան շատ ավելի նվազ է` հասկանալի պատճառներով, որովհետև ՀՀ տնտեսական վիճակը ծանր է և ավելի հեշտ է գնալ Վրաստան, Եգիպտոս, որտեղ ավելի էժան է: Բայց ընթացիկ տարվա առաջին 6 ամսվա ընթացքում 6.000 հայաստանցի Լիբանան է եկել: Դա լավ թիվ է, հատկապես` երբ տուրիզմի ամիսը մեզ մոտ հուլիս-օգոստոսն է, և այդ ժամանակ կարող է ավելի մեծ հոսք լինել: Անցած տարի, ընդհանուր առմամբ, 11.000 մարդ էր եկել, հիմա, եթե ոչ զբոսաշրջային ժամանակահատվածում 6.000 է եկել, տարվա ավարտին այս թիվը 15.000-20.000 կլինի»,- նշեց Կիտանյանը:

Նա նաև շեշտեց, որ զանազան առիթներով դիմել է Հայաստանի նախկին և ներկայիս իշխանություններին՝ առաջարկելով իր` զբոսաշրջության ոլորտում փորձն ի սպաս դնել ՀՀ զբոսաշրջության կոմիտեին, բայց որևէ դրական արձագանք չի ստացել: «Նախորդ իշխանությունների ժամանակ, երբ նախարարն Արծվիկ Մինասյանն էր, որոշ տեղ առաջանալու խնդիր ունեինք, բայց իշխանությունները փոխվեցին: Այս իշխանությունների օրոք մեկից ավելի առիթով և մեկից ավելի նախարարի եմ դիմել, որ այս փորձն ու կարելիությունը դնեմ նրանց տրամադրության տակ, բայց դա ինձ դեռ չի հաջողվել: Գուցե ՀՀ-ում սա կարևոր ոլորտ չէ»,- ասաց Կիտանյանը՝ հավելելով, որ այս ոլորտում զարգացում ապահովելու համար ՀՀ-ում կան բոլոր նախադրյալները: 

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսին կլինեն Լիբանան-Հայաստան հարաբերությունները, եթե Հայաստանը բնականոն հարաբերություններ հաստատի Իսրայելի հետ, Լիբանանի զբոսաշրջության նախարարը նշեց, որ կան զանազան երկրներ, այդ թվում` արաբական, որոնց հետ Լիբանանն ու Իսրայելն ունեն հարաբերություններ, և եթե Հայաստանի պարագայում Լիբանանի հանրային կարծիքը հեշտ ձևով չընկալի դա, այդ դեպքում Լիբանանի կառավարության մեջ և խորհրդարանում հայ համայնքի ներկայացուցիչներն աշխատանք կտանեն, Հայաստանի իշխանություններն էլ պետք է հաշվի առնեն այդ նրբությունները: