Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը ներկայացրել է օրենսդրական փոփոխություն, որի նպատակն է ԱՄՆ պաշտպանական հոդվածներն իրացնելիս խոչընդոտել Ադրբեջանի հարձակողական օդային հնարավորություններին. հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Օրինագծով սահմանափակվելու է Բաքվի` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օդանավակայանից դուրս եկող քաղաքացիական ինքնաթիռները հրթիռակոծելու սպառնալիքի գործադրումը, այդպիսով` արգելելով սպառազինություն վաճառել Ադրբեջանին:
«Այս փոփոխությունը հզոր ուղերձ է հղելու Ադրբեջանին, որ նա չի կարող վտանգի ենթարկել քաղաքացիական ինքնաթիռները: Ադրբեջանին չպետք է թույլատրել վախեցնել իր հարևաններին»,- հայտարարել է կոնգրեսականը փոփոխության նախագիծը ներկայացնելիս` հավելելով, որ այդ առումով որևէ կերպ չի կարելի աջակցել Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժեղացմանը:
ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը համաձայնել է` նշելով. «Այս ողջամիտ փոփոխությունը անհրաժեշտ է, քանի որ այն ազդանշան է Ադրբեջանին, որ Միացյալ Նահանգները անվերապահորեն կանգնած է քաղաքացիական օդանավերի ոչնչացման ցանկացած սպառնալիքի դեմ: ԱՄՆ-ի հարկատուների կողմից ֆինանսավորվող որևէ հոդված չի կարող հովանավորել մի երկրի, որ սպառնում է կիրառել հարձակողական օդային հնարավորությունները անմեղ ուղևորներին սպանելու համար»:
2011 թ. մարտին Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արիֆ Մամադովը տեղեկացրեց, որ Ադրբեջանի կառավարությունը նախազգուշացրել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO), թե Լեռնային Ղարաբաղին չի լիազորել թռիչքներ իրականացնել` պարզաբանելով, որ ««Ավիացիայի մասին» օրենքը նախատեսում է այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռների ֆիզիկական ոչնչացում»: Ադրբեջանի կառավարությունը չի հրաժարվել այդ սպառնալիքից և չի համաձայնել, որ չեն կրակի քաղաքացիական ինքնաթիռների վրա: Արդյունքում`Ստեփանակերտի քաղաքացիական օդանավակայանը վերջին ութ տարիների ընթացքում փակ է` Արցախի քաղաքացիներին և մյուսներին զրկելով համընդհանուր իրավունքից, այն է` ճանապարհորդելու իրավունքից:
Շերմանի նախագծով նախատեսվում է, որ «սույն օրենքով կամ այլ ձևով 2020 թ. ֆինանսական տարվա համար պաշտպանության նախարարությանը տրամադրված ֆինանսավորումը չի կարող կիրառվել պաշտպանության տարրերի կամ ծառայությունների մատուցման համար, որոնք կբարելավեն Ադրբեջանի հարձակողական օդային հնարավորությունները կամ օդային պոտենցիալը, որը կարող է սպառնալ կովկասյան տարածաշրջանում քաղավիացիային:
Ներկայացուցիչների պալատի Կանոնադրական հանձնաժողովի նիստը կկայանա հուլիսի 8-ին` Անկախության օրվա` հուլիսի 4-ի արձակուրդից հետո: Կքննարկվեն ոչ միայն վերոհիշյալ օրենսդրական փոփոփության նախագիծը, այլև հարյուրավոր այլ նախագծեր, որոնք վերաբերում են երկրի Ազգային պաշտպանության օրենքին: