կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-10 13:13
Առանց Կատեգորիա

Մեկ տարվա կառավարում. վարչապետի ինքնագովազդի առիթով մի քանի հարցեր և պատասխաններ

Մեկ տարվա կառավարում. վարչապետի ինքնագովազդի առիթով մի քանի հարցեր և պատասխաններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին իր պաշտոնավարման մեկ տարվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսում որպես կառավարության ձեռքբերում ներկայացրեց. «Այս տարվա առաջին եռամսյակում ամուսնությունների թիվը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 5 %-ով, ամուսնալուծությունները նվազել են 17 %-ով»։

 Վարչապետը թվարկում էր կառավարության ձեռքբերումներն «ամփոփող 100 փաստը»` ավտոգազալցման կայաններում զուգարանների վերանորոգումներից մինչև անիմացիա ստեղծողներին հարկային արտոնություններ տալը և զինվորներին անդրավարտիքով ապահովելը,  որ վարչապետը դատարանում վկայություն է տվել, և իր շարասյունը կանգնել է լուսացույցի կարմիրի տակ և այլն: Այս ամենի մեջ ամուսնությունների ու ամուսնալուծությունների բնագավառում հաջողությունները 82-րդն էին։ Երբ տարակուսած լրագրողները հարցրեցին, թե ի՞նչ կապ ունեն դրանք կառավարության աշխատանքի հետ, վարչապետը պատասխանեց. «Մենք այս ամեն ինչի հետ ոչ մի կապ չունենք,  այս ամեն ինչի հետ կապ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով երկրում ինքը կարգավիճակը և տրամադրությունը փոխել է, մեր կապը էն է, որ հավաքագրում և ներկայացնում ենք ձեզ»։

Այսինքն` Փաշինյանն ասում է, որ իր կառավարությունն այնպես է երջանկացրել քաղաքացիներին, որ նրանք սկսել են ավելի շատ ամուսնանալ և ավելի քիչ ամուսնալուծվել, իսկ ինքն էլ իր պարտքն է համարում երջանկության ցուցանիշները հավաքել ու ներկայացնել։

Սակայն Փաշինյանը ժողովրդագրական տվյալները խիստ հատվածաբար է ներկայացնում` միայն նրանք, որոնք հասարակության «երջանկացման» տեղ կանցկացվեն։ Օրինակ` եթե ոչ թե տարվա առաջին եռամսյակները համեմատեր, այլ ամբողջ տարիները, այլ պատկեր կերևար: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ հեղափոխական 2018  թվին, նախորդ 2017 թվի համեմատ, 392-ով պակաս ամուսնություն է եղել և 121-ով ավելի ամուսնալուծություն (ամուսնություն` 2016 թ.` 16 294, 2017թ. `15 214, 2018թ.` 14 822, ամուսնալուծություն՝ 2016թ.` 3 648, 2017թ.` 3 940, 2018թ.` 3819):

Իսկ եթե Փաշինյանն ասեր, թե ամենավերջին երեք ամսվա ցուցանիշներն ավելի ցայտուն են վկայում ժողովրդի երջանկացման պատկերը, ապա այն ավելի համոզիչ դարձնելու համար  անհրաժեշտ էր ժողովրդագրական այլ ցուցանիշներ էլ ներկայացնել։ Սակայն նա «լռում» է այնտեղ, ուր «երջանկության» կողքին կան տվյալներ, որոնք նաև տխրության մասին են խոսում: Այսպես` 2018  թվի առաջին եռամսյակի, այն եռամսյակի, երբ «քաղաքացիները դեռ երջանիկ չէին» համեմատ, այս տարվա առաջին եռամսյակում 245-ով ավելի մարդ է մահացել (մահերն առաջին եռամսյակում` 2017թ.՝ 7 827, 2018թ.՝ 7 128, 2019թ.՝ 7 373), իսկ անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ` այս տարվա առաջին եռամսյակում 255 ծնունդ պակաս է եղել (ծնունդները առաջին եռամսյակում` 2017թ.՝ 8 536, 2018թ.՝ 8 297, 2019թ.՝ 8 042)։

Բայց Փաշինյանը, որպես ձեռքբերում, մեկ այլ ժողովրդագրական ցուցանիշ կարող էր ներկայացնել, որ 100 փաստում չկար. հեղափոխական 2018 թվին 1506-ով քիչ մարդ է մահացել, քան 2017-ին։ Ինչո՞ւ չներկայացրեց, քանի որ մի փոքր բացատրության կարիք կունենար, թե ինչո՞ւ մահվան տվյալների կողքին ծնունդներինը չի ներկայացնում, որոնք նվազել են, հետևաբար` կառավարության կողմից հանրության «երջանկացման» մասին բան չեն ասում: Այսպես` հեղափոխական 2018-ին 1198-ով պակաս  ծնունդ է եղել` 2017-ի համեմատ (ծնվածներ` 2016թ.՝ 40 592, 2017 թ.` 37 700, 2018թ.՝ 36 502, մահեր՝ 2016թ.` 28 226, 2017 թ.` 27 157, 2018թ.` 25 645)։

 ***

Եթե վարչապետի ներկայացրած` «քաղաքացիների երջանկության» ցուցանիշները հերքվում են վիճակագրական տվյալները նայելիս,  ապա նրա  75-րդ «ձեռքբերումը», թե` «հետևողականորեն իրականացվել է դատական և գործադիր իշխանությունների տարանջատում և ապահովվել է դատարանի անկախ գործունեությունը, կառավարությունն առաջնորդվել է դատական համակարգի անկախության սկզբունքով՝ բացառելով հրահանգավորման որևէ մեխանիզմի կամ դրսևորման գոյությունը» ստուգելու կարիք չկա, ակնհայտ սուտ է, վկա` գաղտնալսված հեռախոսախոսակցությունները: Սա այնպիսի սուտ է, ինչպես գողության պահին բռնված գողն է ստում, թե ինքը չէր գողացողը։

Անցյալ տարվա հուլիսի 27-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց Մարտի 1-ի գործով` սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով: Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը նրան ազատեց կալանքից` Սահմանադրությամբ սահմանված` նախագահի անձեռնմխելիության հոդվածով, սակայն վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորեց նրան։ Նույն մեղադրանքը ներկայացվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին (գործը հարուցելուց հետո Հայաստանը նրան հետ կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից), նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։ 10  ամիս ընթացող նախաքննությունից հետո գործը հանձնվել է դատարան, և դատավարությունը կսկսվի մայիսի 13-ին։

Անցյալ տարի հրապարակվեցին ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի, ապա ԱԱԾ տնօրենի ու վարչապետի գաղտնալսված հեռախոսազրույցները, որոնցից  հայտնի դարձավ, որ նրանց հրահանգավորմամբ են դատարանները Մարտի 1-ի գործով կալանքի սանկցիաներ տալիս կամ չեն տալիս։

Քանի որ Հայաստանն այն իրավական պետությունը չէ, որտեղ դատարաններին կարգադրելու համար վարչապետն ու ուժայինների ղեկավարները առնվազն պետք է հրաժարական տային, ուրեմն հակաիրավական վիճակը փաստելու միակ ձևը մնում է դատարանների կախվածությունը փաստող հեռախոսազրույցն անընդհատ մեջբերելը:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասում է. «Մի խոսքով` դատավորը, ով որ կալանքը պիտի տա: Դրան ասել եմ՝ դուխով: Բա մի հատ հիմքերը պետք ա նայեմ, պարո'ն Վանեցյան, էս կողմ, էն կողմ: Ասի՝ նայի հիմքերը, կզանգես, բայց կալանքը ասի՝ ուզես-չուզես պիտի տաս»:

Ապա իմանում ենք, որ վարչապետ Փաշինյանը հրահանգավորել է կալանավորել նաև ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին, և միայն Ռուսաստանի պաշտոնյաների անհանգստության շնորհիվ դա տեղի չի ունեցել: Վանեցյանն ասում է. «Ախպե'ր, խնդրում եմ, մի հատ Խաչատուրովինը շատ ուշադիր նայի: Չնայած վարչապետն ասում ա` փակեք, բայց ռուսները … ճղում են»:

Գաղտնալսված մյուս ձայնագրության մեջ ԱԱԾ տնօրենը վարչապետին ասում է, որ Քոչարյանին դատարանը կկալանավորի, և ստանում է համաձայնություն, որ Խաչատուրովին չկալանավորեն։

Վանեցյան. «Էդ Խաչատուրովին, որ տանենք կալանքի, մի հատ մտածել ա պետք էլի, ինքը ՕԴԿԲ-ի գլխավոր քարտուղարն ա, էտի մի հատ ռուսների հետ, կարծում եմ, պրոբլեմ ենք տալու, էլի»:

Փաշինյան. «Հա, իրանը հետաձգեք, մինչև ես խոսամ»:

Ապա` Փաշինյան. «Իսկ Քոչարյանի հետ կապված ի՞նչ կա, ի՞նչ նորություն կա»:

Վանեցյան. «Քոչարյանի հետ կապված դատարանում հլը լսում են, հեսա կտան բանը, Քոչարյանը կլինի»:

Անկախության տարիներին  Հայաստանի և, ընդհանրապես, ամեն երկրի ժողովրդավարության գլխավոր  խոչընդոտը եղել է դատարանների կախվածությունը գործադիր իշխանությունից։ 2018 թվի փոփոխությունները հեղափոխություն կարելի էր անվանել հենց միայն այն դեպքում, եթե դատարաններն անկախ դառնային, սակայն գաղտնալսված հեռախոսազրույցները ցրեցին դատարանների անկախության պատրանքները։ Ավելին` դատական և փաստաբանական համակարգի հետ առնչություն ունեցող բարեկամս ասում է, որ մինչ հեղափոխությունը դատարանները գնալով ավելի անկախ էին դառնում, բայց հեղափոխությունից հետո լրիվ խորտակվեցին դատարանների անկախության ձեռքբերումները, և որ ավելի բիրտ միջամտություն դատարաններին վաղուց չէր եղել։

Ինչո՞վ է տարբերվում Փաշինյանն իր նախորդներից: Առնվազն նրանով, որ, ի տարբերություն նախորդ ղեկավարների, բռնվել է դատարաններին հրահանգելու հանցանքի մեջ, որի ֆոնին արդեն փլվում է որպես ձեռքբերում ներկայացված` նրա հաջորդ՝ 76-րդ պնդումը. «Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ և քաղաքական հալածյալներ»։

Հայաստանի այդ ո՞ր ղեկավարն է ասել, թե երկրում քաղբանտարկյալ կա, և ընդհանրապես, կա՞ մի երկրի ղեկավար, որ խոստովանի, թե իր երկրում քաղբանտարկյալներ կան։ Չկա։ Քաղբանտարկյալների գոյության մասին փաստում են ոչ թե ղեկավարները, այլ ուրիշները՝ մամուլը, իրավապաշտպանները և այլն։ Բայց նաև չգիտեմ, թե որ ղեկավարն է վերջին անգամ իր ձեռքբերումների մեջ թվարկել, թե երկրում քաղբանտարկյալներ չկան։ Միայն հեռախոսազրույցը բավական է փաստելու համար, որ  նա, ում Փաշինյանի հրահանգով կալանավորել են, հետհեղափոխական Հայաստանի առաջին քաղբանտարկյալն է, իսկ նույն գործով մյուս անձինք էլ` քաղաքական հալածյալներ։

 Վահան Իշխանյան