կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-09 10:48
Հասարակություն

Միջոցառում՝ նվիրված Պոնտոսի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցին

Միջոցառում՝ նվիրված Պոնտոսի հույների ցեղասպանության 100-րդ տարելիցին

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում սույն թվականի հունիսի 7-ին տեղի ունեցավ Պոնտոսի հույների ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում։

Բացման խոսքով հանդես եկավ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը։ Նա իր ելույթում մասնավորապես շեշտեց նման միջոցառումների, գրքերի, ֆիլմերի կարևորությունը, քանի որ դրանք ցույց են տալիս, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը չի կորցրել արդարության հասնելու հույսն ու պայքարում է այդ նպատակին հասնելու համար։ Նա նաև նշեց, որ կենտրոնում առաջին անգամը չէ, որ նման միջոցառում է անցկացվում։

Այնուհետև ելույթ ունեցավ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող, թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը։ Նա իր խոսքում նշեց․ «Պոնտոսի հույների ցեղասպանությունը ծանր երևույթ է, հատկապես ցեղասպանություն ապրած ժողովուրդների համար: Քանի դեռ չի ամոքվել ցեղասպանության թողած սպին, և մեր ժողովուրդները չեն ստացել դրա հատուցումը, այն հետզհետե խորանալով` ավելի մեծ վերք է դառնում: Հայ և հույն ժողովուրդները դեռ չեն կորցրել հավատը, որ կհասնեն հատուցման` քաղաքական պայքարի ճանապարհով: Մենք նաև համոզված ենք, որ միայնակ չենք այդ պայքարի ճանապարհին, իսկ հայերը, հույները և ասորիներն այդ առումով ունեն միմյանց հասկանալու մեծ ներուժ»:

Միջոցառման բանախոսներն էին «Հույն բնակչությունն Օսմանյան կայսրությունում և Փոքրասիական աղետը (1914-1923 թթ.)» գրքի հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Վարդանյանը և Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան: Վերջինս համեմատություններ տարավ Հայոց ցեղասպանության ու Հույների ցեղասպանության միջև և նշեց, որ չնայած տարբերություններին, կան շատ նմանություններ։ Դրանցից մեկն այն է, որ երկու ցեղասպանություններն էլ ճնաչված չեն հենց ոճրագործի կողմից։ Նա հատկապես շեշտեց, որ չնայած ցեղասպանությունը տեղի է ունեցել Պոնտոսում, այն ուղղված էր մի ողջ ազգի՝ հույների դեմ։ Բանախոսը հավելեց, որ հույների ցեղասպանության ճանաչման «բեռը» ընկած է հիմանակում պոնտական սփյուռքի ուսերին։ Ինչպես նախկինում, այժմ նույնպես հունական կառավարությունը չի ուզում իր հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ ու այս հարցին տալ քաղաքական ուղղվածություն։ Մարիա Լազարևան կարևորեց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցությունն ու հույս հայտնեց, որ այն շարունակական բնույթ կկրի։

Այնուհետև ելույթ ունեցավ Գևորգ Վարդանյանը։ Նա հանգամանալից ներկայացրեց Պոնտոսի հույների կամ, ինչպես ավելի ճիշտ է բնութագրել, հույների ցեղասպանության պատմությունը, ցեղասպանության հիշողության ու ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերը, նաև այն, թե ինչքանով է այն խաչվում Հայոց ցեղասպանությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Բանախոսը նկատեց, որ հույների նկատմամբ թուրքական քաղաքականության մեջ եղել է աստիճանական արմատականացում։ Սկզբնական փուլում չի եղել արտահայտված հույներին ոչնչացնելու միտում, եղել է նպատակ մաքրել, թուրքացնել տարածքները, բայց հետագա տարիներին այդ քաղաքականության խորացումն ու հատկապես Հայոց ցեղասպանթյան փորձառությունը բերել է նրան, որ արդեն 1916 թ․ նկատվում է հույներին բնաջնջելու միտում։

Միջոցառման ժամանակ խոսքով հանդես եկավ նաև Էդուարդ Պոլատովը՝ «Պատրիդա» հունական համայնքի ղեկավարը։ Նա իր ելույթում մասնավորապես նշեց, որ Հայաստանը մեծ դեր է ունեցել Պոնտոսի հույների ցեղասպանության հարցի բարձրացման գործում։

Ելույթների ավարտից հետո տեղի ունեցավ «Արգոնավորդների ոտնահետքերով» ֆիլմի դիտումը։ Ֆիլմում ներկայացվում է պոնտացի հույների ողջ պատմությունը, այնտեղ տեղի ոնեցած ցեղասպանությունը։

Հիշեցնենք, որ 2013 թվականի մայիսի 17-ին այս նույն սրահում Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի կողմից կազմակերպվել էր սեմինար` «Երկու ժողովուրդ, մեկ ճակատագիր. հույների ցեղասպանությունը (1914-1923 թթ.)» խորագրով, որի բանախոսներն էին պատմական գիտությունների թեկնածուներ Գևորգ Վարդանյանը և Թեհմինե Մարտոյանը, ինչպես նաև ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ Հովիկ Քասաբյանը:

Պատրաստեց Անի Մելքոնյանը