Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում կարծիք հայտնեց, որ միջազգային հանրության ընկալումներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այսօր նոր որակ է ստացել, ու թեեւ Ադրբեջանը շարունակում է հոխորտալ ռազմական ճանապարհով խնդիրը կարգավորելու հնարավորությունների մասին, բայց նրա ռազմատենչ հայտարարությունների հասցեատերն այլեւս ո'չ Հայաստանն է, ո'չ էլ Ղարաբաղը, այդ հայտարարությունները հասցեագրված են միջազգային հանրությանը:
Փաստելով, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի այս փուլում գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում` Խ. Հարությունյանը կարեւորեց նաեւ Թուրքիայի գործոնը: Ըստ նրա` Թուրքիա-Ադրբեջան հնարավոր կապը չի կարող չմտահոգել Ռուսաստանին, այդ իսկ պատճառով Ռուսաստանը մեծ ջանքեր կգործադրի, որպեսզի պահպանի խաղաղությունը:
Հարությունյանն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ թուրքական խորհրդարանի կայացրած որոշմանը` նշելով, որ Թուրքիայի խորհրդարանը որոշում չի կայացրել կոնկրետ փաստաթղթերի վերաբերյալ, եւ որ, համաձայն կանոնակարգի, բոլոր այն օրինագծերը, որոնք գտնվել են նախորդ խորհրդարանի օրակարգում եւ չեն քննարկվել, համարվել են անվավեր: Հետեւաբար, այստեղ որեւէ առանձնահոտւկ վերաբերմունք այդ փաստաթղթի նկատմամբ չի կարելի դիտարկել:
Խ. Հարությունյանը, սակայն, չբացառեց, որ այդ փաստաթղթերի ճակատագիրն այլեւս կարելի է համարել մշուշոտ: «Բայց մենք դեռ ժամանակ ունենք, գուցե վաղը չէ մյուս օրը Թուրքիայի արտգործնախարարը հանդես գա այդ փաստաթղթերը նորից գործող խորհրդարանի օրակարգ ներառելու նախաձեռնությամբ»,- նշեց նա` հավելելով, որ պետք է ընտրել հարմար պահ, երբ ե'ւ Հայաստանը, ե'ւ Թուրքիան կկարողանան դրանից առավելագույն քաղաքական դիվիդենդներ շահել: