Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչն անդրադարձել է ամերիկյան Wall Street Journal պարբերականում մայիսի 17-ի հրապարակված «Երբ Թուրքիան ոչնչացրեց իր քրիստոնյաներին» հոդվածին: Բեննի Մորիսի և Դրոր Զեևիի հեղինակած հոդվածը պատմում էր 1894-1924 թթ. Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում հայերի, հույների և ասորիների նկատմամբ թուրքերի վայրագությունների մասին` նշելով, որ նրանց մեծ մասը կոտորվել էր, իսկ մնացածը ստիպողաբար արտագաղթել: Հոդվածում հեղինակավոր պրոֆեսորներն անդրադառնում են 1894-96 թթ. համիդյան ջարդերին, հայ աղջիկների կրած զրկանքներին, 1919 թվականից սկսված` հույների ջարդերին ու տեղահանությանը և այլն:
Wall Street Journal-ում թուրք դեսպան Քըլըչը պատասխան հոդված է հրապարակել «Մի' մեղադրեք թուրքերին քրիստոնյաների մահվան համար» վերնագրով: Հոդվածում թուրք դեսպանը նշում է, որ վերոնշյալ հոդվածը գրված է առանց փաստերի և աղերսներ չունի օսմանյան արխիվների հետ:
Հետ չմնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի պաշտոնական տեսակետներից, ըստ որոնց` 20-րդ դարի սկզբում «հայ ավազակախմբերը հարձակումներ են գործել մուսուլման բնակչության վրա», Քըլըչը նշում է, որ 1894 թ. և դրանից հետո հայերի հարձակումների հետևանքով հայ բնակչությունը տեղահանվել է դեպի հարավ, իսկ 1915 թ. 4 մլն զոհերը եղել են Առաջին համաշխարհային պատերազմի և Թուրքիայի «ազգային ազատագրական պայքարի», ինչպես նաև հրոսակախմբերի, համաճարակների հետևանքով:
Բացի այդ` Քըլըչը նաև նշում է, որ «ցեղասպանություն» բառը շրջանառության մեջ է մտել 1944 թ. հրեա Ռաֆայել Լեմկինի կողմից, և այդ բառն ամենօրյա օգտագործման բառ չէ: «Ցեղասպանությունը կորուստներ կամ բռնաճնշումներ չեն, այն մի ցեղի բնաջնջման փորձ է»,- նշել է դեսպանը և հավելել, որ թուրքերը ոչ մի անգամ հակահայկական, հակահունական և հակաասորական դիրքորոշում չեն ունեցել:
Բեննի Մորիսի և Դրոր Զեևիի հոդվածում նշվում է, որ ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կոնվենցիայի բոլոր դրույթները համապատասխանում են 1894-1924 թթ. դեպքերին:
Նշենք նաև, որ Բեննի Մորիսը Իսրայելի «Բեն Գուրիոն» համալսարանի պատվավոր դասախոս է` մասնագիտացված Մերձավոր Արևելքի պատմության մեջ: Նույն բաժնի դասախոս է նաև դոկտոր Դրոր Զեևին: Այս հոդվածը երկու գիտնականների կողմից հրատարակված «30-ամյա ցեղասպանություն. Թուրքիան ոչնչացնում է իր քրիստոնյա փոքրամասնություններին` 1894-1924 թթ.» գրքից է, որը հրատարակվել է Հարվարդի համալսարանում:
Ուշագրավ է, որ Սերդար Քըլըչի հոդվածի ներքևի հատվածում տեղ են գտել Արմեն Գեոնջյանի և Սիման Մաղաքյանի խոսքերը` ի պատասխան այդ հոդվածի: Գեոնջյանը նշում է, որ եթե պատմեր իր տատիկին (որի ամուսինը կախաղան էր հանվել, քրոջ ընտանիքը սպանվել, չորս երեխաները որբացել ու արտաքսվել էին սիրիական անապատներ) Բեննի Մորիսի և Դրոր Զեևիի ուսումնասիրությունների մասին, ապա տատի այտերին կհայտնվեին արցունքներ, և նա կխնդրեր շնորհակալություն հայտնել նրանց` բաց վերքերը ապաքինելու համար: Մաղաքյանն, իր հերթի,ն անդրադարձել է Ադրբեջանի իրականացրած մշակութային ցեղասպանությանը` նշելով. «Եկեք չսպասենք, որպեսզի անցնի մեկ դար, որ գրենք Ադրբեջանի կողմից 1997-2006 թվականներին ամբողջ քրիստոնեական քաղաքակրթության մի մասի ոչնչացման մասին»: