Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ՝ Yerkir.am-ին հայտնի դարձած տեղեկության, տևական ժամանակ առաջ Հայաստանի պատմության թանգարանում արժեքավոր նմուշներ են վնասվել՝ ջեռուցման համակարգի փորձարկման աշխատանքների իրականացման ժամանակ առաջացած ջրի արտահոսքի հետևանքով։ Ըստ մեզ հասած տեղեկության՝ ֆոնդերից մեկի նմուշների զգալի մասն անդառնալիորեն է վնասվել և վերականգնման ենթական չէ։ Եղածը դիտավորությա՞ն, թե՞ անփութության հետևանք է, փորձեցինք պարզել թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանից։ Նրա հետ զրուցել չստացվեց՝ իր զբաղվածության պատճառով, փոխարենն իր պարզաբանումը մեզ փոխանցեցին թանգարանի հանրային կապերի բաժնից։
«Հավաստիացնում ենք Ձեզ, որ ջեռուցման համակարգի փորձարկման աշխատանքների իրականացման ժամանակ թանգարանային որևէ առարկայի անդառնալի կորուստ տեղի չի ունեցել և, իհարկե, չէր կարող տեղի ունենալ, քանի որ ողջ գործընթացը թանգարանի վերահսկողության ներքո է։
Պահպանության հետ կապված, այո, որոշակի խնդիրներ առաջացել են, սակայն ճիշտ ժամանակին բոլոր ընթացակարգերով իրականացվել են համապատասխան միջոցառումներ և խնդիրն իր տրամաբանական լուծման գործընթացում է։ Կարող ենք նշել նաև, որ համակարգի որոշակի հատված արդեն լիարժեք փորձարկված է։
Եվս մեկ անգամ ուզում ենք նշել, որ թանգարանում պահվող որևէ մշակութային արժեքի անդառնալի կորուստ կամ, առհասարակ, որևէ կորուստ չկա և չի արձանագրվել»,-ասված է պարզաբանման մեջ։
Փաստացի, թանգարանի տնօրինությունը չի ժխտում, որ պահպանության հետ կապված խնդիրներ առաջացել են։Մեզ նաև փոխանցեցին, որ խնդիրը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ են կարգավորում՝ իրավական ընթացակարգով։ Հարցին՝ որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է կատարվածի համար, մանրամասներ չհայտնեցին։
Ամեն դեպքում, եթե նույնիսկ եղածն անփութության հետևանք է, պատասխանատվությունը պետք է լինի ոչ թե վարչական, այլ՝ քրեական, որպեսզի այն չդառնա օրինաչափ, ու այնպես չստացվի, որ օրերից մի օր էլ պարզենք, որ ո՛չ պատմություն ենք ունեցել, ո՛չ հնագույն կենսագրություն, ո՛չ էլ 5000-ամյա ճանապարհ ենք անցել։ Մոտավորապես այն, ինչին ձգտում է հասնել Փաշինյանի իշխանությունը:
Հերմինե Զեյնալյան