կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-15 15:28
Հասարակություն

Հայաստանում հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է 6951 թմրամոլ, նախորդ տարվա հետ համեմատած՝ 6 տոկոսով աճ կա. Պետրոս Սեմերջյան

Հայաստանում հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է 6951 թմրամոլ, նախորդ տարվա հետ համեմատած՝  6 տոկոսով աճ կա. Պետրոս Սեմերջյան

Հայաստանում 2019թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է 6951 թմրամոլ, և նախորդ տարվա հետ համեմատած՝  6 տոկոսով աճ կա. այսօր ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցում ասաց նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը:

Նա մանրամասնեց, որ 6951 հաշվառված  թմրամոլներից 116-ը կանայք են, իսկ 3-ը՝ անչափահաս: Անդրադառնալով տարիքային խմբին` Սեմերջյան տեղեկացրեց, որ  ամենաշատը  30-40 տարեկան մարդիկ են հաշվառված:

«Հաշվառված ասելով՝ նկատի ունենք այն, որ  մարդիկ տարբեր պատճառներով հայտնվել են առողջապահության տեսադաշտում: Կա նաև ուրիշ վիճակագրություն` հետազոտությունները: Թմրամոլների թիվը Հայաստանում որոշելու համար վերջին անգամ անցկացվել են  2011 թվականին: Պարզվել է՝ թմրամիջոց չարաշահում է մոտ 30.000 հոգի»,- հավելեց  Պետրոս Սեմերջյանը` միաժամանակ շեշտելով նաև, որ տարածաշրջանում Հայաստանի տվյալները համեմատաբար ավելի մեղմ են, օրինակ` հարևան Վրաստանում, ըստ ներկայացված տվյալների, 400000  հաշվառված թմրամոլ  կա, իսկ Իրանում՝ մոտ 3 մլն:

Հարցին`մարիխուանայի ազատականացման վերաբերյալ խոսակցություններ կան, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, ի՞նչ վտանգներ է այն պարունակում, Պետրոս Սեմերջյանը արձագանքեց. «ՀՀ առողջապահության նախարարությունը սկզբունքորեն դեմ է մարիխուանայի ազատականացմանը և օրինականացմանը, որովհետև այդտեղ առողջապահական բազմաթիվ վտանգներ է տեսնում: Կախված է նրանից, թե երկիրն ինչպե՞ս է ընկալում ազատականացումն ու օրինականացումը։ Տարբեր երկրներ, որոնք օրինականացրել են, միևնույն ժամանակ մտցրել են որոշակի սահմանափակումներ, ասենք` մինչև 18 կամ 24 տարեկանների համար, հանրային վայրերում, որոշակի աշխատանքներ իրականացնելիս և այլն»:

Նա պնդեց նաև, որ յուրաքանչյուր երկիր ընտրում է իր մոտեցումը, իսկ Հայաստանը դեռևս 1993 թվականին ստորագրել է թմիամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան՝ պարտավորվելով կատարել բոլոր դրույթները, այդ թվում՝ կանեփից պատրաստված թմրամիջոցների խիստ հսկողություն: