Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացվել է «Ասորեստանից մինչև Իբերիա. մայրցամաքների քառուղիներով դասական դարաշրջանի արշալույսին» միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է Հայաստանի պատմության թանգարանը:
Այս ցուցահանդեսը մի մեծ նախագծի շարունակություն է, որի երկու փուլերը կայացել են 2003 թ.` «Առաջին քաղաքների արվեստը. Ք.ա. III հազարամյակը Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան» և 2008 թ.` «Բաբելոնից անդին. արվեստը, առևտուրը և դիվանագիտությունը Ք. ա. II հազարամյակում» խորագրերով:
Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել 2008թ. կայացած ցուցահանդեսին բրոնզեդարյան մշակույթի եզակի նմուշով:
Ներկայիս ցուցահանդեսի նպատակն է ցուցադրել Արևմուտքի գեղարվեստական ավանդույթների ակունքներն ու զարգացումը, որոնց արմատները սերում են Հին Մերձավոր Արևելքի և Միջերկրականի երկրների մշակույթների փոխազդեցություններից Ք. ա. I հազարամյակում: Ցուցահանդեսում ներկայացված 300 նմուշները փոխառված են Արևմտյան Եվրոպայի, Կովկասի, Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Միացյալ Նահանգների հայտնի թանգարաններից: Ցուցահանդեսին մասնակցում են 14 երկրների թանգարաններ` Լոնդոնի Բրիտանական թանգարանը, Փարիզի Լուվրը, Բեռլինի պետական, Վատիկանի թանգարանները, Հայաստանի պատմության, Կահիրեի Հնությունների, Աթենքի Ազգային հնագիտական, Կիպրոսի ազգային, Հռոմի Էտրուսկների, Բեյրութի ազգային, Մետրոպոլիտենի արվեստի թանգարանները, ինչպես նաև թանգարաններ Իսպանիայից, ԱՄՆ-ից և Իսրայելից:
Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին ներկայացրել է ուրարտական արվեստի ինը բացառիկ նմուշներ, որոնք առանձնահատուկ կարևորություն ունեն ցուցադրության համար` որպես բացառիկ և արժեքավոր վկայություն, հավաստելով հայկական մշակույթի մշտառկա դերը և նրա ունեցած ազդեցությունը տարածաշրջանի` Ասորեստանի, Արևմտյան Իրանի և խեթական պետությունների արվեստի և մշակույթի համատեքստում:
Հայաստանի պատմության թանգարանի մասնակցությունն այս ցուցահանդեսին աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, հայկական բազմադարյան մշակույթի և արվեստի արժևորման և հանրահռչակման բացառիկ պատեհություն է:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև 2015 թվականի հունվարի 4-ը: