Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մամուլի դեմ ներկայացված դատական հայցերը «կայծակնային արագությամբ» են վարույթ ընդունվում, այն դեպքում, երբ յուրաքանչյուր դատավորի վարույթում մոտ 1500 գործ կա. լրագրողների հետ զրույցում ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը` անդրադառնալով ներկայիս քաղաքական գործիչների կողմից վերջերս տարատեսակ լրատվամիջոցների դեմ մեծ քանակությամբ դատական հայցեր ներկայացելու թեմային:
Նրա համոզմամբ` մեր օրերում լրատվամիջոց պահելը, լրատվամիջոցում աշխատելը շատ բարդ է. «Ծանր մրցակցություն է, դժվար պայմաններում են աշխատում լրագրողները: Դրանց գումարվում են նման ճնշումները, որոնք բարենպաստ պայմաններ չեն ապահովում լրագրողների համար: Երկրի փոխվարչապետը չի կարող դիմել դատարան, շահել դատը, ու փոքր լրատվամիջոցը` Politik.am-ը, հայտնվի 1 միլիոն տուգանքի տակ: Սա անթույլատրելի է: Օրինակ՝ երբ Սեյրան Օհանյանի կինը մեզ դատի էր տվել, դրա մեջ ֆինանսական փոխհատուցում չկար: Մենք՝ և՛ հասարակությունը, և՛ լրատվադաշտը, պետք է միահամուռ լինենք»,- նշեց նա:
Օհանյանն անդրադարձավ նաև զրպարտությանը, որը համարվում է լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական հայցերի հիմնական կետը: Նա նշեց` տարիներ առաջ, երբ ՍԴ-ն ապաքրեականացրեց զրպարտությունը, մանրամասն նկարագրվեց՝ որն է զրպարտությունը, ինչ տուգանքներ կարող են սահմանվել և այլն: Եվ հենց այս որոշման մեջ նշված է՝ ֆինանսական տույժ-տուգանքները պետք է սահմանվեն՝ հաշվի առնելով տվյալ լրատվամիջոցի ֆինանսական դրությունը:
«Զրպարտության ապաքրեականացումից հետո բոլոր դատական գործընթացներում միշտ եղել են մեծ պահանջներ, բայց` փոքր վճիռներ, բոլոր դատավորները հասկացել են ու մաքսիմալ 200-300 հազար դրամի տուգանքներ սահմանել: Սա աննախադեպ երևույթ է, որ էլեկտրոնային լրատվամիջոցի համար մեկ միլիոն դրամի տուգանք է սահմանվել»,- նշեց Օհանյանը` միևնույն ժամանակ շեշտելով, որ չափազանց տգեղ է, որ վարչապետի ընտանիքն ամբողջ կազմով՝ վարչապետը, նրա կինը, աղջիկը, դասեր են տալիս մամուլին, հատկապես, որ բոլոր լրատվամիջոցները պետական ռեգիստրում ներկայացրել են հիմնադիրների կազմը, իսկ ամեն տարի ներկայացնում են ֆինանսական հաշվետվություն:
«Պետք է նաև հաշվի առնել, որ Հայաստանի ամենամեծ լրատվամիջոցներից մեկի սեփականատերը նրանց ընտանիքն է: Այսինքն՝ այդ պահանջները, նախևառաջ, պետք է ուղղեն իրենց ընտանիքին»,- նշեց «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիրը:
Գործընկերոջ հետ համաձայնեց նաև «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, մեդիափորձագետ Աղասի Ենոքյանը: Նա նշեց, որ վեթինգի, անցումային արդարադատության սպառնալիքի տակ դատավորները վախեցած են և կառավարելի են իշխանությունների կողմից: «Այսօր, երբ իշխանության ներկայացուցիչները դիմում են դատարան, բավականին շահեկան դիրքում են: Երբ մամուլը մտնում է դատական պրոցեսի մեջ, առաջանում են լուրջ խնդիրներ: Դա վերաբերում է ժամանակին, ֆինանսական խնդիրներին: Այս ամենը ճնշում է մամուլը: Առաջ պետական պաշտոնյաները, բիզնեսմենները չէին ուզում, որ իրենց անունը շատ շոշափվեր, խնդիրները դատարան հասնեին: Իսկ հիմա գնում են դատարան: Սա լուրջ ու վտանգավոր միտում է ազատ խոսքի դեմ: Այստեղ ամենակարևորը լրագրողական համայնքի միասնականությունն է: Պետք է միասնական լուսաբանում լինի»,- ասաց Ենոքյանը:
Բանախոսները նշեցին նաև, որ, եթե նախկինում քաղաքական գործիչները հիմնականում խուսափում էին դատական գործընթացներից` հոդվածն ավելի չհրապարակայնացնելու ու թեման չշահարկելու համար, ապա այժմ հակառակ պատկերն է: Որոշները գնում են դատական ճանապարհով, քանի որ այստեղ կա նաև նրանց PR-ի խնդիրը` ինչպես ասում են` սև PR-ն էլ է PR: