կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-01 14:17
Տարածաշրջան

Սիրիայում պատերազմական իրավիճակի սրման դեպքում հայկական խումբը հնարավոր է վերադառնա, սա քաղաքական որոշում է պահանջում. Ռուբեն Առաքելյան

Սիրիայում պատերազմական իրավիճակի սրման դեպքում  հայկական խումբը հնարավոր է վերադառնա,  սա քաղաքական որոշում է պահանջում. Ռուբեն Առաքելյան

Սիրիայի Հալեպ քաղաքում 2019թ․ փետրվարի 8-ից մարդասիրական առաքելություն է իրականացնում ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից կազմված խումբը (ընդհանուր առմամբ, 83 անձ)։

Հունիսին  Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ) է մեկնել հումանիտար հերթական խումբը մասնագետների գրեթե նույն թվով՝ 4 ամիս ժամկետով:

«Երբ առաջին խումբը մեկնեց Սիրիա, առաջին մի քանի օրը տեղի բնակիչների և Սիրիայի իշխանությունների օգնությամբ նրանք իրականացրեցին որոշակի հետազոտություններ՝ պարզելու հնարավոր ականադաշտերը, այնուհետև տեղի բնակիչներից ստացված տվյալների և հետազոտության արդյունքում հաստատված ապացույցների հիման վրա առանձնացվեց վտանգավոր հինգ տարածք՝ ընդհանուր` 1 միլիոն 315 հազար քառակուսի մետր: Առաջին հերթին ընտրվել են այն ականադաշտերը, որոնք մոտ են բնակավայրերին՝ խուսափելու համար քաղաքացիական անձանց շրջանում կորուստներից: Առաջին խմբի կողմից, ընդհանուր առմամ,բ ականազերծվել է 34 հազար 690 քառակուսի մետր տարածք, հայտնաբերվել է 29 միավոր ական և պատերազմի պայթուցիկ մնացորդ, այդ թվում՝ նռնակներ, որոնք ոչնչացվել են Սիրիայի իշխանությունների կողմից. մենք պայթեցման աշխատանքներ չենք իրականացնում: Իրականացվել են նաև  ականային վտանգի իրազեկման աշխատանքներ շրջակա բնակավայրերի բնակիչների շրջանում: Ջերմ հարաբերություններ են հաստատված և՛ տեղի հայ համայնքի, և՛ սիրիական կողմի բնակիչների ու երեխաների հետ: Մենք իրականացրել ենք նաև բժշկական աջակցություն. խմբում եղել է 8 բժիշկ, որոնք աշխատել են տարբեր հոսպիտալներում, այժմ՝ նաև Սիրիահայ խաչի դարմանատանը: Ի դեպ, բուժսպասարկումը  ոչ միայն հայ համայնքի, այլև բոլոր սիրիացիների համար է: Կատարվել է  թերապևտիկ 1000 միջամտություն, 400 վիրաբուժական և 1300-ից ավելի լաբորատոր դիագնոստիկ բուժօգնություն: Այստեղ հատկապես մեծ էր երեխաների թիվը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը:

Նա առաջին խմբի աշխատանքը բավարար է գնահատում: «Գնահատում եմ ոչ լավ, բայց՝ բավարար: Առաջին անգամ, բնականաբար, մի քիչ դանդաղ էր ընթանում աշխատանքը, որովհետև ընթացիկ լուծման հարցեր կային, բացի այդ` առկա էին նաև լոգիստիկ խնդիրներ: Չմոռանանք, որ դա պատերազմող երկիր է, և շատ դժվար է Երևանից լոգիստիկ հարցերի կազմակերպումը: Այսինքն՝ եթե ինչ-որ բան պակաս ենք տարել, և նոր բանի կարիք կա, մեզ համար մեծ դժվարություն է օպերատիվ կերպով դրանք տեղ հասցնելը: Նման կարգի դժվարություններ կան, տեխնիկական դժվարությունների մասին է խոսքը: Իսկ երկրորդ խումբը, որը մեկնել է հունիսի 16-ին,  ավելի բարենպաստ պայմաններում է »,- նշեց Ռուբեն Առաքելյանը:

Հարցին` ինչպե՞ս է վիրավորված մասնագետի առողջական վիճակը, նա պատասխանեց. «Եթե չհաշվենք անդամահատությունը, առողջական այլ խնդիրներ չունի: Հիմա Երևանում է, կրում է ժամանակավոր պրոթեզը, մինչև որ պատրաստվի շարժվող ոտնաթաթով` իր համար նախատեսված պրոթեզը, որը կսկսի կրել մեկ-երկու ամսից»:
 
Դիտարկմանը՝ կարծիքներ են հնչում, որ հայկական կողմը Սիրիայում հումանիտար առաքելություն է իրականացնում ավելի շատ ռուսական կողմի համար, ոչ թե սիրիացի ժողովրդին օգնելու, Առաքելյանը պատասխանեց, որ նախաձեռնությունը եղել է Սիրիայի իշխանությունների կողմից, համապատասխան դիմում է ուղարկվել ՀՀ իշխանություններին, որը չի մերժվել:  «ՀՀ իշխանությունները, անսալով այս խնդրանքին, առաջարկել են, որ առաքելությունն ուղարկվի այն վայրերը, որտեղ հայ համայնք կա. նրանք ժողովված են Հալեպում, որի շրջակայքում ռուսական զորախումբն է, ուստի այլ զորախմբերի հետ աշխատել հնարավոր չէ: Ռուսական կողմի հետ համագործակցություն կա: Բնականաբար, պատերազմական իրավիճակի սրման դեպքում  խումբը հնարավոր է վերադառնա: Եթե` ոչ, կշարունակի: Ամեն դեպքում` սա քաղաքական խնդիր է, ուստի քաղաքական որոշում և լուծում է պահանջում, մենք ընդամենը դա իրագործում ենք»,- ընդգծեց Ռուբեն Առաքելյանը: