Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը 2019 թ. հունիսի 6-ին կոշտ նամակ է հղել իր գործընկերոջը՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին: Շանահանը սպառնացել է վերջ դնել Թուրքիայի մասնակցությանը ԱՄՆ-ի օդուժի ամենաառաջատար F-35 կործանիչների ծրագրին և պատժամիջոցներ կիրառել, եթե Թուրքիան շարունակի համառել հաջորդ ամիս Ռուսաստանից S-400 հրթիռների ձեռք բերման հարցում: Ռուսական հրթիռներն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի զինահամակարգին և վտանգի են ենթարկում F-35 կործանիչների աշխատանքը` այսպիսով սպառնալով ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմիցս մերժել է ԱՄՆ-ի բողոքները և պնդել ռուսական հրթիռներ ձեռք բերելու վրա, որոնց համար Թուրքիան 2.5 միլիարդ դոլարի վարկային համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հետ: Մի քանի թուրք զինվորականներ արդեն սովորում են Ռուսաստանում, թե ինչպես աշխատեցնել նոր հրթիռները: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները Թուրքիային տեղեկացրել է, որ թուրք օդաչուները, որոնք մի քանի ամիս է F-35 կործանիչների վերապատրաստման դասընթացներ էին անցնում Միացյալ Նահանգներում, պետք է հեռանան երկրից 2019 թ. հուլիսի 31-ին:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Շանահանի նամակը ցնցում առաջացրեց Թուրքիայի արտաքին քաղաքականության և անվտանգության կառավարող շրջաններում, քանի որ Թուրքիան դեռ չգիտի, թե «ինչպես պատասխանել», ասել է անվտանգության գծով բարձրաստիճան թուրք պաշտոնյան «Ալ Մոնիտոր»-ին: Միաժամանակ, Թուրքիան վճարել է ավելի քան մեկ միլիարդ դոլար 100 հատ F-35 կործանիչներ ձեռք բերելու համար: Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ կպահանջի ԱՄՆ-ից վերադարձնել այդ գումարը: Բացի դրանից, Թուրքիան, որպես F-35 ծրագրի գործընկեր, արտադրում է կործանիչների որոշ մասեր, որոնք այլևս չեն ստացվի Թուրքիայից:
Շանահանը գրել է Թուրքիայի պաշտպանության նախարարին. «F-35-ի նկատմամբ ձեռնարկված բոլոր գործողությունները հիմնված են վտանգների վրա, կապված S-400-երի առկայության հետ Թուրքիայում, և դրանք անջատ են Ռուսաստանին առնչվող «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի (CAATSA) պատժամիջոցներից: ԱՄՆ Կոնգրեսը վճռականորեն է տրամադրված տեսնել CAATSA-ի պատժամիջոցների կիրառումը Թուրքիայի նկատմամբ, եթե Թուրքիան ձեռք բերի S-400: Բացի F-35-ի նման պլատֆորմների անվտանգության սպառնալիքից, Թուրքիայի կողմից S-400-ի գնումը կխոչընդոտի ձեր երկրի հնարավորությանը ամրապնդելու կամ պահպանելու համագործակցությունը Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ, հանգեցնելով Թուրքիայի ռազմավարական և տնտեսական չափազանց կախվածությանը Ռուսաստանից և խոչընդոտելու Թուրքիայի հզոր պաշտպանական արդյունաբերության և տնտեսական զարգացման հավակնոտ նպատակները: Այս ուղիով գնալը կհանգեցնի աշխատատեղերի, համախառն ներքին արդյունքի և միջազգային առևտրի կորստի: Նախագահ Թրամփը պատրաստակամ էր երկկողմ առևտրի ծավալները 20 միլիարդ դոլարից հասցնել ավելի քան 75 միլիարդի, սակայն դա կարող է դժվար լինել, եթե ԱՄՆ-ը կիրառի CAATSA-ի պատժամիջոցները»:
2019 թ. հունիսի 14-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնաց, որ Թուրքիան կհակադարձի Միացյալ Նահանգների պատժամիջոցներին. «Մի երկիրը չի կարող ցուցումներ տալ մյուս երկրին, թե ինչպես վարվել: ԱՄՆ-ը պետք է հրաժարվի այս վարքագծից: Բոլորը մտահոգված են այս առնչությամբ: Ինչքա՞ն հեռու այն կարող է գնալ: Եթե ԱՄՆ-ը քայլեր ձեռնարկի մեր դեմ, ապա մենք ստիպված կլինենք համարժեք քայլեր ձեռնարկել», նա հայտարարել է NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Որո՞նք են հաջորդ քայլերը: Էրդողանը սովորել է նախորդ փորձից, որ Թրամփը միշտ չէ, որ լսում է Կառավարության կամ Կոնգրեսի անդամներին: Էրդողանը մի քանի հեռախոսազրույց է ունեցել, որպեսզի համոզի Թրամփին ստեղծել համատեղ հետազոտական խումբ՝ Թուրքիայի համար ժամանակ շահելու նպատակով: Այդ ժամանակամիջոցին, բնականորեն կամ արհեստականորեն ստեղծված համաշխարհային իրադարձությունները կարող են փոխել ներկա իրավիճակը: Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները նախատեսում են հանդիպել հունիսի վերջին Տոկիոյում կայանալիք G-20 գագաթնաժողովի շրջանակներում: Դա կլինի Էրդողանի վերջին շանսը` համոզելու Թրամփին՝ փոխել իր որոշումը հուլիսին ռուսական հրթիռների ձեռքբերման վերաբերյալ:
Եթե Էրդողանը չկարողանա մտափոխել Թրամփին, ապա նա առաջ կգնա և ձեռք կբերի ռուսական հրթիռներ՝ խուսափելու Միացյալ Նահանգների կողմից նվաստացումներից: Սակայն, դա միայն սկիզբ կդնի ավելի մեծ հակամարտության... Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ՝ լրջորեն վնասելով նրա տնտեսությունը: Էրդողանը կարող է հակադարձել՝ արգելելով Ինջիրլիքի ռազմակայանի օգտագործումը Թուրքիայում: Այնուհետև Միացյալ Նահանգները կտեղափոխի իր կործանիչները Հորդանան (ինչպես Գերմանիան արեց) կամ Հունաստան (ՆԱՏՕ-ի անդամ) կամ Կիպրոս:
Հարվածների և հակահարվածների այս արատավոր շրջանը կարող է ավարտվել կամ ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռանալով կամ ՆԱՏՕ-ի որոշմամբ՝ Թուրքիային հեռացնելով:
Թուրքիայի հեռացումը ՆԱՏՕ-ից մի քայլ է, որ վաղուց կանխատեսվում էր, այն ժամանակվանից, երբ Էրդողանը գործում էր ՆԱՏՕ-ի համաձայնագրի տառին ու ոգուն հակառակ։ Չնայած Թուրքիայի հեռացումը ՆԱՏՕ-ից լուրջ որոշում է, հղի ծանր հետևանքներով, Էրդողանը ՆԱՏՕ-ի նկատմամբ Թուրքիայի պարտավորությունների բազմիցս խախտման պատճառ է հանդիսանում՝ անտեսելով նրա բոլոր նախազգուշացումները:
Այս իրադրության ակնհայտ հաղթողը լինելու է Ռուսաստանը, որը կարող է հաջողության հասնել ՆԱՏՕ-ի թուլացման գործում հեռացնելով Թուրքիային, որը զինծառայողների թվով ՆԱՏՕ-ի երկրորդ ամենախոշոր անդամն է, միաժամանակ հրթիռների վաճառքից ձեռք բերելով խիստ անհրաժեշտ եկամուտ իր փլուզված տնտեսության համար։
Սակայն Ռուսաստանի հաջողությունը կարող է կարճատև լինել: Հենց որ աշխարհաքաղաքական հակասություն առաջանա Ռուսաստանի և Թուրքիայի միջև, նոր ձևավորված սիրո տոնախմբությունը կավարտվի, վերջ դնելով Թուրքիայի ակրոբատիկ շարժումներին Արևելքի և Արևմուտքի միջև և լքված լինելով երկուսի կողմից:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի