կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-12 17:47
Մշակույթ

Համագործակցության նոր եզրեր` Մատենադարանի և ՌԴ-ի պատմության թանգարանի միջև

Համագործակցության նոր եզրեր` Մատենադարանի և ՌԴ-ի պատմության թանգարանի միջև

2014 թ. հունիսի 3-9-ը Մոսկվայում կայացած «Ինտերմուզեում 2014» փառատոնի շրջանակում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստուտի և Ռուսաստանի պատմության պետական թանգարանի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր:

 

Պայմանագրի համաձայն` նախատեսվում է համատեղ գիտական հետազոտությունների իրականացում` տեքստաբանության‚ աղբյուրագիտության‚ հնագրագիտության‚ միջնադարյան մանրանկարչության և պատմագրություն բնագավառներում‚ տեղեկատվության փոխանակում` պատմության‚ մշակույթի‚ թանգարանային գործի‚ պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտներում‚ համատեղ ցուցադրությունների, ինչպես նաև գիտաժողովների‚ սեմինարների և կլոր սեղանների կազմակերպում‚ որոնք նվիրված կլինեն գրավոր ժառանգության պահպանման‚ թանգարանային գործի ու պատմագրության խնդիրներին: Համագործակցության պայմանագրի շրջանակներում կլինեն նաև գիտական հետազատությունների հրապարակում` «Բանբեր Մատենադարանի» և «Պատմության պետական թանգարանի աշխատություններ» տարեգրքերում‚ Մոսկվայի արխիվ-թանգարանային հաստատություններում‚ գրադարաններում պահպանվող հայերեն ձեռագրերի ցուցակների կազմում և հրատարակում‚ թանգարանագետների միջև մասնագիտական կապերի ընդլայնում և տեղեկատվական աջակցություն։

 

2014 թ. նախատեսվում է ՌԴ պատմության պետական թանգարանի տնօրեն Ալեքսեյ Լևիկինի այցը Մատենադարան։ Համագործակցության առաջին քայլերը կիրականացվեն 2014 թ. կայանալիք «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի շրջանակում: