կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-16 22:24
Քաղաքական

ՀՅԴ-ն առաջարկվող Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթում տեսնում է դրական փոփոխություններ

ՀՅԴ-ն առաջարկվող Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթում տեսնում է դրական փոփոխություններ

Հայաստանի Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցությունը գործող Ընտրական օրենսգրքի առաջարկվող տարբերակում գործող օրենսգրքի համեմատ դրական փոփոխություններ է տեսնում: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և Դանիել Իոաննիսյանի՝ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ ԱԺ-ում քննարկումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Հանդիպումն օգտակար էր: Մենք նախապես քննարկում արել էինք և ներկայացրինք մեր մոտեցումները: Ներկայացրինք երեք առաջարկություն: Եվ դրանց մերժումը ուներ մեկ բացատրություն՝ մինչ դեկտեմբերին չենք հասցնի դրանք անել, ժամկետները սեղմ են»,- ասաց Ռուստամյանն ու հավելեց՝ իրենք հենց դրա համար է, որ դեմ են դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Իրենց առաջարկներից մեկը վերաբերել է բաց կամ փակ ցուցակներին: Առաջարկել են ընտրությունների արդյունքներով կուսակցությունների խորհրդարան մուտքի քվեների շեմը նվազեցնել: Առաջարկել են նաև տարբերակ, որի միջոցով ընտրությունների ժամանակ պիտի արձանագրվեին ոչ միայն կեղծիքները, այլ նաև դրանց ծավալը, ինչը թույլ կտար դատարանում վիճարկել ընտրությունների արդյունքները: «Այնուամենայնիվ, ցանկացած առաջարկած քայլ մենք միշտ էլ ողջունել ենք: Մենք համարում ենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, ցանկացած դրական առաջընթաց մենք պետք է ողջունենք: Օրինակ՝ կա ռեյտինգային կարգից հրաժարում, անցողիկ շեմի իջեցում: Համեմատած գործող Ընտրական օրենսգրքի՝ առաջարկվող փաթեթում դրական փոփոխություններ առկա են»,- նշեց խմբակցության ղեկավարը:

Կողմ կամ դեմ քվեարկելու համար ՀՅԴ-ն իր քննարկումը կանի երկուշաբթի ու կհայտնի այդ մասին: Ռուստամյանը հույս հայտնեց, որ իրենց երեք առաջարկները նորից քննության առարկա կդարձնեն: Նա նորից շեշտեց՝ կառավարությունը դրանք չի ընդունում ոչ թե մերժելու, այլ ժամկետների մեջ չտեղավորվելու տրամաբանությամբ: Ռուստամյանը նշեց՝ դրա համար էլ խորհրդարանական ընտրությունների անցկացումը դեկտեմբերին հապճեպ են համարում:

Կառավարությունը հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում հավանության է տվել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին: Գործադիրն առաջարկել է ԱԺ-ին հոկտեմբերի 22-ին հրավիրել արտահերթ նիստ՝ քննարկելու վերը նշված փաթեթը:Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարությունում հրավիրված արտահերթ նիստում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հանձնարարել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ քննարկումները շարունակել խորհրդարանական խմբակցությունների հետ: Նրանք, ըստ էության, հոկտեմբերի 16-ին քննարկումներ ունեցան ԱԺ ՀՀԿ, «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների հետ: