Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թվականի մայիսի 18-ին, Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ, «Թանգարանը` որպես մշակութային հանգույց. ավանդույթի ապագան» խորագրին համահունչ, ՀՅԴ պատմության թանգարանը կներկայացնի «Սերունդների հանդիպում» ժամանակավոր ցուցադրությունը` նվիրված ՀՅԴ ականավոր գործիչներին, Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր այրերին և նրանց սերունդներին:
Թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանի խոսքով`ցուցադրության անվան ընտությունն այս տարի պայմանավորված է նրանով, որ թանգարան երևույթը համարվում է սերունդների մշակութային դաստիարակության կենտրոն, և հենց այստեղ կարող են հանդիպել հին ու նոր սերունդները:
Անդրադառնալով թանգարանների առաքելության թեմային` նա նշեց, որ թանգարանի հիմնական նպատակադրումը ոչ միայն նյութի հավաքագրումն ու պահպանումն է, այլ նաև դրա մատուցումը հասարակությանը: «Թանգարանը ոչ միայն կառույց է, որը մարդկանց ներկայացնում է պատմություն ու մշակույթ, այլև հանգույց է դառնում ինքնությունը կորցրած ժառանգների համար, որոնք այստեղ վերագտնում են իրենց ազգային արմատները»,- մանրամասնեց թանգարանի տնօրենը:
Այս տարվա թեմատիկ ցուցադրությանը, նրա խոսքով, «համր, բայց և խոսուն լուսանկարների միջոցով» այցելուներին կներկայացվի 19-րդ դարավերջի ու 20-րդ դարասկզբի ազգային-ազատագրական շարժման գործիչների, Առաջին Հանրապետության և նրանց ժառանգների միջև եղած կապը:
ՀՅԴ պատմության թանգարանն արդեն 7-8 տարի է, ինչ մասնակցում է ամենամյա «Թանգարանային գիշեր» միջոցառմանը: Այն հիմնադրվել է 20-րդ դարասկզբին Ժնևում, իսկ 1924-1925 թթ.` տեղափոխվել Փարիզ: Ներկայումս թանգարանն իր կրթա-դաստիարակչական գործունեությունն է ծավալում Հայաստանում` որպես հայ մշակույթի ու ինքնության պահպանության օջախ:
«ՀՅԴ պատմության թանգարանն իսկապես եզակի թանգարան է, որը ներկայացնում է ոչ միայն մեր քաղաքական ազգային կազմակերպության պատմությունը, այլև այն` որպես հայ ազգի պատմության անբեկանելի մաս. ՀՅԴ-ն շատ մեծ դեր է կատարել մեր պատմության մեջ` դառնալով հիմնաքար հայերի ֆիզիկական փրկության և շարունակության համար»,- նշեց Անուշ Ամսեյանը` հավելելով. « Հավատարիմ մնալով «թանգարան» երևույթի առաքելությանը` ՀՅԴ պատմության թանգարանը կշարունակի հավաքել, պահպանել և մեր հասարակությանը ներկայացնել,ոչ միայն մեր ժողովրդի ոչ վաղ անցյալի, պատմության դեպքերն ու իրադարձությունները, այլև ժամանակի հոլովույթով մեզ հասած անմիջական իրողությունները»:
Հավելենք, որ մայիսի 18-ին, «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում, թանգարանը բաց կլինի բոլոր ցանկացողների համար, իսկ արդեն մայիսի 28-ին նախատեսված է թարմացված ցուցադրություն` նվիրված 1919 թվականի մայիսի 28-ին ընդունված` Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի մասին հռչակագրի 100-ամյակին: